Ծննդյան օրվա գեղեցիկ նվեր Կարեն Գասպարյանին
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, գեղանկարիչ Կարեն Գասպարյանի ցուցահանդեսը բացվեց «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցարահում, երեկ։ Առաջին անհատական ցուցահանդեսն էր նրա՝ ստեղծագործական տարբեր շրջանների աշխատանքների ցուցադրությամբ, որոնց հիմնական մասը բնանկարներ են, գյուղական, քաղաքային պատկերներ, անդրադարձներ պատմական թեմատիկային՝ ճակատամարտի, ռազմի տեսարաններով, դիմադրության շարժումներ։ Նրա նկարչությունը 20-րդ դարի հայկական գեղանկարչական ավանդույթների հարազատ շարունակություն է, հայկական միջավայրին բնորոշ կոլորիտային արտահայտություններով, վայրեր, որ մոտ են նկարչին, ու տաք շունչ կա այնտեղ, ինչպես Շորժան է, Սևանը կամ Բջնին, Երևանը, հին քաղաքը՝ բակային բնորոշ տեսարանով, Կոնդ թաղամասով, այդ շրջանի արվեստագետ մարդկանց սիրելի հավաքատեղի «Կազիրոկ» սրճարանով, Դալմայի այգիներով, թթենիով։
Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները բավականին շատ են եղել, ընտրությունը հեշտ չի կատարվել։ Նկարիչն ասում է, որ մտադրված չէր ցուցահանդեսի բացման, սակայն կնոջ` նույնպես նկարիչ, հաճախակի արված հորդորանքներին է տեղի տվել, և ցուցահանդեսը նվիրեց նրան։ Ցուցասրահի մուտքի աջակողմյան պատի առաջին նկարը կոչվում է «Կնոջ դիմանկար», որով և սկսվում է ցուցադրությունը։
Արամ Իսաբեկյանի խոսքի մտերմիկ շեշտը տարիների ջերմություն ուներ. «Ինքը մի անգամ ինձ խոստովանեց, որ իմ հոր արվեստը սիրել է, ձիերը ոգևորել են իրեն, և սա դրական բան է, բայց արվեստագետը իր ճանապարհը պիտի գտնի. կարևորը, որ Կարեն Գասպարյանի աշխատանքները չեն շփոթվի ուրիշների հետ, ճակատամարտի տեսարանները, ձիերը ռոմանտիկ ձևով արված սիրելի են բոլորիս»։
Բարեմաղթանքի, շնորհավորանքի խոսեր ասացին Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը։
Ցուցահանդեսի բացման օրը համընկեցվել էր նկարչի ծննդյան օրվա հետ։ Անակնկալը՝ որդու՝ ՀԳՊԱ-ի Գծանկարչության և գունանկարչության ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանի մատուցած նվերն էր՝ հոր աշխատանքների համահավաք ալբոմի, որի առաջին և առայժմ միակ տպագիր օրինակը նա հանձնեց նկարչին։ Երկար տարիների աշխատանքը, բնանկարի, ձիերի, ճակատամարտերի շարքեր, մերկեր, նատյուրմորտներ, այս ամենը զետեղված մեկ ալբոմում՝ լազերային տպագրությամբ, ստացած որպես նվեր, որի համար Վահե Գասպարյանը շնորհակալություն հայտնեց «Կիլիկյան պրինտ» տպագրատան տնօրեն Արտակ Կիլիկյանին, կատալոգի առաջաբանի հեղինակ, արվեստաբան Ժենյա Քալանթարյանին, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հարություն Մարությանին և աշխատակիցներին՝ անգլերեն տեքստի թարգմանության, հայերենի խմբագրման-սրբագրական աշխատանքների համար։ Ալբոմի՝ իր հեղինակած տեքստի գիտական տարբերակը կհրատարակվի ակադեմիայի տարեգրքում։
«Մեր ընտանիքի համար սա տոն է՝ նրա առաջին անհատական այս ցուցահանդեսը ստեղծագործական այսքան երկար տարիների ընթացքի։ Էլի կան այսպիսի նկարիչներ, որոնք չեն ցուցադրվում, հանրությանը ծանոթ չեն։ Բայց արվեստանոց ես մտնում, տեսնում ես ֆանտաստիկ աշխարհ, ու մարդիկ չգիտեն, տեղյակ չեն, թե ինչ է կատարվում այս իրականության կողքին, որտեղ արվեստի իրականությունն է, արվեստի աշխարհը։ Մինչդեռ կարևոր է, որ մարդիկ տեսնեն, շփվեն արվեստի հետ և այս ցուցահանդեսը դրա արտահայտությունն է»,- այսպես է գնահատում ցուցադրության նպատակը Վահե Գասպարյանը։
Մելանյա Բադալյան