Ձիեր՝ կարմիր աչքերով․․․
Հարություն Ավագյանի անհատական ցուցահանդեսում
«Նա աշխարհին նայող իր պատուհանն ունի, այդ պատուհանը խորհրդավոր է ու զուսպ»,- արվեստագետի մասին թերևս լավագույնը, որ կարելի է ասել․ Էդիկ Վարդանյանի խոսքն իր նախկին սան, ներկայում արդեն՝ կոլեգայի մասին է։ Հարություն Ավագյանը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացված իր անհատական ցուցահանդեսը խորագրել է «Վիճակ». հետաքրքրական բնորոշում՝ անվերնագիր նկարների։ Նկարաշարի հերոսը կենդանական աշխարհից թերևս ամենքին սիրելի ձին, ձիու կերպարն է, այնքան բազմազան իր դրսևորումների մեջ, որ սկզբում թվաց՝ տարբեր կենդանիներ են նկարներում։
Ինքը՝ նկարիչը, իմաստային հատուկ շեշտադրումներ չի արել, ասում է՝ հոգեբանական վիճակներ է պատկերել, մանկուց սիրել է ձիեր, իրենք ձիեր ունեցել են։ Հատուկ վերաբերմունք, էմոցիա փնտրել պետք չէ, ոչ էլ կենդանիների պաշտպանության ենթատեքստ։ Նկարները սակայն մի փոքր այլ բան են ասում և ավելի խոսուն են։ Կտավների մուգ տոնայնությունը, գույնի մեջ գույն տեսնելու զգացողությունը, կերպարի վիճակային անսովոր, երբեմն տարօրինակ փոփոխությունները՝ մերթ հանգիստ ու խոնարհ, մերթ հոգնած-խոհուն, կամ զայրացած, անսանձ ու կատաղի, անգամ վայրագ-փրփրած, դրամատիզմ են հաղորդում նկարաշարին։ Մեր աչքերը, որ սովոր են ձիերին տեսնել կատարյալ, մի տեսակ միօրինակ վիճակում՝ սլացիկ, գեղեցիկ վարգի մեջ, ասես երազային-երազկոտ, ուժեղ, այս նկարաշարը փոխում է դա, և տպավորությունները ցուցասրահը լքելուց հետո էլ երկար մնում են, ու դա կարևոր է։
«Ժամանակին, երբ այս ցուցասրահի մտահղացումն ունեի և իրագործվեց,- ասում է Արամ Իսաբեկյանը,- մտածում էի՝ ինչպիսին, ի՞նչ բնույթի լինի։ Իհարկե ուսանողները պիտի մասնակցեն, ցուցադրվեն, բայց մնացած ցուցահանդեսները ուզում էի լինեին որակյալ, էտալոնային։ Ահավասիկ այսօր նման մի ցուցահանդես է հիանալի նկարչի, որ փնտրում է ճանապարհներ, ոչ թե իրեն է փնտրում, որովհետև ինքը կայացած արվեստագետ է և ինչ էլ անի, լավ է անում, ամեն ինչի մեջ կա միտք, ներվ, այն ամենը ինչ նկարչի, նկարչության համար հրապուրիչ է՝ կտավի լուծում, կոմպոզիցիա։ Մաղթանքս է, որ երկար տարիներ ապրի ստեղծագործ մտքով և ունենա հաջողություններ»։
Էդիկ Վարդանյանը հիշեց իր նախկին ուսանողի դիպլոմային աշխատանքը և այդ առիթով այն ժամանակվա կերպարվեստի ամբիոնի վարիչի՝ գնահատության մեջ զուսպ, Անատոլի Պապյանի խոսքը․ «Գիտես, չէ՞, կայացած նկարիչ է»։ Հարություն Ավագյանի այդ աշխատանքը տարիներ շարունակ կախված է եղել ակադեմիայում՝ որպես լավագույն գործ։
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի նկարագրական խոսքում ներկայացվեց նկարչի հենց այն ստեղծագործական ներվը, ջիղը, որի մասին խոսեց Արամ Իսաբեկյանը, նրա ապրումներն ու հուզական վիճակները ստեղծագործելու, նկարը ստեղծելու պահերին։ Նա ակնարկեց նկարչի ջրաներկ աշխատանքների մի շարք և ցանկություն հայտնեց դրանց պարտադիր ցուցադրության։
Իհարկե ամենակարևորի՝ նկարչի մարդկային որակների մասին նույնպես խոսեց՝ «պատասխանատվություն ոչ միայն մարդկային հարաբերություններում, նաև իր արվեստի նկատմամբ», և՝ աշխատանքային, ուսանողների հետ ունեցած շփումներում։ Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը պատմեց, երբ Հարություն Ավագյանին հրավիրել է դասախոսելու, սկզբում ընդդիմացել է, ասել, որ ստեղծագործական ժամանակը, էներգիան չի կարող տրամադրել դասավանդմանը, մինչդեռ աշխատանքային տարիները ցույց տվեցին, որ դասավանդումը նույնպես ստեղծագործության մաս կարող է դարձնել։ Եվ ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանի խոսքը հաստատեց ասվածը. «Որպես դասախոս շատ լավ է աշխատում, սիրված է ուսանողներից, իսկական հայ, հայրենասեր, սկզբունքային մարդ»։
Մելանյա Բադալյան