Նորաձևությունը որպես սոցիալական երևույթ
Դասախոսություն՝ Ազգային գրադարանում
Ազգային գրադարանի դահլիճում երեկ կայացած դասախոսությունը անդրադարձ էր նորաձևության պատմությանը։ «Նորաձևությունը որպես սոցիալական երևույթ». այսպես էր վերնագրել իր ելույթը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Նունե Աղբալյանը։ Հագուստը որպես մարդու կեցության կարևոր բաղադրիչ և դրա կիրառական և այլ նշանակությունների մասին խոսվեց ըստ տարբեր դարաշրջանների՝ սկսած եգիպտական, հունահռոմեական շրջաններից մինչև 20-րդ դարի սկզբները։
Ներկայացվեց հագուստի՝ նորաձևության փոփոխությունները որպես անմիջական հետևանք սոցիումի ներսում կատարվող տարբեր երևույթների՝ տնտեսական, քաղաքական, գաղափարական-կրոնական շարժումներ, իրադարձություններ, ինչպես օրինակ՝ հեղափոխություններ, պատերազմներ, տնտեսության ինդուստրիացիա և այլն։
Նորաձևության պատմական ընթացքը ներկայացնելու գեղեցիկ ձև էր ընտրված, վուշե նուրբ կտավին պատկերված հիշյալ ժամանակաշրջանի հագուստի ձևերի և դրանց տարբեր դետալների ու խորհրդանշանների։ Յուրաքանչյուր շրջան ներկայացվեց հասարակական կարգի ու կյանքի մասին պատկերացումների հիմնական առանձնահատկություններով և դրանցով պայմանավորված հագուստի փոփոխություններով։
Ինչպես է արտահայտվել դա հին Եգիպտոսում՝ կրոնական պատկերացումներից ու պաշտամունքային արարողություններից կախված, ինչ գործվածք է օգտագործվել, օրինակ՝ վուշը և դրա հատկությունները, առավելությունները։
Ապա՝ հունահռոմեական մշակույթի բերած նորություններն այս բնագավառում, հագուստի կտրվածքի նոր ձևեր՝ ուսային հագուստ՝ վուշի կամ բամբակի, ծովային կենդանիներից ստացվող թանկարժեք պուրպուրը, որը կրելը ցուցիչ էր անձի ազնվական ծագման։ Միջնադարն իր փիլիսոփայությամբ, աստվածակենտրոն ուղղությամբ, հայացքը դեպի երկինք, մարդկային կյանքի իմաստի միանշանակությամբ, ինչն ուղղակիորեն մուտք է գործել կյանք, կենցաղի բոլոր մակարդակներ և իհարկե ազդել հագուստի վրա՝ ընդամենը ծառայելով որպես մարմինը ծածկող, պարուրող իր՝ փակ ու զուսպ ձևերով, միատոն մուգ գույներով։
Հաջորդող ժամանակաշրջանը Վերածննդի՝ միանգամայն այլ պատկերացում ու վերաբերմունք բերեց կյանքին՝ մարդակենտրոն փիլիսոփայությամբ, մարդը հայտնվեց արվեստի կենտրոնում, և նորաձևությունը՝ համահունչ դրան։ Կարևորվեց տնտեսական-առևտրային կապերի աշխուժացումը, երբ Հեռավոր Արևելքի մշակույթի տարրեր փոխանցվեցին եվրոպական արևմուտք։ Մետաքսի ճանապարհով Հնդկաստանից Իտալիա, Վենետիկ էին փոխադրվում զանազան համեմունքներ, որոնք իրենց սննդային օգտակար նշանակություններով նաև հումք էին ծառայում նոր գործվածքների ստեղծման։ Այս շրջանում սկսվեց թավիշի, մաքուր մետաքսի գործածությունը։ Որպես շատ թանկ արժեցող ապրանք այն ցույց էր տալիս կրողի սոցիալական դիրքը հասարակության մեջ։ Հագուստը դառնում էր յուրատեսակ տեղեկատու կրողի ծագման, ունեցվածքի, անգամ անձնական կյանքի մասին, այսինքն հագուստի՝ որպես հասարակական շերտավորման միջոցի, ավելի արտահայտված էր դառնում։
Եվրոպական միապետության շրջանը աչքի է ընկել առավել ճոխություններով, հագուստի նոր տեսականիով, տաբատների, օձիքների, ժանյակների, կեղծամի գործածությամբ, մասնավորապես Նապոլեոնյան ժամանակներում, երբ թավիշի գործածությունը իսպառ դուրս մղվեց, փոխարինելու եկան կանացի մարմինը երևացնող նուրբ, թափանցիկ շիֆոնի տեսակներ, մուսլինը, ապա և որպես նորույթ գործածության մեջ մտան Եգիպտոսից բերված շալերը։ Տարածված էին տարբեր զարդարանքներով սանվածքներ, իրենց բազմանշանակությամբ հայտնի հովհարներ։
Նոր ժամանակների նորաձևությունը արտահայտեց արդյունաբերական հեղափոխության բերած փոփոխությունները , իսկ արդեն 20-րդ դարը հայտնի գաղափարական ու սոցիալական հեղափոխություններով, համաշխարային երկու պատերազմներով միանգամայն փոխեց հագուստի նկատմամբ հին պատկերացումները, երբ հայտնվեցին նորարարական ուղղություններ, դպրոցներ, իրենց առանձնահատուկ ոճերով՝ ժամանակին համահունչ, պրակտիկ և իհարկե՝ ազատ։ Բայց ինչպես ընդունված է ասել, այստեղ էլ՝ ամեն նոր բան, մոռացված հինն է…
Դասախոսության ավարտին ներկայացված սլայդ-շոուն տեղեկություններ էին տարբեր ժամանակների տղամարդկանց ու կանանց հագուստների առանձին տեսակների, լրացնող դետալների, աքսեսուարների մասին։ Եղան նաև հարցեր ու պատասխաններ։ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը գոհունակությամբ անդրադարձավ դասախոսության ընթացքին, շնորհակալությամբ՝ գրադարանին նվիրած գեղեցիկ պատկերազարդ աշխատանքների համար։ Նաև հետագա համագործակցության առաջարկ արեց բանախոսին, մասնավորապես՝ նորաձևության դերը ֆիլմարվեստում թեմայով, ինչին ելույթի ժամանակ երբեմն-երբեմն անդրադարձ էր անում Նունե Աղբալյանը։
Մելանյա Բադալյան
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջից