Անտոնինո Պերրոտտա. «Երևանն ամենահյուրընկալ քաղաքն է»
Իտալացի արվեստագետը հանդիպել է ՀԳՊԱ-ի ուսանողների հետ
Իտալացի արվեստագետ Անտոնինո Պերրոտտան՝ Ֆլորենցիայի պետական համալսարանի և Հռոմի Գեղարվեստի ակադեմիայի Գրաֆիկական արվեստ բաժնի շրջանավարտը, մարտի 16-ին ներկա է գտնվել ՀԳՊԱ-ում՝ Ուսանողների աջակցման կենտրոնի կողմից կազմակերպվող իտալերենի ֆակուլտատիվ դասընթացին, զրուցել ՀԳՊԱ-ի ուսանողների հետ։ Հանդիպման ժամանակ իտալերեն սովորող ուսանողները հնչեցրել են իրենց հետքրքրող մի շարք հարցեր, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև։
– Ո՞րն է Ձեր արվեստի գլխավոր ներշնչանքը։
– Վատ եղանակը, իմ վատ տրամադրությունը։
– Ի՞նչ է հարկավոր նկարիչ դառնալու համար։
– Շարունակ լինել փնտրտուքի մեջ, աշխատել և երբեք չդադարել ստեղծագործելը։ Ասեմ, որ ես ինձ կայացած նկարիչ չեմ համարում։
– Ինչպիսի՞ ներկեր եք օգտագործում Ձեր մուրալ արվեստում։
– Այստեղ ես օգտագործում եմ ակրիլային ներկեր, որոնք հրաշալի են և ջրակայուն։ Մինչդեռ Իտալիայում օգտագործել եմ ներկեր, որոնք թունավոր են, և օգտագործելիս պետք է անպայման դիմակով լինել։ Ի դեպ, քանակային հարաբերությամբ այստեղի ներկերը իտալականի 1/5 մասն են կազմում՝ միևնույն մակերեսը ծածկելու համար։
– Խոնավ կամ անձրևային եղանակը բացասաբար չի՞ ազդում գործի վրա։
– Բոլորովին։ Ավելին, պատը ջրով առավել հագեցված է լինում և ավելի դյուրին դարձնում աշխատանքը։
– Ո՞րն է Ձեր նախաձեռնած ամենամեծ մասշտաբի մուրալ գործը։
– 15 մ x 150 մ մակերես ունեցող պարսպաշար։
– Նախքան ՀԳՊԱ-ի պատին նկարելը, նկատեցինք, որ տառերի և թվերի տեսքով նշաններ եք անում, ի՞նչ նշանակություն ունեն դրանք։
– Դա մասշտաբը մեծացնելու նպատակով է արվում։ Ի տարբերություն դասական, վանդակներով մեծացման մեթոդի՝ այն ավելի դյուրին է դարձնում աշխատանքը։ Այդ նույն տեխնիկան օգտագործվում է նաև փոքր մակերես ունեցող կտավների համար։
– Որտե՞ղ կնախընտրեիք ստեղծագործել։
– Փարիզում։
– Կկիսվե՞ք այս կարճ ժամանակահատվածում Երևանից ստացած Ձեր տպավորությունների մասին:
– Այդ մասին հասցրել եմ խոսել նաև իտալացի ընկերներիս հետ և ասել, որ իմ տեսած քաղաքներից ամենահյուրընկալը և ամենակազմակերպվածն է։