Տպավորություններ ավստրիական համալսարանից
2022-ի սեպտեմբերից Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստաբանություն կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Նանե Դավթյանը և 4-րդ կուրսի ուսանողուհի Եվգենյա Բալայանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում մեկ կիսամյակ ուսանել են Ավստրիայի Լինց քաղաքի Կաթոլիկ համալսարանում։ Ներկայացնում ենք նրանց տպավորությունները բուհից, կրթական միջավայրից և եվրոպական ճանապարհորդությունից։
«Ավստրիայի Լինց քաղաք մեկնեցինք Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում։ Սովորում էինք Լինցի Կաթոլիկ համալսարանում։ Կիսամյակը լի էր նոր ծրագրերով, ճամփորդություններով և տպավորություններով։ Թեև համալսարանի ծրագիրը ոչ լիովին էր համապատասխանում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ծրագրին, ճամփորդությունները Եվրոպայի տարբեր երկրներով և համաշխարհային արվեստի կարևորագույն նմուշների բնօրինակների դիտումը ահռելի արժեք ունեցան մեր ապագա մասնագիտական կայացման մեջ։ Կաթոլիկ համալսարանը փիլիսոփայության ու թեոլոգիայի թեքումով էր։ Փիլիսոփայության դասերը չափազանց հետաքրքիր էին և բովանդակալից։
Էրազմուսի տրամադրած կրթաթոշակը հնարավորություն ընձեռնեց լինել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Իտալիան, Չեխիան, Նորվեգիան, Շվեդիան, Լեհաստանը և իհարկե ինքը՝ Ավստրիան։ Ճամփորդեցինք նաև Ավստրիայի բազմաթիվ քաղաքներով։ Այս բոլոր ճամփորդությունների արդյունքում ուսումնասիրեցինք հարյուրավոր բնօրինակ արվեստի գործեր։ Հեղինակների շարքում են Բրեյգելը, Բոսխը, Մեմլինգը, Դյուրերը,Կրանախը, Ռուբենսը, Բոտիչելին, Ռաֆայելը, Վելասկեսը, Կարավաջոն, Արչիմբոլդոն, Ռեմբրանդտը, Գոյան, Էլ Գրեկոն, Վան Եյքը, Վան Դեյքը, Դելակրուան, Դավիդը ինչպես նաեւՄանեն, Մոնեն, Ռեդոնը, Սեզանը, Վան Գոգը, Կլիմտը, Շիլեն, Ռոդենը, Գոգենը, Մատիսը, Վերմեերը, Պուսենը, Լորենը, Մունքը, Քլեն, Շագալը, Մուխան, Պիկասոն, Միրոն, Կանդինսկին, Մալեւիչը, Մոնդրիանը, Կոկոշկան, դե Քունինգը, Գորկին, Փոլոքը, Մագրիտը, Էրնստը, Մատան, դե Քիրիկոն, Ուորհոլը, Ռաուշենբերգը, Դյուշանը, Հեսսեն, Արփը, Բասկիան, Քիֆերը և բազում այլոք։ Մեծ պատիվ էր ներկա գտնվել Վենետիկի բիենալեի ցուցադրություններին։ Շնորհակալ ենք ՀԳՊԱ-ին նման հնարավորություն ընձեռնելու համար»։
Արտաքին կապերի բաժին