Մանկության երազանքը
Այն, որ երեխաների աշխարհ մուտք գործել հեշտ չէ, այն, որ նրանք բոլորովին տարբեր ձևով են ընկալում այս նույն իրականությունը, և որ մենք այնքան էլ չենք հասկանում ու երևի չենք էլ կարևորում դա, բավարարվում ենք՝ անունը դնելով մանկության մոլորակ, այդպես է: Մենք ուղղակի սիրում ենք նրանց: Ամենադժվարին ու խառը ժամանակներում երեխաներին լսելը, նրանց ուշադրության կենտրոնում պահելը պարտադիր է: Նրանք անպաշտպան են. անպաշտպան են, որովհետև անկեղծ են, անմիջական ու պարզ են, դեռ չգիտեն կյանքի գրված ու չգրված օրենքները, դեռ իրենց երազի մեջ են:
Հունիսի 1-ը երեխաների օրն է. Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ավանդաբար այդ օրը անձնահատուկ է նշում՝ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում կամ ակադեմիայի դահիճում ուրախ միջոցառումներ կազմակերպելով: Այս տարվանը շատ տարբեր էր նախորդներից. կայացավ Նկարիչների միության սրահում՝ միության նախագահ Սուրեն Սաֆարյանի և ՀԳՊԱ-ի արհեստակցական միության նախագահ Նորա Կարապետյանի նախաձեռնությամբ, «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի տնօրեն Իրինա Իսաբեկյանի և աշխատակից Լիանա Խաչատրյանի օգնությամբ: Կազմակերպիչների ջանքերի շնորհիվ տարբեր իրականություն էր ստեղծվել սրահում՝ հակադիր քաղաքային տիրող մթնոլորտին, որքան էլ ատաքուստ չերևացող, բայց մարդկանց ներսում անապահովության տագնապ կրող. ուրախ տրամադրությունները սրահի միմիայն երեխաների ներկայությամբ էր պայմանավորված: Նկարիչների միության շենքի մոտ հավաքված հյուրերին դիմավորեցին շնորհալի Միլենա Ներսիսյանի՝ երկու երգի գեղեցիկ կատարում, ապա նախասրահում՝ Ավետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցի փողային նվագախմբի կարճ համերգը: Ցուցասրահի պատերը զարդարված էին երեխաների ստեղծագործություններով: Կազմակերպիչները ջանք չէին խնայել երեխաներին ամենաբազմազան հետաքրքրություններ պարգևելու և անակնկալներ մատուցելու՝ զանազան շոու ծարագրերով: Այստեղ կային և աճպարար-իլյուզիոնիստ և պղպջակներն օդում պարացնող վարպետ, նույնիսկ օձ ու կոկորդիլոս՝ իրենց վարժեցնողի հետ: Եվ իհարկե՝ հյուրասիրություն և նվերներ։ Նվերները տրամադրել էին «Բլիք» խանութը և «Невская палитра» ապրանքանիշը:
Ավարտին երեխաներն իրենց ցանկությունների արկղով փուչիկները բաց թողեցին օդ, բակում գունավոր, անսովոր իրարանցում էր. ցանկությունների թևածումներ՝ մաքուր աչքերով մանկության… Մանկություն, որ խաղաղ ու ապահով երկինք է ամենից ավելի երազում:
Մելանյա Բադալյան