ՀԳՊԱ-75. Հոբելյանական ցուցահանդես Նկարիչների միությունում
Մինչև 1945 թվականը գեղարվեստի բարձրագույն կրթություն ստանալու համար հայ երիտասարդները մեկնում էին ռուսական քաղաքներ՝ հիմնականում Մոսկվա կամ Լենինգրադ, նաև՝ Թբիլիսի, մինչև այդ նույն թվականի հունիսի 29-ը, երբ Երևանում Գեղարվեստի ինստիտուտ բացելու հրամանը տրվեց։ Թերևս պատահական չէր, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո կարևորվեց գեղարվեստական կրթության գործը, երբ հասարակությունը պատերազմական արհավիրքից, բազում զրկանքներից ցնցված դեպրեսիայի մեջ էր, իսկ արվեստը, արվեստի զարգացման խթանումը դրա դեմ պայքարելու արդյունավետ միջոցներից մեկն է։
Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի 75-ամյակը անցած տարի էր։ Հոբելյանական տարեդարձները հանրայնացնելու ակադեմիայի ավանդույթը խախտվեց այդ տարի, նախ՝ համավարակը սկսվեց, իսկ սեպտեմբերին չարաբաստիկ պատերազմը՝ մեզ համար անսպասելի դաժան պարտությամբ և շարունակվող ծանր հետևանքներով։
Երեկ՝ նոյեմբերի 11 -ին Նկարիչների միության Արա Սարգսյանի անվան ցուցասրահում բացված ցուցահանդեսը հոբելյանական էր։ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, որ նույնպես ակադեմիայի շրջանավարտ է, ժամեր առաջ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» պատկերասրահում ուսանողական ցուցահանդեսի բացմանն ասաց, որ իր կյանքի ամենաջերմ հիշողությունները սովորելու տարիների հետ են կապված։ Այստեղ, շնորհավորանքի իր խոսքում նա հիշեց նախկինում բուհական կյանքում իրենց ներդրումն ունեցած և ներկայում այն շարունակող մարդկանց․ «Մենք մեր խոնարհումն ենք բերում բոլոր այն երախտավորներին, ովքեր հիմնադրեցին բուհը, ովքեր դասավանդում են այսօր, սերունդ են կրթում, որոնք վաղվա մեր մշակույթի, արվեստի ներկայացուցիչներն են լինելու»։
Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը կյանքի մեծ մասն անց է կացրել կրթական այս հաստատությունում, նախ՝ որպես ուսանող, ապա տարիներ անց՝ պրոռեկտոր և ռեկտոր։ Անկախությունից ի վեր, հատկապես 90-ականների դժվարին շրջանում իր և իր համախոհների նվիրումի և համառ ջանքերի շնորհիվ միայն հնարավոր եղավ փրկել հաստատությունը, որը հնարավոր էր և փակվեր։ Հետագա աշխատանքներն ուղղվեցին բուհի կիսավեր շենքը վերանորոգելուն, նորը ձեռք բերելուն, նոր մասնաճյուղերի և ուսումնական ծրագրերի բացմանը, որին նա անդրադարձավ ընդհանուր և բավական հակիրճ, խոսելով բուհի հիմնադրման ակունքներում եղած մարդկանց մասին, մասնավորապես՝ Արա Սարգսյանի և Մարտիրոս Սարյանի։ 1945-ին բացված Գեղարվեստի ինստիտուտին ավելի ուշ միացավ Թատերականը, մի բան, որ ինչպես Արամ Իսաբեկյանն ասաց, սովետական երկու հանրապետությունում էր միայն գործում, մեզանից բացի նաև Բելառուսում, և անկախությունից հետո երկուսն էլ այդ համակարգից հրաժարվեցին։ «Հետագա ընթացքը ցույց տվեց, որ դա ճիշտ էր։ Անցած տարիներին մենք աննախադեպ զարգացումներ ունեցանք, ոչ միայն պահպանեցինք շենքը, նաև վերականգնեցինք, նոր մասնաշենք ունեցանք ու վերանորոգեցինք, բացեցինք Գյումրիի և Դիլիջանի մասնաճյուղերը, բացեցինք ցուցասրահ և դահլիճ, որ մինչ այդ չէինք ունեցել։ Աննախադեպ զարգացում և ընդլայնում եղավ ուսումնական ծրագրերի, համագործակցություն եվրոպական կառույցների հետ, մասնակցություն «Տեմպուսի» տասը ծրագրերին, որոնցից երկուսի ղեկավարը եղել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ արժանանալով շնորհակալական գնահատանքի։
Բուհում ձևավորված ուսումնական մի շարք ծրագրեր այնպիսի տարածում գտան, որ դրանց հետևեցին այլ բուհեր։ Սակայն որպես գեղարվեստի բարձրագույն կրթական հաստատություն մեր ակադեմիան միակն է»։
Ռեկտորը ներկայացրեց հոբելյանական ցուցահանդեսի մասնակից նկարիչներին՝ ներկայում բուհի դասախոսներ, նաև վերջին տարիների շրջանավարտներից, որոնց մի մասը սեպտեմբերյան պատերազմի մասնակից է եղել։ Նա ցավով ու խոնարհումում անդրադարձավ պատերազմում զոհված Ակադեմիայի տասներեք ուսանողներին՝ խնդրելով ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։
Շնորհավորանքի խոսք ասաց մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանը՝ կարևորելով ակադեմիայի դերը ոչ միայն կրթական, նաև մշակույթի ոլորտում։ «Կարծում եմ՝ մարդու հոգևոր նկարագրի լիարժեքության համար չափազանց կարևոր է առնչություն ունենալ մեծ արվեստի հետ այս կամ այն կերպ՝ որպես սիրող կամ որպես պրոֆեսիոնալ»։ Գեղարվեստի ինստիտուտի և Թատերականի՝ ժամանակին միասնական գործելու լավ կամ վատ լինելու հարցը պրոֆեսիոնալների քննարկմանը թողնելով՝ Արա Խզմալյանը իր՝ թատերագետի մասնագիտական տեսանկյունից կարծում է, որ ներկայիս հայ թատրոնի հմայքի որոշակիորեն խամրելու հիմնական պատճառներից մեկը կերպարվեստից, վիզուալ նախասկզբից հեռանալն է։ «Մենք շատ ենք դարձել դերասանակենտրոն, մոռացել ենք ներկայացման վիզուալ կողմը, բեմական ճարտարապետությունը, ինչը թատրոնը դարձնում է արվեստ, բացի հոգեբանություն լինելուց։ Իմ հորդորն է գրոհել թատրոնը հնարավոր միջոցներով։ Նախկինում թատրոնի մեծ գործիչները եղել են կամ նկարիչներ, կամ քանդակագործներ, կամ ճարտարապետներ, կամ ռեժիսորներ, որոնք շատ մոտ են եղել վիզուալ արվեստներին»։
Նրա խոսքը՝ թե այս դժվարին ժամանակներում արվեստի մարդիկ առաքելություն ունեն կյանքը լցնելու հույսով, ներշնչանքով, խինդով, ներկաները զգացին ցուցասրահ մտնելուց րոպեներ անց։ Ցուցահանդեսը իսկապես տպավորիչ էր ու հագեցած։ Գեղարվեստական գործերից շատերը էսթետիկ հաճույք-զգացողություն, տրամադրություն ստեղծելուց բացի, նաև տարբեր մտքեր, խոհեր էին առաջ բերում, հատկապես այն գործերը, որոնք այսօրվա կյանքի ռիթմի, զարկերակի վրա են ստեղծագործվել։ Լինելով նկարչի, քանդակագործի զուտ ներքին ինդիվիդուալ զգացողական դաշտի արտացոլանք, միաժամանակ ընդհանուր, համամարդկային խնդիրների արձագանքներ են դրանք։ Այդպիսիք Սահակ Պողոսյանի երկու աշխատանքներն էին: Հետաքրքրական էր Վահե Գասպարյանի «Մետամորֆոզը»՝ տարաշերտ, խոսուն մի դիմանկար։ Գունային ներդաշնակությամբ գրավիչ, ներքին մտասևեռումներով հագեցած Արամ Իսաբեկյանի աբստակցիաները՝ տարբերվող։ Էդիկ Վարդանյանի լուսավոր կտավները՝ նկարչի ներքին տեսողության պրոյեկցիաները, Արթուր Հովհաննիսյանի առօրեական կյանքի պատկերային գեղարվեստականացումները։ Տպավորիչ էին մանրաքանդակները՝ Գարեգին Դավթյանի, Աշոտ Գևորգյանի, Գետիկ Բաղդասարյանի, Տարիել Հակոբյանի։
Մելանյա Բադալյան