Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի և ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված՝ առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը: Հակառակ պարագայում ուսանողին առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կիսամյակում կամ այլ հարակից մասնագիտությամբ սովորելու, որի դեպքում առարկայական անհամապատասխանությունների նշված պահանջը բավարարվում է:
Զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով բուհ ընդունված ուսանողների տեղափոխության դեպքում տրամադրված տարկետման իրավունքի փոփոխություն չի կատարվում:
Չի թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում ուսանողի տեղափոխությունը: Մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է առաջին կիսամյակի ավարտից հետո:
Չի թույլատրվում նպատակային տեղերում ընդունված ուսանողների տեղափոխումն այլ բուհ կամ այլ մասնագիտությամբ ուսումնառության:
Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է տվյալ մասնագիտության գծով լիցենզիայով հատկացված ընդունելության սահմանային տեղերի (ըստ ուսուցման ձևերի և որակավորման աստիճանների) շրջանակում:
Օտարերկրյա բուհերից ուսանողների տեղափոխության դեպքում հանձնման ենթակա ստուգարքների և քննությունների թվի մեջ չեն ներառվում հայագիտական առարկաները: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ սովորողն օտարերկրյա բուհում, որպես մասնագիտական, ուսումնասիրել է հայագիտական առարկաներ, ինչպես նաև տեղափոխվող բուհում ընտրել է հայագիտական մասնագիտություններ:
Կրեդիտներով պայմանավորված առարկայական տարբերությունների ցանկը որոշում է ընդունող բուհը: Ուսանողը պետք է ուսումնառի և հանձնի գոյացած տարբերությունները` ընդունող բուհի կողմից սահմանված անհատական ժամանակացույցով, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ կիսամյակի քննաշրջանի սկիզբը:
Չի թույլատրվում ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր չունեցող ոչ պետական բուհերից ուսանողի տեղափոխությունը պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բուհեր: