Ռումինական հուշեր
2022 թվականի մարտին, երբ երրորդ կուրսի ուսանողուհի էի, Էրազմուս+ ծրագրի շրջանակներում մեկնեցի Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Արվեստի և դիզայնի համալսարանում ուսանելու երկրորդ կիսամյակը: Սպասումներս ավելի քան արդարացան, որովհետև վերադարձա այնպիսի հիշողություններով, որոնք ամբողջ կյանքում կպահեմ սրտումս:
Կարծում եմ Էրազմուս+ ծրագրի առաջնային նպատակը հյուրընկալ երկրի մշակույթի, արվեստի և պատմության հետ ծանոթացնելն է: Ռումինիայում եղա 15-ից ավել քաղաքներում (այդ թվում 16-րդ դարում հայերի հիմնած Գեռլա, նախկինում՝ Արմենոպոլիս քաղաքում) և գյուղերում: Նույնիսկ մի քանի օր ապրել եմ գյուղական ֆերմայում, ծանոթանալով նրանց կենցաղին: Ռումինիան շատ գեղեցիկ, ապահով և հյուրընկալ երկիր է, հրաշալի եվրոպական և ժամանակակից ճարտարապետությամբ:
Էրազմուսի մյուս կարևոր նպատակը տարբեր ազգերի ներկայացուցիչների շփումն ու փորձի փոխանակումն է: Ես հրաշալի ընկերներ եմ ձեռք բերել: Մենք շատ բան ենք իրարից սովորել, կիսվել ենք մեր փորձով և ամեն մեկս ներկայացրել ենք մեր մշակույթը: Շնորհակալ եմ Հայաստանի գեղարվեստի պետական ակադմիային այս հնարավորության համար, հուսով եմ նման ծրագրերը շարունակական կլինեն տարբեր երկրների հետ, քանի որ սա մեծ հնարավորություն է ավելի զարգանալու և կատարելագործվելու համար:
Մանե Մելիքյան
Հագուստի մոդելավորում կրթական ծրագիր, 4-րդ կուրս