Գունային հարմոնիա և սեր
Արամ Իսաբեկյանի հոբելյանական ցուցահանդեսը
«Այս ամենը, այս ցուցահանդեսը չէր լինի, եթե պետություն, պետականություն չունենայինք․ մենք պարտական ենք ու փառք Աստծո, որ պետականություն ունենք և այդ պետականությունը պետք է փայփայենք»։ Հայաստանի համար հերթական դժվարագույն շրջանում, երբ վտանգն արտաքին անմիջական է, անվտանգությունը խարխուլ, երբ երկու տարի է ընդամենը մարդկային ու տարածքային թանկ կորուստներից մեզ բաժանում, ու վերքը թարմ է, և մենք նորից կանգնած ենք աղետի առաջ, այս խոսքերը, որ ասաց Արամ Իսաբեկյանը երեկ Նկարիչների միության սրահում իր ծննդյան 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը, թանկ և կարևոր են այնքան, որ առանձնացրեցի և ուզեցի սկսել հոդվածն այդ բառերով, որոհետև այն ամենահիմնականը, որ յուրաքանչյուր հայ իր գիտակցության մեջ պետք է ամուր մեխի այսօր և մշտապես, անկախ պետություն, պետականություն ունենալու և այն պահել-փայփայելու գաղափարն է։
Արամ Իսաբեկյանի նկարչությունը վաղուց ծանոթ է մասնագիտական շրջանակներին, արվեստասեր հանրությանը, ուսանողներին։ Աշխարհը գույնով վերարտադրելու այն սերը, որ ունի Իսաբեկյանը, այնքան խորը ներթափանցած է նրա էության մեջ՝ ենթագիտակցականից եկող, և դա է՝ կարծում եմ հիմնական պատճառը, որ կտավի հետ ունեցած իր մտերմությունը, իր ստեղծագործական մենակությունը, դարձնում է վայելք այլոց համար, որքան էլ ինքն ասում է, որ յուրաքանչյուր կտավի ներսում նկարչի տառապանքը կա։ Եվ դա ճշմարիտ է։
Երբ հետևում, վերհիշում ես նրա նախորդ ցուցահանդեսները, որոշակի գիտես արդեն ստեղծագործական ընթացքը։ Ամենից հատկանշականը նրա արվեստի, իհարկե, ժանրային ընդգրկունությունն է. ակնհայտ նրա վրձինը վարպետորեն իշխել է գրեթե բոլոր ժանրերում՝ նատյուրմորտ, բնանկար, կոմպոզիցիա, իսկ դիմանկարի մեջ գերազանցել է ինքն իրեն։ Ակնհայտ է նաև, որ արվեստի ամեն լավ գործ ներքին մի անտեսանելի հմայք, խորք է ձեռք բերում իր ստեղծողի հուզական, հոգեմտային վիճակներից, երբ նա սնվում է անմիջապես արվեստագետի ներքին գունապնակից։
Արամ Իսաբեկյանի նկարչության էմոցիոնալ շերտերը առավելագույնը դրսևորվեցին վերջին տարիների աշխատանքներում։ Եթե «Իմ այգին» գեղեցիկ նկարաշարը ձոն է բնությանը, նկարչի ձեռքով ու հոգածությամբ ստեղծած սքանչելի այգուն, ծառ ու ծաղկին, նրա ամենօրյա, յուրաքանչյուր զարթնող առավոտի սերն է լույսին, բարությանը, ապա միանգամայն այլ զգացողություն են առաջացնում վերջին աշխատանքները, որտեղ նկարիչը անսպասելիորեն ռեալիստական, ինչ-որ տեղ իմպրեսիոնիստական ուղղությունից անցում կատարեց աբստրակցիային։ Այս ուղղությունն արվեստի, իմ կարծիքով, տալիս է առավել հնարավորություն ստեղծագործական ազատության, ներքին կյանքի ավելի անկաշկանդ դրսևորումների։ Այն կարծես դուրս է հանում նկարչին արտաքին կաշկանդող՝ պատկերային համակարգից, և նա ստանում է կարելիություն զուտ գույնի միջոցով վերադասավորելու, վերակերտելու իր հոգեկան աշխարհը կտավին։ Եվ սա բոլորովին նոր որակ է հաղորդել Իսաբեկյանի վերջին շրջանի գործերին։ Եթե նախորդ տարիների` հատկապես նատյուրմորտ գործերը խոհական-ինտելեկտուալ էին դիտարկվում, ապա այս նոր շրջանին բնորոշ են զգացմունքային շերտերը, հուզականությունը, ինչ-որ տեղ ռոմանտիկան, այն երազները, որ նա ունեցել է իր մեջ և որոնք գուցե դեռ չեն իրականացել։ Այս գործերում ուշադիր դիտողը անհնար է՝ չնկատի հոգևոր կյանքի նշաններ, խիստ անհատական ու ապրված-գիտակցված, որն ինձ թվում է` նկարչի ու բնության սերտ կապի ուղղակի շարունակությունն է։
70-ամյակի հոբելյանական ցուցահանդեսը հիմնականում բաղկացած է այս բնույթի նկարներից․ նրանք բաց գույների այնպիսի հաճելի տոնայնության, մթնոլորտի մեջ են ապրում, որ փոխանցվում, վարակում են դիտողին անմիջականորեն, այնպես որ անհնար է լավատեսությամբ ու թեթևությամբ չտոգորվել։ Գունային այն համերաշխությունն ու ճաշակը, որ փոխանցում է նկարիչը, իմաստային, զգացական հաղորդակցում է միաժամանակ ապահովում, որն իր թիկունքում ունի անցած ճանապարհ՝ ըստ որում ոչ միայն զուտ մասնագիտական։ Արվեստագետի ոչ միայն կյանքի փորձն է կարևոր, նաև հետաքրքրությունների, նախասիրությունների պալիտրան․ որն անկասկած ավելի գրավիչ է դարձնում ու հարուստ՝ ինչպես անհատին, այնպես էլ նրա ստեղծագործությունը։ Ինքը՝ նկարիչը ամենավաղ տարիքից սեր է ունեցել գրքի, գրականության հանդեպ, և դա արտահայտված է իր նկարներում, ավելի վաղ շրջանի աշխատանքներում ավելի, նաև նրա սերը երաժշտության հանդեպ է, որն էլ անուղղակիորեն թափանցել է նկարչության մեջ, գունային հարմոնիա առաջացրել, ինչն էլ մեղեդայնություն է հաղորդում վերջին շրջանի գործերին․ Իսաբեկյանական աբստրակցիան երաժշտական է։
Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցողները՝ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ցուցահանդեսի համակարգող Օվսաննա Քարամյանը, իհարկե այն միտքն արտահայտեցին, որ այս օրերին նման մշակութային միջոցառումներ անցկացնելը հոգեբանորեն դժվար է։ Սակայն կա մեկ այլ կարևոր հանգամանք, ինչպես դա նկատեց Սուրեն Սաֆարյանը․ «Հասարակությանը արվեստի միջոցով, թեկուզ կարճ ժամանակով կարողանալ կտրել լարված իրավիճակից և բերել մի դաշտ, որտեղ սեր ու խաղաղություն է, և այս ամենը տալիս է Արամ Իսաբեկյանի նկարչությունը։ Ես շատ ուրախ եմ, որ բացման խոսք եմ ասում մի մարդու ցուցահանդեսի, որն իմ ընտանիքին, ինձ շատ հարազատ է, որովհետև սովորել եմ Գեղարվեստի ակադեմիայում և սովորել եմ իրենից այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդ լինելու համար․ շնորհակալ եմ Ձեզ այն ամենի համար, ինչ տվել եք ինձ։ Սիրելի վարպետ, դժվար է պատկերացնել արդի հայ կերպարվեստն առանց կայուն տեղ զբաղեցրած ձեր ուրույն և բազմաշերտ գեղանկարչության, որն արժևորվում և ճանաչելիություն է ձեռք բերում ոչ միայն հայրենիքում, այլև ողջ աշխարհում»։
Արամ Իսաբեկյանի վաստակը ոչ միայն հայ կերպարվեստում, գուցե հավասարապես նրա մանկավարժական աշխատանքի մեջ է․ ինչպես նկատեցին Սուրեն Սաֆարյանը և Արա Խզմալյանը, և գիտեն վաղուց կոլեգաները, մտերիմներն ու իրեն ճանաչողները, նրա ողջ կյանքը, ուսանողական տարիներից ի վեր, ապա որպես ղեկավար, կապված է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ՝ կրթական այդ կարևոր օջախի պահպանման, նորովի կայացման, զարգացման առումով։
«Իմ կյանքը առանց նկարելու չեմ պատկերացնում» , հաճախ է ասում Իսաբեկյանը։ Նմանապես առանց ուսանողների, առանց ՀԳՊԱ-ի հնարավոր չէ այն պատկերացնել, որի ամենագործուն նվիրյալներից է նա։ «Ստեղծագործողը արարում է, չի կարող չարարել, կյանքը կարճ է, պետք է ներկայացնել հանրությանը այն ինչ արել ես։ Ես համաձայն չեմ այն մտքին, թե արվեստագետի համար ցուցահանդես բացել պետք է, թե չէ։ Մեր թշնամին հաճույք կստանար, եթե իմանար, որ մենք ընկճված ենք ու մանավանդ արվեստն է նահանջած, որ մենք ահաբեկված ենք ու ամեն պահի միայն իրենց մասին ենք մտածում»։
Ներկայացնելով ցուցահանդեսի աշխատանքները որպես վերջին տարվա գործեր, ոչ` ռետրոսպեկտիվ, նա շնորհակալություն հայտնեց ակադեմիայի ողջ կոլեկտիվին, Նկարիչների միության ղեկավար կազմին ու նախագահին՝ Սուրեն Սաֆարյանին, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին, ցուցահանդեսի համակարգող Օվսաննա Քարամյանին, էքսպոզիցիայի մասնակից Արթուր Հովհաննիսյանին, ներկաներին։
Հետաքրքիր և անմիջական ներկայացրեց Իսաբեկյան-մարդուն Արա Խզմալյանը` գնահատելով նրա վաստակը հայ կերպարվեստում և դերը երիտասարդ սերնդի մասնագիտական կրթության, ճաշակի ձևավորման գործում։ Նա հոբելյարին պարգևատրեց Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով։ Ապա խոսեց նրա անկեղծության և անմիջականության մասին, ինքն էլ իր հերթին անկեղծացավ այնքան, որ պատմեց, թե պաշտոնական հանդիպումների ժամանակ կնճռոտ խնդիրներ քննարկելիս ինչպես է բարդեցնում նրա բնավորության այդ գիծը՝ անմիջականություն-ուղղամտությունը։ «Հիանում եմ մշտապես երիտասարդ լինելու նրա կարողությամբ, նրա արտաքին և ներքին հմայքով, չծերացող բնույթով, կենսախնդությամբ, սիրելու և սիրահարվելու կարողությամբ»։
Եվ ինչպես է մարդուն, արվեստագետին իրական, անկեղծ սերը, բաց միտքը պաշտպանում արտաքին կոշտ հարձակումներից, պահպանում ներաշխարհի նախնական, մաքուր վիճակները, ներդաշնակությունն ու ամբողջականությունը, զգայականությունը, այլոց գնահատելու, բնության ամենափոքր շարժերը՝ ծառի բողբոջելուց մինչև նրա աշնանային թախիծը զգալու, տեսնելու, սիրելու, վերապրելու նուրբ կարողությունները․․․
Ինչպես ասվեց. «Արվեստը մեզ շրջապատող ստի ու կեղծիքի պատասխանը պիտի լինի» ու հենց իր անկեղծությամբ ու սիրով է ճշմարիտ արվեստագետը օգնում աշխարհին` լինելու մի քիչ ավելի լավը։
Մելանյա Բադալյան