ՀայՓոստը հայտարարում է նամականիշի պատկերազարդման մրցույթ
ՀայՓոստը «Եվրոպա 2022. Պատմություններ և առասպելներ» թեմայի շրջանակում հայտարարում է նամականիշի պատկերազարդման (դիզայնի) մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նամականիշի պատկերազարդումն իրականացնել հայկական հայտնի առասպելների մոտիվներով և մինչև 2022-ի փետրվարի 15-ը ներկայացնել ՀայՓոստին՝ ուղարկելով phil.design@haypost.am էլեկտրոնային փոստին:
ՀայՓոստը հաղթողին կպարգևատրի 200.000 (երկու հարյուր հազար) դրամով, ինչպես նաև նամականիշը կներկայացնի PostEurop-ի կողմից հայտարարվող միջազգային ամենամյա EUROPA նամականիշերի մրցույթին, որտեղ 2019-ին Հայաստանի նամականիշը (գյուղական ծիծեռնակ) զբաղեցրել է առաջին, իսկ 2020-ին Գյումրին պատկերված նամականիշը՝ երկրորդ հորիզոնականը:
Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել նամականիշի մեկ կամ մի քանի էսքիզ (դիզայն): Հայտը պետք է պարունակի նամականիշի դիզայնի բարձր որակի լուսանկար՝ JPEG կամ PNG ձևաչափով, մասնակցի անձը հաստատող փաստաթղթի էլեկտրոնային պատճեն, կոնտակտային հեռախոսահամար և այլն։ Մրցույթի պայմաններին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Հարցերի դեպքում զանգահարեք ՀայՓոստի Ֆիլատելիայի բաժին՝ (+374) 95 98 42 42 հեռախոսահամարով։