Արվեստը և օրվա խնդիրները
Հանդիպում Նիկոլ Շեռվիեի հետ՝ ՀԳՊԱ-ում
Նիկոլ Շեռվիե՝ ֆրանսիացի արվեստագետ և նկարչուհի։ Դասախոսել է Լիոնի համալսարանում, Սենթ էթիենում։ Եղել է դասախոսների մրցույթի հանձնաժողովի անդամ, Ժամանակակից արվեստի ասոցիացիայի նախագահ, ունեցել է մի շարք ցուցահանդեսներ, գեղարվեստական ծրագրեր։
Ներկայում ապրում է ֆրանսիական մի գյուղում, որտեղ 300 մարդ է բնակվում։ Նա նաև ճանապարհորդ է, ինչն աշխատանք է նրա համար՝ ոչ միայն զուտ ճանաչողական առումով․ այս ուղևորությունների ընթացքում նա իրականացնում է մշակութային բավական ինքնատիպ ծրագրեր՝ առնչելով այն արվեստի հետ։ Այս մասին նա պատմեց անցած ուրբաթ Գեղարվեստի ակադեմիայի դահլիճում կայացած հանդիպմանը։ Նա պամեց, թե ինչպես դեռ երիտասարդ տարիներից հավաքված իր զգեստների միջոցով լուսանկարչական շարք է ստեղծել՝ խնդրելով գյուղի կանանց և աղջիկներին հագնել և լուսանկարվել, հետո դրանք թողել է նրանց։ Այսպիսի ծրագրեր իրականացրել է նաև եվրոպական մի շարք երկրներ ճամփորդելիս՝ Ռումինիա, Ուկրաինա։ Երկար ուղևորություններ է ունեցել սեփական մեքենայով՝ Ֆրանսիայից մինչև Վլադիվոստոկ, Մոնղոլիա։ Ըստ երևույթին, նա ոչ միայն և այնքան հանրահայտ վայրերում է փնտրում իր մտահղացումների նյութը՝ ենթադրելիորեն ավելի էկզոտիկ տեսարանների, երևույթների, սովորույթների ու ապրելակերպի հետաքրքրություններով։ Վերադարձին Ֆրանսիա իր տպավորությունները վերածում է արվեստի՝ լուսանկարներ, կոլաժային, դիզայներական աշխատանքներ՝ ներկայացնելով դրանք ցուցահանդեսների միջոցով։ «Արվեստը միշտ էլ ցույց է տալիս այսօրվա խնդիրները, ներկայացնում այսօրվա աշխարհը»,- ասում է նա։
Նրա վերջին ծրագիրը նույնպես բավական ինքնատիպ է, ինչ -որ տեղ սիմվոլիկ՝ «Ֆրանսիական գառնուկները Հայաստանում․ ուղղությունը դեպի Կովկաս» խորագրով։
Տեղեկանալով ֆրանսիացի ֆերմերների՝ Հայաստան ուղարկված 300 ոչխարների մասին՝ նա որոշում է ուղևորվել մեր երկիր․ «Ինչպես դուք եք երազում Փարիզում լինել, նույնպես մենք՝ Կովկասում»։
Ֆրանսիայից բերված ոչխարները երեք վայրերում են տեղավորվել՝ Իջևան, Նոյեմբերյան, Գյումրի։ Նիկոլ Շեռվիեն առայժմ կարողացել էր այցելել միայն Իջևան, հանդիպել է ֆերմերներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել աշխատանքին, լուսանկարներ արել, համոզվել, որ յուրաքանչյուր մասնագիտություն իր հետաքրքրություններն ու դժվարություններն ունի։ Նա ասում է՝ Ֆրանսիայում արվեստագետ լինելը դժվար է, դժվար է նաև ֆերմեր լինելը, Հայաստանում նույնպես այդպես է։ Ընդհանրություններ տեսնելով՝ մտածում իրագործել ֆրանսիացի և հայ արվեստագետների համատեղ մի ծրագիր։ Չնայած նյութի՝ ինքնին ոչ արվեստային, ավելի ժուռնալիստական լինելուն, նա եզրեր, այնուամենայնիվ, գտնում է։ Նրան հաջողվել էր արդեն համագործակցության համաձայնություն ստանալ ֆրանսիացի մի արվեստագետից, և այդ օրը ուսանողների մեջ հույս ուներ հետաքրքրություն շարժելու իր այս ծրագրի հանդեպ։
Առավելագույնը վեց մասնակից կարող են լինել, նրանք կայցելեն հիշյալ բնակավայրեր, յուրաքանչյուրում մեկ կամ երկու ուսանող․ սահմանափակումը պայմանավորված է համավարակով։ Ճանապարհածախսի, հարկ լինելու դեպքում գիշերելու, սննդի հարցերը հոգալու են իրենք՝ մասնակից- ուսանողները։ Այցելության տպավորությունները ըստ մասնագիտացումների ներկայացվելու են արվեստի գործերով՝ լուսանկարչական շարք, դիզայներական աշխատանք, տեսաֆիլմ, գեղանկար և այլ։ Ստեղծագործական ազատ մոտեցման մեջ աբստրակցիան չի խրախուսվում՝ առաջադրանքի մեջ կենդանիների պատկերները պետք է ռեալ, հստակ լինեն՝ աշխատանքները քաշային առումով նվազագույնին հասցված, ցանկալի է գործածել վերամշակված նյութեր՝ ֆինանսական ծախսերը նվազագույնին հասցնելու նպատակով։
Ուսանողուհիներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է բնապահպանական հարցերի շրջանակում, կենդանիների պաշտպանության դիրքերից հանդես գալ, Նիկոլ Շեռվիեն ասաց, որ ծրագիրը ո՛չ քաղաքական և ո՛չ էկոլոգիական խնդիր է դնում, այն զուտ արվեստային է, գեղագիտական, էսթետիկ՝ չէ՞ որ արվեստը արդեն իսկ իր մեջ կրում է այդ բոլոր շերտերը։
Ծրագրի հաջողության դեպքում հայ ուսանողների և ֆրանսիացի արվեստագետի աշխատանքների ցուցահանդեսային ներկայացում է լինելու Ֆրանսիայում։
Մելանյա Բադալյան