Հոբելյանականը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում
«Սա ձեր ստեղծագործական տունն է»
75 տարի առաջ Երևանում բացված Գեղարվեստի ինստիտուտը հայ երիտասարդների առաջ բացեց գեղարվեստական կրթություն ստանալու լավ հնարավորություն՝ այդ ընթացքում բազմաթիվ սերունդներ կրթելով, որոնց մեջ նշանավոր շատ արվեստագետներ, ովքեր մեծ ծառայություններ մատուցեցին հայ մշակույթին։
Ակադեմիան խորհրդային տարիներին չունեցավ այսպիսի կրթության համար անհրաժեշտը՝ ցուցասրահ։ Դեռ ուսանողության շրջանից այս մասին երազող՝ Արամ Իսաբեկյանին հաջողվեց իրականացնել այն իր ռեկտորության տարիներին։ 2001 թվականից գործող «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը ուսանողների տաղանդի բացահայտման համար շատ նպաստավոր է, նաև մոտիվացնելու առումով․ անկասկած, ստեղծագործությունների հանրայնացումը առավել վստահություն է հաղորդում։ Ուստի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 75-ամյա հոբելյանը չէր կարող չնշվել ուսանողական ցուցահանդեսով․ այն աչքի ընկավ մասնագիտական բարձր որակով, աշխատանքի խնամքով։
Ցուցահանդեսի բացման ելույթները ջերմ էին, գնահատման մեջ՝ արժանիորեն շռայլ։ Արամ Իսաբեկյանը ուսանողներին տեղեկացրեց, որ հոբելյանը նշելու մեկամյա ուշացման պատճառները հայտնի դեպքերն էին՝ համավարակը և պատերազմը, դառը պարտությունը, չարիքներ, որ հազարավոր մեր հայրենակիցների կյանքեր խլեցին։ Շնորհավորելով ուսանողներին՝ նա ասաց, որ այս ցուցասրահը վաղուց արդեն սիրելի վայր է երևանցի արվեստասերների համար, հայտնի ոչ միայն մեր քաղաքում, այլև՝ դրսում։ «Սա պրոֆեսիոնալ բուհ է, պրոֆեսիոնալ մակարդակ, և այս գողտրիկ ցուցահասրահում ներկայանալը նաև պատասխանատվություն է։ Հպարտ եմ ձեզանով մասնագիտական այսպիսի մակարդակ ցուցադրելու համար։ Կարող եք ցանկացած ցուցահանդեսի մասնակցել և պատվով դուրս գալ»։
Նաև շնորհակալություն հայտնեց ուսուցանող դասախոսներին և այն աշխատակիցներին, ովքեր հնարավոր են դարձնում նման ցուցահանդեսների կայացումը։
ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Սաֆարյանի շնորհավորանքն ու խոսքը անմիջական ու ջերմ էր։ Նա նույնպես այս բուհի ուսանող է եղել, իսկ հիշողություններն իրենք իրենց են խոսում․ ուսանողական կյանքի մի շրջան, որն իր համար ամենից թանկն է ու ամենաջերմը։ Նա պատմեց, թե ինչպիսի ուրախություն են ապրել այս ցուցահասրահի բացման օրերին․ «Սա առաջին դեպքն էր Հայաստանում, որ ստեղծվեց միջավայր, որտեղ ուսանողը կարող էր ցուցադրվել, դասախոսի հետ ունենալ անհատական ցուցահանդես»։ Արամ Իսաբեկյանը ևս հաստատեց դա՝ այսօրվա սովորողներին զարմանալի, անհավատալի թվացող բան, որ խորհրդային տարիներին ուսանողին արգելված է եղել մասնակցել ցուցահանդեսների։
«Ակադեմիան պիտի համարեք ձեր երկրորդ տունը։ Տարիներ հետո, երբ կավարտեք, նկարիչների միության անդամ դառնանք, կարոտով եք հիշելու․ վերապրելով եմ սա ձեզ ասում։ Պիտի գիտակցեք, որ սա պատահական տեղ չէ՝ գալ-մտնել-գնալու։ Սա ձեր ստեղծագործական տունն է, որտեղ աճելու, զարգանալու, շփվելու եք արվեստագետ մարդկանց հետ։ Ցուցահանդեսի դռները միշտ բաց են ձեզ համար, եթե կա աշխատելու, ստեղծագործելու ցանկություն»,- Էդիկ Վարդանյանի խոսքը թե՛ ուսուցողական, թե՛ մտերմիկ էր։
Մելանյա Բադալյան