
Ենթատեքստեր․․․
Բրոնզե մեյնստրիմ՝ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում
Երբ կարդում ես «Բրոնզե մեյնստրիմ» խորագիրը և մի փոքր ճանաչելով քանդակագործ Գարեգին Դավթյանի արվեստը և ծանոթ նրա գեղարվեստական մտածողությանն ու հետաքրքրություններին, չես կարծում իհարկե, որ ցուցահանդեսի գլխավոր ուղղությունը հիմնանշում է օգտագործված նյութի տեսակը՝ բրոնզը, որը կարևոր սակայն առաջին և երևացող շերտն է դեռ։ Ցուցահանդեսը, որ բացվեց երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, ներկայացնում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանի մանրաքանդակ աշխատանքները, նաև փոքր չափսի հարթաքանդակները՝ կանացի մերկ ֆիգուրների «բազմերանգությամբ». օգտագործված նյութը բրոնզն է։
Թեմատիկ, կոմպոզիցիոն, կերպարային բազմազանությամբ հանդերձ, քանդակագործի նախասիրությունը կամ հետաքրքրությունը միֆական աշխարհին ակնհայտ է։ Հունական դիցաբանության հայտնի սյուժեները քանդակագործի երևակայության մեջ տարբեր ընթացք են ստացել, կրել փոփոխություններ` հեռանալով այսպես ասած բնօրինակից։ «Էգեյան հուշերից» ընդհանուր խորագրով ներկայացված է «Առաքելություն» գործը, եթե մտովի հավաքենք այս շարքի բոլոր կերպարները և հետևենք հեղինակի մտքի երևակայական ընթացքի բրոնզե մարմնավորում ստացած արդյունքին, կտեսնենք նոր աշխարհ։ «Ես իլյուստրացիա չեմ անում, ես շարունակում եմ, ստեղծում եմ իմ սյուժեները»,- ասում է Գարեգին Դավթյանը։ Այսինքն մեզ ծանոթ սյուժեները փոփոխվում և ստանում են տարբեր ընթացք` նոր մեկնաբանություններով։
Մի քանի հետաքրքրական պերսոնաժներ, որ նա վերնագրել է «Կենդանի գավաթներ», ստեղծել է Հունգարիայում։ Ժամանակի սեղմ սկզբունքը, որ տրված էր արվեստագետին, ստեղծագործական հնարանք և հետաքրքիր տեխնիկա է պարտադրել. գավաթները բավական անսովոր «կերպավորվել» և ուշադրություն են գրավում։ Ֆրանսիային նվիրված շարքում ֆրանսիական խորհրդանիշ աքաղաղի` մանրաքանդակների վրա դիրքի աստիճանական փոփոխությունը ներքևից վերև, կնոջ ոտքի ծայրից սկսած, որոշակի նշանակություն են ձեռք բերել, նաև կոմերցիոն հետաքրքրություն առաջացրել։ Կան նաև սյուժեներ, կոմպոզիցիաներ, որ քանդակագործը վերցրել է իրական կյանքից, կանացի մարմնի դեֆորմացիաների միջոցով հոգեբանական որոշակի շարժեր ստեղծել։
Տարբեր և առանձնացող են երկու մանրաքանդակ՝ «Վերածնունդը» և «Գարունը»։ Ծառն իր չոր ու պարզ մերկության մեջ շատ գրավիչ է, որի «արմատը»՝ կնոջ մերկությունը նոր սկիզբ է, ծնունդ: Նման մի երանելի զգացողություն կարող է առաջացնել գարնանային օդի շփումը մեջքի վրա պառկած ձիու համար («Գարուն»):
Գարեգին Դավթյանն ասում է, որ սա էտապային ցուցահանդես է, այսինքն մեծ ցուցահանդեսի նախապատրաստում, որը տեղի կունենա Նկարիչների միությունում, որտեղ մասշտաբային գործեր կլինեն, նաև պորտրետներ, դիմաքանդակներ, որ արվեստագետն անում է ընտրողաբար, իրեն հոգեհարազատ դեմքերի՝ ինչպես Բեթհովենի, Դանթեի, Գոգոլի, Տերյանի։ Այս ցուցահանդեսում այդ շարքից միջնադարի հոլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի մանրաքանդակն է՝ նրա այլաբանական համարվող ստեղծագործությունը հիշեցնող և կամ այն մարմնավորող, բավական բնորոշ պերսոնաժի կերտումով։ Արամ Իսաբեկյանի բրոնզե դիմաքանդակը նա ստեղծել և նվիրել է նկարչին՝ ծննդյան 70-ամյակի առիթով։
Գեղարվեստական այն միջավայրը, որ Գարեգին Դավթյանն է ստեղծել, խորհրդավոր է և այլաբանական․ այն անցյալի և ներկայի, իրականության ու երևակայության խաչմերուկ է, անցյալից վերցրած դիցաբանական դրվագներ, կերպարներ (նիմֆաներ, Լեդա, Պասիֆայա) այսօրվա մարդը, արվեստագետը փոխում է, դնում է իր ժամանակի մտածողության կնիքը։ Եվ սա մտորելու է տրամադրում, նորովի արժևորում դրանք, հետաքրքիր դարձնում ներկայացվածը։
Մի ընդհանուր, թաքնված խորհուրդ միավորում, մերձեցնում է բոլոր կերպարներին, երկխոսությունը կայանում է ոչ միայն մեկ դրվագում, այն տարածվում է, ծավալվում կնոջ ու թռչունի, կնոջ և կենդանու, ծառի միջև, վերածվում գործողության, որ երբեմն իրոնիկ է («Տիկին մագիստրոս») երբեմն կոմիկական («Թռչնաբանական զգացումով», կոմֆորտ 2), երբեմն էլ՝ էրոտիկ տարրերով, այսով, կարծես մենքը և նրանքը՝ մարդը և բնությունը դառնում են մեկ ամբողջություն։
Եվ ինչո՞ւ ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանը խրախուսում, կարևորում է նաև դասախոսների ցուցահանդեսների կազմակերպումը ակադեմիայի՝ բացառապես իր ջանքերի շնորհիվ դժվարորեն ստեղծված այս ցուցասրահում։ Պատճառը մեկն է․ «Որպեսզի ուսանողներն իմանան, ովքեր են իրենց դասախոսներն իբրև ստեղծագործող, որ մեր մեծերին ճանաչեն, իրենց ուսուցանողներին ճանաչեն, որոնցից մեկը Գարեգին Դավթյանն է։ Երկար տարիներ նա պատասխանատու գործ է անում, քանդակագործության ամբիոնն է ղեկավարում, որ դժվար գործ է»։
Այսպիսին էր և ՀԳՊԱ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ, Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի վերաբերմունքը, որ նախկին սաներից է ակադեմիայի։ Նա թեև սովորել է գեղանկարչության բաժնում, բայց ասում է․ «Միշտ ենք դիմել նրան, և իր խորհուրդներն օգնել են մեզ։ Այս ցուցահանդեսը մեր սիրելի ցուցասրահում, որտեղ մշտապես հետաքրքիր արվեստ է ներկայացվում, անհրաժեշտ է ուսանողներին: Ուսանողը տեսնում է իր վարպետի գործերը, սովորում է նրանից, ոգևորվում նաև»։
Հիշելով ստեղծագործական այն ծրագրերը, մտահղացումները, էսքիզները, որ ունի Գարեգին Դավթյանը, քաղաքում տեղադրված նրա գործերը, Արամ Իսաբեկյանը մի շատ կարևոր ցանկությամբ ավարտեց խոսքը. «Աստված տա, այսպիսի աշխատանքները զարդարեն մեր քաղաքը»։
Մելանյա Բադալյան