ՀԳՊԱ-ում կայացավ Էրազմուսի հաշվետու ժողովը
2023-ի մարտի 16-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ հաշվետու ժողով, որն իրենից ներկայացնում էր գործող միջազգային շարժունության ծրագրին մասնակցած ուսանողների և դասախոսների հաշվետվություն՝ շնորհանդեսի տեսքով։
ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժինը, դեռևս 2008-ից համագործակցության պայմանագրեր է կնքել եվրոպական երկրներում գործող արվեստի բարձրագույն հաստատությունների հետ, որի շրջանակներում իրականացվել են ուսանողների փոխանակում, վարչական աշխատակազմի այցեր, երկկողմանի փոխանակումներ, կազմակերպվել են բուհերի միջև աշխատաժողովներ, ցուցահանդեսներ։ Սակայն այս ամենին եկավ համալրելու Էրազմուս+ շարժունության ծրագիրը, որի առավելությունն է ունենալ ֆինանսավում եվրոմիության կողմից, և որը լայն հնարավորություն է ընձեռում երիտասարդներին իրականացնել իրենց ուսման մեկ հատվածը Եվրոպայում։
Այս հրաշալի ծրագիրը 2017-ին ի վերջո հասավ ՀԳՊԱ, մեծ ջանքեր ներդրվեցին որպեսզի Էրազմուսը տեղ գտնի արվեստի աշխարհում, փոքր քայլերով սկսեց աճել ֆինանսավորումը ի նպաստ ուսանողների փոխանակման, այս ամենին նպաստեց ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժնի հետևողական, համառ աշխատանքը, որպեսզի ավելի ու ավելի ընդլայնվեն մասշտաբները, ընգրկելով նոր հաստատություններ և նոր պայմանագրեր։
Եվ 2023-ի մարտի 16-ի հանդիպումը վերաբերում էր 2022-ի ուսանողների, դասախոսների փոխանակման և շարժունության ծրագրի արդյունքներին, ուսանողների կրթամշակութային տպավորություններին։ Հանդիպմանը ներկա էին Էրազմուս+ շարժունության ծրագրի հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կարլովան, ՀԳՊԱ-ի տարբեր ֆակուլտետների ուսանողներ, դասախոսներ, (Արթուր Հովհաննիսյան, Զաքար Դեմիրճյան, Մերի Ղազարյան, Լուսինե Համբարձումյան, Գայանե Պողոսյան, Անի Ենոքյան, Գուրգեն Վաչյան, Նանա Արամյան, Արթուր Աթայան), որոնք Էրազմուսի շրջանակներում եղել են Եվրոպական երկրներում, ներկայացրել են ակադեմիան և կարդացել են դասախոսություններ իրենց մասնագիտական թեմաների վերաբերյալ։ Ներկա էին ամբիոնի վարիչներ, ի դեմս Հագուստի մոդելավորման և համակարգչային գրաֆիկայի ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանի և Գծանկարչության ու գունանկարչության ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանի։
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժնի ղեկավար Մերի Պատվականյանը, ոից հետո Էրազմուսի առավելությունները և արդյունավետությունը ներկայացրեց ծրագրի հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կարլովան, լրացրեց ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը։ Այնուհետև խոսքը տրվեց այն ուսանողներին, որոնք 2022-ի ընթացքում Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում կիսամյակային կրթությունները ստացել էին արտասահմանյան երկրներում։ Առաջինը հանդես եկան Հունգարիայի Կարոյ Էստերհազիի անվան Կաթոլիկ համալսարան մեկնած Ծովինար Մուրադյանը և Աստղիկ Գրիգորյանը, հաջորդեցին ռումինիական Կլուժ-Նապոկա քաղաքի Արվեստի և դիզայնի համալսարան մեկնած Սյուզան Գրիգորյանը, Մուշեղ Հակոբյանը և Մանե Մելիքյանը։ Այնուհետև խոսեցին Ավստրիայի Լինցի կաթոլիկ համալսարան մեկնած ապագա արվեստաբաններ Եվգենիա Բալայանն ու Նանե Դավթյանը։ Իրենց տպավորությունների մասին խոսեցին նաև Էրազմուս+ շարժունության ծրագրի ֆինանսավորմամբ Հունգարիա մեկնած դասախոսներ Արթուր Հովհաննիսյանը, Նանա Արամյանը, Ռումինիա մեկնած Գայանե Պողոսյանը, Գուրգեն Վաչյանը, Անի Ենոքյանը, Լեհաստանի Կրակով քաղաքի Մատեյկոյի անվան ակադեմիա մեկնած Զաքար Դեմիրճյանը, Բոլոնիայի համալսարան մեկնած Արթուր Աթայանը, Ավստրիայի Լինցի կաթոլիկ համալսարան մեկնած Մերի Ղազարյանը։
Բացի Էրազմուս+ շարժունության ծրագրից, փոխանակում իրականացրեցին և իրենց պրեզենտացիաներով հանդես եկան Ֆրանսիայի Մարսելի Արվեստի և դիզայի բարձրագույն դպրոց մեկնած Կարապետ Հաջի-Ասլանյանը և Խաչիկ Դավթյանը, Սանկտ-Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա մեկնած Լիլիթ Մնացականյանը և Դավիթ Սահակյանը։
Վերոհիշյալ մասնակիցները ներկայացրեցին իրենց տպավորությունները կրթական, մշակութային, սոցիալական, դասավանդման նմանությունների ու տարբերությունների վերաբերյալ, առարկաների առանձնահատկությունները, խոսեցին առավելությունների մասին։ Շատ հագեցած հանդիպում կայացավ, ինտերակտիվ միջավայր ստեղծվեց ուսանողների և դասախոսների միջև։ Այն հարցին, թե ինչ տվեց փոխանակումը, պատասխանը շատ չուշացավ․ «շատ բան»։
Այս ճանապարհորդության արդյունավետությունը կայանում է գիտելիքների լրացման, նոր ձեռքբերումների, նոր հմտությոնների, ինքնաճանաչողության, ինքնահաստատման, արժեվորման արժեքների վրա։
Ինչպես տեսնում եք երիտասարդին կտրել իր առօրյայից և ուղարկել մի այլ աշխարհ, նրանք սովորում են նախ և առաջ հաղթահարել լեզվական խոչընդոտները, սոցիալական տարբերությունները, զանազանել կրթական և մշակութային տարբերություններն ու նմանությունները, ձեռք բերել նոր ընկերներ, որը ևս հարստացնում է իրենց կենսագործունեության մակարդակը, գնահատել առանձանահատկությունները ու հասկանալ իրենց թույլ ու ուժեղ կողմերը։
Այսուհետ պարբերաբար կկայանան նման հաշվետու ժողովներ ակադեմիայի աշխատակիցների, դասախոսների, ուսանողների համար, նաև մեկնող ուսանողները կսովորեն ներկայացնել իրենց գործունեությունն ու փորձը կիսելով ակադեմիայի ուսանողների հետ և գաղափարապես հարստացնելով իրենց ընկերներին, հանդես գալով նոր առաջարկներով։
Նյութը պատրաստեց Մերի Պատվականյանը
Արտաքին կապերի բաժին