Տպավորություններ Կարոյ Էստերհազիի անվան համալսարանից
2022-ի նոյեմբերի 7-14-ը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս Նարինե Արամյանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում դասախոսությամբ հանդես եկավ Հունգարիայի Էգեր քաղաքի Կարոյ Էստերհազիի անվան համալսարանում։ Ստորև ներկայացնում ենք նրա տպավորությունները վերոնշյալ բուհից, քաղաքից և կրթական միջավայրից։
«Ընդհանուր առմամբ շատ դրական են տպավորություններս և քաղաքից,և համալսարանից ու հյուրընկալությունից։ Առաջին անգամ զգացի, որ իմ գիտելիքները գնահատվում են։ Սա մի հետաքրքիր փորձառություն էր ինձ համար, որի արդյունքում թեկուզ կարճ ժամանակով հնարավորություն ունեցա ուսումնասիրել հյուրընկալող հաստատության դասավանդման մեթոդները, կառուցվածքը, ծանոթանալ ուսանողադասախոսաական կազմի հետ, շփվել և փոխանակվել մտքերով:
Գողտրիկ ու գեղեցիկ քաղաք է Էգերը՝ Եվրոպական քաղաքներին բնորոշ գոթական ճարտարապետությամբ, հյուրընկալ ու սրտաբաց մարդկանցով։ Այցիս ընթացքում հանդես եկա «Սյուրռեալիզմը, մետաֆիզիկական տենդենցները հայկական և ռուսական ոչկոմֆորմիստական արվեստում» թեմայով դասախոսությամբ, որը բավական հագեցած էր և ինտերակտիվ։ Ինձ համար ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ հունգարական արվեստի պատմությունը և հայկական արվեստի պատմությունը բավական նմանություններ ունեն․ երկուսն էլ եղել են սոցիալիստական ռեժիմի ազդեցության տակ, կրել են արվեստի մեջ ինքնարտահայտման նույն դժվարությունները։ Հետաքրքիր էր դիտարկել այս զուգահեռները։
Հնարավորություն ունեցա նաև իմ հունգարացի կոլեգայի հետ մեկ օր դասավանդել գծանկարչություն առարկան, որը նույնպես հետաքրքիր էր։ Պետք է ասեմ, որ տպավորված եմ ուսանողների ոգևորությունից և աշխատասիրությունից։ Այնտեղ հանդիպեցի նաև ՀԳՊԱ-ի մեր երկու ուսանողի, որոնք տվյալ պահին նույն ծրագրի շրջանակներում մեկ կիսամյակով ուսանում են Կարոյ Էստերհազիի անվան համալսարանում»։
Արտաքին կապերի բաժին