Ժամանակակից արվեստի խնդիրները
«Քանդակագործության դերը ժամանակակից արվեստում» և «Քանդակագործության փոխներգործությունն այլ մեդիաների հետ» թեմաներով դասախոսություններ ունեցավ ՀԳՊԱ-ի քանդակագործության, արվեստաբանության բաժնի ուսանողների հետ ակադեմիայի նախկին սան Գուրգեն Պետրոսյանը։ 2010-ին ավարտելով քանդակագործության բաժինը՝ նա ուսումը շարունակել է Մոսկվայում, ցուցադրվել է տեղի ցուցասրահներում, թանգարաններում։ Բոլորովին վերջերս տեղափոխվելով Հայաստան՝ մտահղացել է ակադեմիայի հետ փորձի փոխանակման այսպիսի համագործակցության, որ բավական հաջող ընթացք ունեցավ և շարունակական է լինելու։
Ընդհանուր գծերով բնութագրելով քանդակագործության անցած փուլերը՝ անտիկ ժամանակներից մինչև ժամանակակից արվեստ՝ 19-րդ դարի սկզբներն ու կեսերը, երբ ձևավորվել սկսեց սալոնների կամ ցուցասրահների ինդուստրիան և հայտնվեցին նկարավաճառներն ու գալերիստները, ներկայացրեց արվեստի վրա դրանց թողած ազդեցությունները տարբեր ասպեկտներով. ինչպես այն կարող է սահմանափակել արվեստագետի ազատությունը, բայցև պատկերասրահների տարբեր ուղղվածությունները միաժամանակ նկարչին ընտրության հնարավորություն են թողնում։ Ասել է թե՝ հին ժամանակներից եկող պատվերային պրակտիկան փոխում էր իր ձևերը։
Ինչպե՞ս է սահմանվում և կամ ի՞նչ է ժամանակակից արվեստը հարցերի վրա էր բանախոսի հիմնական ուշադրությունը, որ ներկայացվեց արդի քանդակագործության երկու օրինակի միջոցով։ Ինչպե՞ս է արտահայտվում արվեստի՝ իր ժամանակի ոգու կրողը լինելու դերն այսօր և ինչով է բնութագրվում ժամանակը, որում մենք ապրում ենք, ինչպիսի՞ն է այդ արվեստի ազդեցությունը ժամանակակից մարդու, հասարակության վրա, նպաստո՞ւմ է արդյոք նրա էսթետիկական մտածողության, ճաշակի զարգացմանը, արդյոք մարդու և արվեստի միջև կապը այսօր ավելի խզված չէ, քան երբևէ։ Եվ արդյոք այս հարցերը հնացած չե՞ն։
Քանդակագործության ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանը մեր օրերը համեմատեց արվեստի պատմության սև տարիների հետ. այդպես բնութագրվում է Հռոմեական կայսրության փլուզումից մինչև Վերածննդի ժամանակաշրջանն ընկած արվեստը։ Ինչո՞ւ է նորից ակտուալ դարձել գեղեցիկը արվեստի թշնամին է բանաձևը, որն իրականում ծխածածկույթ է, արվեստը քանդելու, դեստրուկտիվ միջոց։
Որո՞նք են ժամանակակից քանդակագործության բնորոշ գծերը, ի՞նչ հիմնական ուղղություններով է այն ընթանում։ Քանդակագործության դասական նյութը՝ բրոնզը, մարմարը, քարը հնացած է համարվում, այն կիրառվում է, երբ դառնում է ընդհանուր կոնցեպցիայի մաս և որոշակի խնդիր է լուծում։ Փոխարենը օգտագործվում է պլաստիկան, սիլիկոնե ռեզինները, մետաղազոդումը, առաջ են գալիս նոր հնարանքներ՝ ցուցադրությունը ամենատարբեր ձևերով։ Առանձնացվեց երկու հիմնական ուղղություն՝ քանդակի համակցումը գիտության հետ, ժամանակակից գիտական էսթետիկայի մուտքը քանդակ, տեխնոլոգիաների միջոցով իհարկե և համադրումներ վիդեոարտի հետ։ Երկրորդ ուղղությունն է՝ դուրս գալ ցուցասրահի սահմաններից, մտնել հանրային տարածք, ծավալային խոշոր ընդգրկումներով։ Այդ ուղղության ամենանշանավոր գործը ԱՄՆ-ի Նևադա նահանգում, ընդարձակ բաց տարածքում ստեղծված ոչ ֆունկցիոնալ քաղաքն է՝ ճարտարապետական ձևերի մեջ, քանդակային տարրերով, մոտ 20֊30 ցուցասրահի չափսերի, որի նշանակությունը՝ մարդու հետ շփումի, փոխներգործության ավելի լայն հնարավորությունն է։ Այս կոնտեքստում անդրադարձ արվեց արվեստում կիրառվող իմիտացիա հասկացության հետ, երբ արվեստագետը խաղում է դիտողի ընկալումների վրա՝ ստեղծելով մտապատրանքներ, տարբեր ասոցացիաներ առաջացնելով։
Հաջորդ օրինակը բրիտանական ժամանակակից քանդակագործությունից ազգությամբ հնդիկ արվեստագետի մի գործ էր՝ արված քաղաքային միջավայրում, դարձյալ խոշոր ծավալների։ Հատուկ տեխոլոգիաներով սովորական պողպատի մշակումից ստացված հայելանման խիստ փայլեցված, ողորկ մակերեսները արտաքին աշխարհն իրենց մեջ յուրովի արտացոլելու, քաղաքային ռիթմին արձագանքելու նշանակություն են ստացել, որտեղ ներկա յուրաքանչյուրն իր սեփական արտացոլանքի ձևափոփոխությունները կարող է տեսնել։
Ժամանակակից արվեստի ամենաբնորոշ կողմը համարվում է կոնցեպտուալությունը, որն ապահովվում է հիմնագաղափարի բազմաշերտությամբ, կոդավորում մի քանի շերտով, հակառակ պարագայում այն վերածվում է պլակատի։ Այսպիսին կարող է համարվել նաև արվեստի յուրաքանչյուր գործ, երբ այն դառնում է քաղաքական ակտիվիզմի գործիք՝ տարբերվող իհարկե քաղաքական թեմաներ արծարծելուց։ Երբ դուրս է գալիս որոշակի սահմաններից, այն դառնում է պրիմիտիվ, պլակատային։
Խոսվեց նաև քանդակի և ոչ քանդակի սահմանների մասին, «հնարավոր է՝ լինի քանդակ, բայց բովանդակությամբ այլ խնդիրներ լուծի»։ Արվեստի հիմնական՝ ձևի ու բովանդակության փոխհարաբերություններում «Այսօր բովանդակությունը իշխում է ձևին, երբ արվեստում ձևն է համարվել առաջնային»,- ասում է Գուրգեն Պետրոսյանը։ Վերջապես, թե ո՞րն է ժամանակակից արվեստի դերը հասարակության կյանքում, ունի՞ այն էսթետիկական կամ որևէ այլ ազդեցություն, այս հարցերն ունեցան մեկ պատասխան․ «Ժամանակակից արվեստը խոսում է այլ լեզվով, դրանք (հինը և նորը) խոսում են տարբեր լեզուներով»։
Երրորդ հանդիպումը պրակտիկ բնույթ է կրելու․ Գուրգեն Պետրոսյանն առաջարկեց ընտրել մահվան թեման, ինչպե՞ս կարող է ժամանակակից արվեստում մահն արտահայտվել, տարբերությամբ, օրինակ՝ մոդեռնիզմի (պարզվեց այս թեման, որն ավելի փիլիսոփայական է ենթատեքստում, ակտուալ է նաև այսօրվա արվեստում)։ Ի դեպ, Գուրգեն Պետրոսյանը վերջին տարիներին ուսումնասիրում է փիլիսոփայություն և արվեստի տեսություն։
Իհարկե անդրադարձ եղավ Հայաստանում ժամանակակից արվեստի վիճակին, դրա արտահայտությունների ու հնարավորությունների սահմանափակ լինելուն, մարգինալացմանը, թույլ զարգացմանը, եղածի, հիմնականում՝ պարզ նմանակումներին։ Նաև մշակույթի հանդեպ պետության վերաբերմունքին, անտարբերությանը՝ իհարկե մասնավոր հատվածի նույնպես։ Պետության դերը, ինչպես դրսի օրինակների վրա ցույց տրվեց, միջավայրի ստեղծումն է, ինչպես՝ խոշոր ընկերությունների, կորպորացիաների՝ արվեստի տարբեր պրոյեկտների մեջ ներդրումներ անելու միջոցով հարկերից ազատում, որի հետևանքով բնականաբար ներդրումը դառնում է շահավետ։ Մեզանում իսպառ սա բացակայում է, չկան նման օրենքներ։
Ծավալված դիսկուրսը չէր կարող շրջանցել հասարակության դաստիարակության՝ ճաշակի ներարկում ամենափոքր հասակից և իհարկե ազատության թեմաները։ Մարդու համար ամենակարևոր՝ ազատության գաղափարի երկու ճանապարհ նշվեց․ ստանալ այն պայքարի միջոցով, և մյուսը, որ թերևս հոգևոր, կրոնական ենթատեքստ է կրում՝ «Ազատությունը քո մեջ է» ձևակերպումն էր։
Ինչ վերաբերվում է հնչած այն հարցին, թե ո՞րն է Գեղարվեստի ակադեմիայի դերն այս ամենում, Գարեգին Դավթյանի խոսքը համոզիչ էր ու տպավորիչ․ «Մենք պետք է այդ կրակը կարողանանք պահել․ եթե մարեց, այլևս չենք կարողանալու վերականգնել, նոր ավանդույթներ ստեղծել հնարավոր չի լինելու։ Մեր պրոֆեսորադասախոսական կազմը չնչին կոպեկներով հերոսաբար աշխատում է, որ պահպանի, չմարի այդ կրակը։ Այսպիսի սուղ միջոցներով, լծակներով մենք պահպանելու դեր պիտի կատարենք և անում ենք»։ Գարեգին Դավթյանը, որ ժամանակին դասախոսել է Գուրգեն Պետրոսյանին, այս հանդիպումները համարեց կարծրացած վիճակներից դուրս գալու միջոց, դասապրոցեսի արդյունավետ շարունակություն․ «Սառույցը շարժվեց»,- ասաց նա։
Մելանյա Բադալյան