Խոսուն կոլաժներ, կանացի հետաքրքրական պորտրետներ․․․
Էլեն Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը` բացված երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, նվիրված է Արցախյան երկրորդ՝ 44- օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Էլենը հագուստի մոդելավորման բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի է։ Ցուցահանդեսային աշխատանքները կոլաժներ և գեղանկարներ են․ երկու ժանրերում էլ ուսանողուհին անհատական մոտեցում է ցուցաբերում, մասնավորապես կոլաժային գործերում բավական հետաքրքրական տարրեր ներմուծելով` առաջին հայացքից աքսեսուրային թվացող, որոնք իրականում յուրատեսակ միջավայր են ստեղծում՝ նաև բովանդակային լրացումներ կատարելով․ ինչպես՝ «Հավերժություն», «Բոհո-բոհոշիկ» գործերը։ Գեղանկար աշխատանքներում`կանացի պորտրետներ և նատյուրմորտներ, գունային մեղմ, հաճելի մթնոլորտ է իշխում․ պորտրետներում նկատելի են խառնվածքային, անհատական գծեր. աշխատանքներն արված են պուանտիլիստական ոճով։
Էլենի աշխատանքների հիմնական առավելությունը Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանի կարծիքով, բազմազանությունն է և ստեղծագործական ջիղը, երբ «ուսանողը կուրսային առաջադրանքային մակարդակից անցում է կատարում ստեղծագործականին, երբ նա որոնումների մեջ է և փորձում է իր անհատականությունը գտնել, մի բան, որ պահանջվում է 4-րդ կուրսի և կամ մագիստրատուրայի ուսանողներից, առհասարակ ակադեմիայի շրջանավարտից»։
Էլենի անմիջական դասախոս Հարություն Ավագյանը ուսանողուհու հաջողությունը պայմանավորեց նախ` աշխատասիրությամբ, ապա՝ էքսպերիմենտ անելու ձգտումով, լսելու, ընկալելու և դա գործի վերածելու ունակություններով։ Նրա կարծիքով, ուսանողուհին այդ հատկությունների շնորհիվ կարճ ընթացքում այսպիսի արդյունք արձանագրեց․ «Հրաշալի հիմքեր կան հատկապես կոլաժների առումով՝ դրանք զարգացնելու և որակապես ավելի լավ գործեր ստեղծելու։ Ինչ վերաբերում է գեղանկարներին, հենց սկզբից նկատվեց պուանտիլիզմի՝ նրա վրա թողած մեծ ազդեցությունը»։
Գծանկարչության և գունանկարչության ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանը, շնորհավորելով Էլենին, նշեց նաև դասախոսի կատարած աշխատանքի ազդեցությունը, քանի որ աշխատանքների հիմնական մասը գծային առաջադրանքներ են՝ ստեղծագործական շարունակություն գտած։ «Կարևորը, որ ուսանողը այս շրջանում անհատական ցուցահանդեսի համարձակ քայլ է անում, ամեն ուսանող չի կարող իրեն թույլ տալ անհատական ցուցահանդես բացել, քանի որ հնարավոր է՝ արժանանա լուրջ քննադատության։ Եվ եթե քննադատություն լինի, օգտակար է լինելու»,- ասաց նա՝ որպես օրինակ բերելով 18-19-րդ դարերի ֆրանսիական նկարչական միջավայրում եղած քննադատական խոսքի կարևոր նշանակությունը, երբ այն նկարչի համար դառնում էր ստեղծագործական հաջողության սկիզբ, քանի պարտավորեցնող էր։ Նա հորդորեց ցուցահանդեսին ներկա ուսանողներին հետևելու Էլենի՝ անհատական ցուցահանդես բացելու համարձակ քայլին։
Մելանյա Բադալյան