Նունե Աղբալյանի հավաքածուի ցուցադրությունը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում
Հավաքածուորդությունը հետաքրքիր զբաղմունք է, իրերի աշխարհին, դրանց առանձին տեսակներին հետևողական, սևեռուն վերաբերմունք` մասնագիտության հետ գուցե կապված, գուցե բոլորովին անկախ։ Հետաքրքրականը, որ հին իրերի հավաքածուներն օրինակ, խորհրդավորության քողով են պատված ասես, այս նույն զգացողությունը կա նաև տիկնիկների դեպքում, արվեստի հավաքածուները տարբեր են ու գրավիչ, սակայն դրանց բոլորին հատուկ է գաղտնիության հմայք, մի տեսակ մարդուց հեռու մի բան, թերևս իրերի աշխարհին հայտնի միայն։
Հագուստի մոդելավորող, կտորի նախշազարդման մասնագետ Նունե Աղբալյանը՝ ՀԳՊԱ-ի հագուստի մոդելավորման ամբիոնի դասախոս, միշտ հատուկ սեր է ունեցել կանացի հագուստի ամենագրավիչ ու ամենատարածված աքսեսուարներից մեկի՝ շարֆերի հանդեպ։ Երիտասարդ տարիքից՝ Մոսկվայի տեքստիլ ինստիտուտում սովորելու տարիներից և հետո էլ՝ ցուցահանդեսներ ունենալու և այլ առիթներով տարբեր երկրներ ճամփորդելիս, գնել է ամենատարբեր շարֆեր. ուշադրությունը գրավել է նախևառաջ դիզայնը։ Տարիների ընթացքում այս սովորությունը վերածվել է հավաքածուորդի հետաքրքրության։ Ավելի քան 500 շարֆերից և 400 մատնոցներից կազմված այսօրվա նրա հավաքածուն ունի 30 տարվա պատմություն։ Այս իրերը նա ձեռք է բերել աշխարհի տարբեր քաղաքներից։ Դրանց մեջ հատուկ առանձնացված թեմաներ ևս կան՝ ինչպես աշխարհագրական, քաղաքային պատկերներով՝ Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի, Վենետիկի, Վիեննայի և այլ։ Իհարկե՝ այսօր լայնորեն կիրառվող՝ հագուստի, կենցաղային իրերի վրա հայտնի նկարիչների գործերի ձևավորումներով, ինչպես՝ «Արևածաղիկների»՝ Վան Գոգի և կամ Կլիմպտի «Համբույրի»։ Ցուցադրված շարֆերը հիմնականում մետաքսե գործվածքներ են՝ հայտնի բրենդների («Gucci», «Chanel», «Piere Gardin», «Chopard», «Missoni», «Hugo Boss»)։
Գունային բազմազանության ճաշակավոր համադրումներն ու քնքշությունը մետաքսի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, որտեղ թերևս առաջին նման ցուցադրությունն է, ստեղծել է թեթև, հաճելի մթնոլորտ։ Հավաքածուի ասիական շարֆերը ակնհայտ տարբերվում են արևմտյանից. ճապոնականը, թայլանդականը, չինականը և կամ հնդկականն ու վիետնամականը իրեց բնորոշ նախշազարդումներով, երանգավորումներով շատ գրավիչ են։ Դրանց մեջ նաև՝ 2008 թվականին Չինաստանում կայացած օլիմպիական խաղերի շարֆ-հուշանվերը։ Ասում է՝ ծանոթներս գիտեն, որ շարֆերի, մատնոցների հավաքածու ունեմ, նվիրում են։ Հետաքրքիր է նաև մատնոցների հավաքածուն, ներկայացված է, իհարկե, մի մասը՝ դարձյալ տարբեր երկրներից գնված (Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ), դրանց հայտնի խորհրդանիշ-պատկերներով։ «Սա հիվանդության պես բան է,- ասում է Նունեն,- տարիների ընթացքում նույնիսկ մոլուցքի է վերածվում»։
Բայցև այսպիսի ցուցադրությունը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ունի ուսուցողական, ճանաչողական նպատակ, նաև ուսանողների հետաքրքրությունը շարժող։ «Սա հարթության ձևավորման տեսակ է։ Սրանց օրինակով ցույց եմ տալիս՝ ինչպես նման ֆորմաների վրա ձևավորումներ անել, երևակայություն բանեցնել, ընտրելով տարբեր թեմաներ, գունային համապատասխան համադրություններ անել, ճաշակ զարգացնել, անպայման էսթետիկական կողմին ուշադրություն դարձնել»։
Մելանյա Բադալյան