Ամենամյա ավանդական մրցանակաբաշխություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան տարիներ արդեն լավագույն ավանդույթ է ձևավորել ուսումնական տարեվերջյան մրցանակաբաշխության՝ Գեղանկարչություն, Քանդակագործություն և Գրաֆիկա կրթական ծրագրերի ուսանողների համար, ևս մեկը՝ Էդուարդ Իսաբեկյանի անվան արծաթե մեդալ: Այս վերջին երկու տարին` համաճարակով պայմանավորված, որոշակի խոչընդոտներ առաջացան ուսուցման կանոնավոր ընթացքի, ցուցահանդեսային միջոցառումները ևս պակասեցին: Անցած տարի մրցանակների օնլայն հանձնումը, իհարկե, շատ էր տարբեր նախորդներից: Եվ քանի որ ներկա պայմանները համեմատաբար բարվոք են, այս տարվա մրցանակները հանձնվեցին առձեռն:
Այն, որ ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ուսանողներին իսկապես է սիրում և ուրախանում նրանցից յուրաքանչյուրի հաջողությամբ ու նաև աջակցում, խրախուսում, դա բոլորը գիտեն: «Այս տարի մեր ավարտական քննությունները ավելի փոքր մասշտաբներով են անցնում, բայց գործ արվել է, դուք լավ արդյունքներ եք ունեցել, լավ սովորել եք, լավ աշխատանքներ եք արել, և դրանք գնահատվել են»: Նա խոսեց բակալավրիատի և մագիստրատուրայի ուսուցման տարբերությունների մասին, որի երկու տարին շատ բան է փոխում ուսանողի հասունացման, վարպետության, մտածողության մեջ և հորդորեց շարունակել կրթությունը ավելի բարձր մակարդակներում: «Այս մրցանակը ձեր կյանքում մի էտապ է, մի դրվագ, ձեր կենսագրության մի մասն է: Մաղթում եմ՝ շարունակեք զբաղվել ձեր գործով: Կյանքն իրենն է վերցնում, իր ուղղություններով է տանում, շատ դեպքերում չեն շարունակում, կամ՝ ավելի պակաս ինտենսիվությամբ: Շնորհքը, որ տրված է ձեզ, օգտագործեք, շարունակեք, եթե չեք անում, Աստված չի ներում»:
Մրցանակները հանձնեց Արամ Իսաբեկյանը՝ յուրաքանչյուր շրջանավարտին անհատապես բնութագրելով, ընդգծելով ստեղծագործության առանձնահատկությունները, տաղանդավոր կողմերը:
Գեղանկարչություն կրթական ծրագրի համար սահմանված Էդուարդ Իսաբեկյանի անվան արծաթե մեդալին արժանացավ մագիստրատուրայի շրջանավարտ Սաթենիկ Բաղդասարյանը: Գեղանկարչության՝ Էդուարդ Իսաբեկյանի անվան մրցանակի արժանացան Մանե Մակյանը, Լիլիթ Մնացականյանը, Արտուշ Պետրոսյանը և Կիմա Գյարակյանը: Գրաֆիկայի՝ Հակոբ Կոջոյանի անվան մրցանակները տրվեցին Արմինե Կարապետյանին և Տաթևիկ Նահապետյանին: Քանդակագործության՝ Արա Սարգսյանի անվան մրցանակները հանձնվեցին Նարեկ Կնյազյանին և Ահարոն Հովհաննիսյանին:
Հանձնաժողովի որոշմամբ և միջնորդությամբ Սաթենիկ Բաղդասարյանը և Գրաֆիկա կրթական ծրագրի մագիստրատուրայի շրջանավարտ Թեհմինե Վարդանյանը կանդամակցեն Հայաստանի նկարիչների միությանը:
Մելանյա Բադալյան