Արժանի մեծարանք՝ արժանավոր գիտնականին, մանկավարժին, մարդուն
80-ամյա կյանքի ճանապարհը՝ արվեստաբանի, մանկավարժի, նկարչի, բանաստեղծի վաղուց իրեն հայտնի է դարձրել, բացահայտել ուղղությունը, բնույթը, ստացել ճանաչում և արժևորում։ Վիգեն Ղազարարյանը հայ ներկա իրականության բացառիկ արժեքավոր անհատներից է, իր գործի նվիրյալը՝ տասնյակ հիմնարար աշխատություններով, գիտական ուսումնասիրություններով ու հոդվածներով լուրջ ներդրում կատարած հայ կերպարվեստագիտության մեջ, կրթական ասպարեզում՝ մանկավարժական գործունեությամբ ու նաև որպես մտածող-ստեղծագործող, արվեստագետ՝ ինքնատիպ, հետաքրքիր։ Բառի և գույնի տիրույթում նա կարծես մենախոսում է, զրուցում ինքն իր հետ՝ անցնելով ինքնաճանաչողության, թերևս, ամենագտնված ու արդյունավոր ճանապարհով…
Պատկառելի տարիքի այս ճանապարհը առիթ է վերստին գնահատելու այն, և գնահատման առաջին խոսքը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում իր կյանքի մեծ մասն ապրող, այդ հաստատության հիրավի նվիրյալ, ավելի քան 25 տարի ղեկավարած Արամ Իսաբեկյանինն էր, որ կարծես խորհրդանշական հանգամանք ունի պահապանի և ամենից լավ ինքը գիտի նրա գիտական ու մանկավարժական գործունեության կերպը, ուղին։ Վիգեն Ղազարյանը երեք և ավելի տասնամյակ դասավանդել է ՀԳՊԱ-ում, ղեկավարել արվեստագիտության ամբիոնը։ Միաժամանակ նա ղեկավարել և մինչև օրս շարունակում է ԳԱ Արվեստի ինստիտուտի կերպարվեստագիտության բաժնի ղեկավարի աշխատանքը։ Արամ Իսաբեկյանը, ինչպես և հինգ տարի առաջ նրա 75-ամյա հոբելյանի իր խոսքում մասնավորապես ընդգծված առանձնացրեց Վիգեն Ղազարյանի՝ թերևս իր համար ամենակարևոր՝ արդար ապրելու, արդարամտության հատկանիշը, իհարկե լավ մանկավարժի, արվեստաբան-գիտնականի, ընկերոջ, ընտանիքի հոր, շնորհակալ լինելու խորը զգացումով օժտված մարդու բարձր որակները նույնպես։ Նա կրկին երախտիքի խոսքեր ուղղեց հոբելյարին ժամանակին իր ալբոմի առիթով կատարած արվեստաբանական ուսումնասիրության համար։ Իսաբեկյանի հայտնի դիմանկարների շարքում իր արժանի տեղն ունի Վիգեն Ղազարյանի պորտրետը, որն ամիսներ առաջ նկարիչը նվիրեց Հայաստանի Ազգային պատկերասրահին, սակայն իր մոտ էր պահպանվում գծանկար աշխատանքը, որն էլ դարձավ հոբելյանական գեղեցիկ նվեր։
Գիտության, արվեստի աշխարհի մարդուն ճանաչելի դարձնում է իր միջավայրը և բնականաբար գնահատման, շնորհավորանքի ուղերձներն էլ այդտեղից եղան։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կոլեկտիվի, ուսանողների շնորհավորանքի ուղերձը հնչեցրեց Արվեստաբանության ամբիոնի վարիչ Քնարիկ Ավետիսյանը՝ նրա վաստակը արժևորող խոսքով, հայ կերպարվեստի ուսումնասիրման մեջ ունեցած ներդրման, մանկավարժական գործունեության, գիտական կադրերի պատրաստման համար. 30-ից ավելի ատենախոսությունների ղեկավար է նա եղել, երախտագիտությամբ հիշեց նաև իրեն, և իհարկե՝ որպես պատվախնդիր, առաքինի, իմաստուն մարդու։ Իր առանձին երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց Արվեստաբանության բաժնի առաջին ուսանող-շրջանավարտներից Նազենի Ղարիբյանը։
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, լինելով ակադեմիայի ուսանող, բախտ է ունեցել լսել նրա դասախոսությունները, նրանից սովորել նաև կյանքի, ապրելու դասեր։ Նկարիչների միության ուղերձում նույնպես բարձր գնահատվեց Վիգեն Ղազարյանի գիտական վաստակը, հայ կերպարվեստը հանրայնացնելու, ճանաչելի դարձնելու գործում ունեցած ավանդը։ Ջերմ ու անմիջական խոսքեր ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը. «Ձեր գործի նկատմամբ կա սեր, կա հարգանք, կա ակնածանք։ Դուք թույլ չեք տալիս, որ ձեր խոսքի, գործի մեջ ավելորդություններ մտնեն»։ Եվ իհարկե նրա գիտական ծանրակշիռ գործունեության ամփոփ նկարագրությունը և գնահատականը տրվեց Արվեստի ինստիտուտի կողմից հնչած ուղերձում՝ տնօրեն Աննա Ասատրյանի ներկայացմամբ։
Հիշատակելով Վիգեն Ղազարյանի հիմնարար աշխատությունները՝ «Սարգիս Պիծակ», «Սյուժետային մանրանկարները Կիլիկիայում, «Խորանների մեկնություն», «Հայ արվեստի պատմություն», «Հայ միջնադարյան կերպարվեստի պատմություն» (վերջին երկուսի համահեղինակ), նրան համարեց հայ միջնադարյան արվեստաբանության հիմնարար սյուներից մեկը, իհարկե շեշտելով նաև արդի հայ կերպարվեստագետների ուսումնասիրության մեջ ունեցած ներդրումը՝ Արշիլ Գորկի, Մարտիրոս Սարյան, Էդուարդ Իսաբեկյան, Կարեն Սմբատյան, Արամ Իսաբեկյան, Գագիկ Ղազարյան, Վաղարշակ Արամյան, Անդրանիկ Կիլիկյան և ուրիշներ։
Վիգեն Ղազարյանի գիտական վաստակը ըստ արժանվույն գնահատվեց ՀՀ Գիտությունների ակադեմիայի մեծարման գրով. այն ներկայացրեց ԳԱ քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։
«Թեև նա Մատենադարանում չի աշխատել, բայց նրա պրպտումների կենտրոնը Մատենադարանն է եղել»,- Մատենադարանի տնօրեն Կարեն Մաթևոսյանը Վիգեն Ղազարյանին համարեց լուռ մատենադարանցի: Տարիներ շարունակ նա միջնադարի հայ կերպարվեստի իր ուսումնասիրությունների նյութը որոնել ու գտել է հայ հին ձեռագիր մատյաններում։
Հոբելյանական օրվա խոսքին խոհուն, ինչու չէ նաև արտիստիկ, և կարելի է ասել աշխույժ ու վառ գույներ բերեցին մեր մշակութային կյանքում իրենց լրջագույն վաստակն ունեցած երկու անձինք՝ թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը և արվեստաբան Հրավարդ Հակոբյանը։ Վերջինս իր պատկառելի տարիքի բարձունքից հետաքրքիր կյանքային մի դիպվածով բավական աշխուժացրեց դահլիճը, կոտրելով մի փոքր ակադեմիականացված մթնոլորտը՝ բարձր արվեստի ու կյանքի մանր դետալների սահմանները խիստ մոտեցնելով։
Հենրիկ Հովհաննիսյանը, մեկ բառով յուրօրինակ, անհատական բնութագրումներ տալով անցյալի մեր հայտնի բանաստեղծներին, Վիգեն Ղազարյանի բանաստեղծական աշխարհի մեջ տեսնում է բացառիկ մի բան, այն ինչ չկա որևէ մեկի պոեզիայում՝ հեգնանք կամ ինքնահեգնանք։ Շատ գեղեցիկ խոսեց նաև նրա նկարչության մասին. գրում և նկարում է անկեցվածք, անբռնազբոս, անկեղծ, անհավակնոտ, այն ինչ աչքը տեսնում ու հոգին է զգում։
Մելանյա Բադալյան