Իրազեկման օրեր ՀԳՊԱ-ում առաջին կուրսեցիների համար
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանողները սեպտեմբերի 13-16-ը ծանոթացան բուհի կողմից մատուցվող ծառայություններին: ՀԳՊԱ-ում ուսանողական կյանք և կրթական նոր միջավայր հաջողությամբ ինտեգրվելու նպատակով անցկացվեցին իրազեկման օրեր, որոնց ընթացքում բուհի կրթական 9 ծրագրերի առաջին կուրսի ուսանողները հանդիպումներ ունեցան ՀԳՊԱ-ի Ուսումնամեթոդական մշակումների և ուսանողների հաշվառման բաժնի, Ուսանողների աջակցման և շրջանավարտների հետ համագործակցության կենտրոնի, Որակի ապահովման կենտրոնի և Ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ:
Ուսանողներին մանրամասն ներկայացվեցին ՀԳՊԱ-ի ծառայությունները, ուսանողական նպաստից օգտվելու, ակադեմիական բարձր առաջադիմություն ցուցաբերելիս առավելությունների, ինչպես նաև հավելյալ (ֆակուլտատիվ) դասընթացների, առաջիկա վերապատրաստումների, ուսանողական ակտիվ գործունեություն ու կամավորություն կատարելու մասին տեղեկություններ:
Ուսանողներին ներկայացվեց նաև ՀԳՊԱ ուսանողի ձեռնարկ 2022-2023-ը:
ՀԳՊԱ-ի Ուսանողների աջակցման և շրջանավարտների հետ համագործակցության կենտրոնը կարևորում է իրազեկման օրերի և նման հանդիպումների անցկացումը և շարունակաբար ներկայացնելու է ծառայությունների, կազմակերպվող իրադարձությունների և ակադեմիական կյանքին ինտեգրվելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները, որոնք նպաստում են ուսանողական առողջ, մրցակցային, ակտիվ ու ներառական միջավայրի ապահովմանը: