
Նվիրատվություն ՀԳՊԱ-ի գրադարանին
Շահեն Խաչատրյանի հիշատակին
Վաղուցվա ճշմարտություն է՝ մարդը գնում, իր գործն է մնում։ Մեր ժամանակներում, մեր կողքին ապրում ու ստեղծագործում են նվիրյալ մարդիկ, արվեստագետներ, գիտնականներ, ազգային գործիչներ, ու, չգիտես ինչպես, մարդկային հարաբերություններն այնպես են կառուցվել, որ նրանց արժեքը գնահատում, հասկանում ենք հատկապես, երբ հեռանում են կյանքից, երբ ոչինչ ետ բերել այլևս չենք կարող։ Միակը, որ մնում է՝ նրանց գործը հիշել, արժևորել, շարունակելն է։ Շահեն Խաչատրյանը նրանցից մեկն էր, հայ մշակույթի, կերպարվեստի հիրավի նվիրյալ։ Մեկ տարի առաջ, հոկտեմբերի 21-ին նա հեռացավ կյանքից. լուռ, անարձագանք․․․
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում օրեր առաջվա միջոցառումը հարգանքի տուրք էր նրա հիշատակին՝ յուրատեսակ, ինչպես իր ապրած կյանքն էր, ինչպես ինքը, երբ սիրում էր իր հրատարակած գրքերը շռայլորեն նվիրել արվեստի մարդկանց, արվեստը գնահատողներին, նույնիսկ՝ անծանոթներին։ Միջոցառման առիթը ընտանիքի՝ եղբոր որդու՝ Լևոն Խաչատրյանի որոշումն էր՝ հորեղբոր անձնական գրադարանի արվեստաբանական գրքերի մի մասը նվիրել ՀԳՊԱ-ի գրադարանին։ «Մտածեցի՝ ամենահարմար մշակույթի օջախը Գեղարվեստի ակադեմիան է, որտեղ նաև արվեստաբանություն են սովորում և նրանց անհրաժեշտ և օգտակար կլինեն այս գրքերը»։
Մինչ նվիրատվության արարողությունը կսկսվեր, Լևոնի կինը՝ լրագրող Լիլիկ Ստեփանյանն ուսանողներին համառոտ ծանոթացնում էր Շահեն Խաչատրյանի կենսագրության, գործունեության հանրային ավելի հայտնի դրվագներին, թե ինչպես դեռ շատ երիտասարդ տարիքին նրան վստահեցին Մարտիրոս Սարյանի նոր բացված տուն-թանգարանի տնօրինությունը, Վարպետի՝ մշակույթի այն ժամանակվա մշակույթի նախարարին ուղղված նամակի համաձայն։ Շուրջ քառասուն տարի նա այդ թանգարանի հավատարիմ պահապանն ու մշակն էր, հետանկախության շրջանում՝ երկար տարիներ նաև Ազգային պատկերասրահի տնօրենը։
Շահեն Խաչատրյանի գործունեությանը, նրա ծառայությանը հայ մշակույթին ավելի մանրամասն ծանոթանալու, իմանալու համար կարդալ է հարկավոր նրա «Թանգարանի զինվորը» գիրքը՝ աշխատանքային մի յուրատեսակ մատյան-հաշվետվություն, որտեղ նա պատմում է աշխարհի տարբեր թանգարաններից, մասնավոր հավաքածուներից, անհատներից իր ջանքերի, անձնական կապերի միջոցով ձեռք բերած և Հայաստանի տարբեր թանգարաններին նվիրած մոտ 400 գեղանկար գործերի մասին, որոնց մեջ նաև միլիոնների արժողությամբ կտավներ կային, ինչպես Այվազովսկու ու շատ ուրիշ նկարիչների։
ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանը շնորհակալությամբ դիմելով Լևոն Խաչատրյանին, տեղեկացրեց, որ ակադեմիայի գրադարանը հիմնականում կազմավորվել է նման նվիրատվությունների շնորհիվ։ Այդ շարքում նաև Իսաբեկյան ընտանիքի մեծաքանակ հավաքածուն է. «Հիմա այն լրացվում է մեր ավագ ընկերոջ, մեր սիրելի արվեստաբանի գրքերի նվիրատվությամբ, դրվատանքի և շնորհակալական խոսքերի արժանի գործ, որ ուրախալի է անշուշտ։ Սակայն տխրությունն այն է, որ Շահենը մեզ հետ չէ»։ Նա հիշեց Ազգային պատկերասրահում իր անհատական ցուցահանդեսը Շահեն Խաչատրյանի տնօրինության տարիներին․ «Ամեն ինչ արեց, որ լավ անցնի»։
«Մարդիկ, ովքեր առնչվելու են հայ մշակույթին և հայ կերպարվեստին, Շահենը միշտ ներկա է լինելու այնտեղ։ Իր հետքը, հետագիծը այնպիսին է, որ հայ մշակույթի մեջ իր ներկայությունը պարտադրելու է»: Իր կարևոր, արժևորող խոսքում գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանը Շահեն Խաչատրյանի արվեստաբանական գործունեության հատկապես մի հատկանիշի վրա հրավիրեց ներկա ուսանողների ուշադրությունը։ Բացի նկարիչների արվեստի ուսումնասիրություններից, այդ մասին գրելուց, նա կարևորեց հայ գեղարվեստական միտքը հանրայնացնելու ուղղությամբ Շահեն Խաչատրյանի կատարած մեծածավալ աշխատանքը՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։
«Վերջին տարիներին հատկապես, երբ Մերձավոր Արևելք՝ Դամասկոս, Հալեպ, Բեյրութ էր գալիս, նրան շատերն էին խնդրում դասախոսություններով հանդես գալ։ Ոչ մեկին չէր մերժում, նույնը՝ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում։ Տարիներ շարունակ հայ մշակույթը աշխարհում ճանաչելի դարձնելու մեծ աշխատանք է տարել։ Եթե այսօր մի հեռավոր երկրում անգամ Սարյանի, Մինասի, Այվազովսկու անունները գիտեն, դրա մեջ մեծ է նաև Շահեն Խաչատրյանի ներդրումը»,- ասաց Հրազդան Թոքմաջյանը։ Նա հիշեցրեց նաև երիտասարդ սերնդին հայ կերպարվեստի մասին սկզբնական գիտելիք փոխանցելու, հայ նկարիչներին ճանաչելի դարձնելու նպատակով նրա հեղինակած «Ճանաչիր և սիրիր» վերջին շարքը և պատմեց հուզիչ դրվագ արվեստաբանի կյանքի վերջին շրջանից, երբ նա գրեթե չէր խոսում: «Լևոնը նրան բերեց մեր տուն։ Նա գրպանից հանեց մի քսան հազարանոց, մատով ինձ Այվազովսկու նկարն էր ցույց տալիս դրամի վրա։ Հիմա այս սերնդի համար սովորական է, որ կա անկախ Հայաստան իր դրոշով, դրամով, քսանհազարանոցով՝ Այվազովսկու նկարով։ Բայց դրա համար հսկայական աշխատանք է տարվել խորհրդային և հետխորհրդային տարածքում՝ Այվազովսկու հայ լինելու հանգամանքը փաստելու, ապացուցելու, ընդգծելու համար, և Շահենը աննկարագրելի ներդրում ունի այդ գործում»։
Ֆրանսահայ պատմաբան, Արմեն (Կլոդ) Մութաֆյանը Շահեն Խաչատրյանի մտերիմ ընկերներից է եղել․ «Շահենի տունն էր Ֆրանսիան։ Միշտ կուգար՝ ժամանակակից, հայկական արվեստը տարածելու, ծանոթացնելու։ Սարյան, Այվազովսկի ցուցահանդեսներ ըրեց Փարիզ։ Առանց Շահենի Ֆրանսիան այնքան ծանոթ չէր ըլլա մեր մասին։ Միշտ երբ կուգար, նոր ուրախություն կբերեր ինձի։ Բայց ինքը երբեք ինձ իմաց չէր տա։ Արտասահմանյան հեռախոս կստանայինք, միշտ իգական ձայն մը՝ Շահեն հասե՞լ է, կհարցներ, այդպես կիմանայի։ Տեսակ մը խաղ մըն էր մեր միջև։ Շատ հումորով էր, ես շատ բան սորվեցա իրմե»։
Բացի այն, որ ակադեմիայի գրադարանը հարստացավ արվեստաբանական գրականությամբ, այս հանդիպումը շատ օգտակար էր ներկա արվեստաբան-ուսանողներին հատկապես։ Նրանցից մեկը գոհունակության ոգևորիչ խոսքեր ասաց նվիրատվության առիթով, իսկ ակադեմիայի գրադարանավար Անուշ Աղգաշյանը՝ շնորհակալությամբ նվիրատուին, ներկաներին տեղեկացրեց, որ գրքերը կտեղադրվեն Շահեն Խաչատրյանի անունը կրող առանձին, հատուկ անկյունում, որպեսզի ուսանողներն իմանան, թե ինչ գործ կատարած մարդու գրքերից են օգտվում։
Խոսքերը, որ հնչեցին, հիմնականում ուղղված էին ուսանողներին։ «Կարդացեք նրան, հետևեք իր օրինակին»՝ Հրազդան Թոքմաջյանի այս հորդորին անդրադառնալով, Արամ Իսաբեկյանը, որ 28 տարի անընդմեջ ակադեմիայի ռեկտորն է, կրկնեց բազմաթիվ անգամներ հնչեցրած իր առաջարկ-խորհուրդն ուսանողներին․ «Բացի Այվազովսկուց, ում արվեստն ուսումնասիրել և ներկայացրել է Շահեն Խաչատրյանը, մնացածը իր ժամանակակիցներն են եղել»։ Ուսանողներին նա հորդորեց փոխել կարծրացած մոտեցումը՝ որպես ուսումնասիրության նյութ վերցնելու պատմությունը, անցյալի արվեստագետներին, որոնց մասին տասնյակ անգամներ գրվել է, այն դեպքում, երբ հիմա շատ ու շատ արվեստագետներ կարիք ունեն արվեստաբանների։ «Ես էլ նրանցից մեկն եմ, մենք կարիք ունենք, որ մեր կողքին լինեն մարդիկ՝ մեզ քննադատելու, գնահատելու, ներկայացնելու համար։ Ինչո՞ւ չէ՝ նաև ձեր ընկերների կողքին լինեք, նրանց ցուցահանդեսների, դիպլոմայինների ժամանակ, միասին պրոյեկտներ անեք։
Այսօր հիշատակի օր է։ Շահենը արվեստի ջատագով է եղել, նվիրյալ, աշխարհում մեր արվեստը ներկայացնողներից մեկը, դրա համար մենք՝ արվեստագետներս, իրեն հիշելու ենք՝ քանի կանք»։
Մելանյա Բադալյան