
Բնույթով լակոնիկ խեցեգործական արվեստի ծավալումներ «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահում
Ավանդույթ դարձած հերթական ցուցահանդեսը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց երեկ. նրկայացված էին խեցեգործություն կրթական ծրագրի ավարտական կուրսի ուսանողների աշխատանքները: Խեցեգործությունը մարդկության ամենահին զբաղմունքներից է, երբ մարդը հասկացավ նյութը, կավի օգտագակարությունը, սկսեց հունցել՝ պատրաստելով զանազան՝ իրեն անհրաժետ իրեր: Ավելի ուշ այն դուրս եկավ նախնական՝ զուտ կիրառական լինելու նշանակությունից, տեխնիկական կատարելագործումների, նյութի մշակման և իհարկե գեղարվեստական տարրեր ներմուծելու շնորհիվ մոտեցավ արվեստին: Աշխարհի բոլոր լավագույն թանգարանները առանձին խեցեգործության բաժիններ ունեն, էլ չասած՝ առանձին խեցեգործական թանգարանների մասին:
Այս մասին էր Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանի խոսքը, որում ցավով նշվեց այս կարևոր մասնագիտության հանդեպ հետաքրքրության, դիմորդների քանակի նվազման տենդենցի մասին. հիմնական պատճառը համարվեց անտեղյակությունը․ «Արվեստի մի հրաշալի ուղղություն, որ եթե մեր այս փոքր պետությունը կորցնի, շատ բան կկորցնի»: Նա հորդորեց ուսանողներին մասնագիտական զրույցներ վարել իրենց միջավայրում, ծանոթացնել խեցեգործական արվեստի նրբություններին, հետաքրքրություն առաջացնել: Նաև խորհուրդ տվեց մասնագիտությունը խորացնելու, ուսումը շարունակելու մագիստրատուրայում:
Աշխատանքների ընթացքի դժվավությունների մասին խոսեց ամբիոնի վարիչ Մարիա Բաբյանը՝ շնորհակալությամբ բուհի ղեկավարությանը, որ համաճարակի պայմաններում հնարավորություն տվեց ուսանողներին առարկայական-գործնական ուսուցման, հատուկ առանձնացրեց լաբորատոիրայի վարիչ Սարիկ Մարտիրոսյանին՝ աշխատանքային ընթացքում ամենատարբեր աջակցության համար: «Այս տարի մեզ մոտ գույն չկա, երբ մենք աշխատում էինք էսքիզների վրա, պատերազմը սկսվեց»։
«Դրական լիցքերով լի ցուցահանդես է, բեղմնավոր աշխատանք է կատարել կերամիկայի ամբիոնը»,- քանդակագործության ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանի բնութագրումը խեցեգործությանը համառոտ – սպառիչ էր՝ «Մոտ լինելով քանդակին, իր բնույթով լակոնիկ, առանց սպասելիքի արվեստ»:
Գծանկարչության և գունանկարչության ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանը անդրադարձավ բաժնի սկսնակ՝ գրեթե բոլոր ուսանողների անտեղյակությանը մասնագիտության՝ սկսած ամենապարզ բաներից՝ կավի հետ վարվելուց, գծանկարից, կոմպոզիցիայից, սակայն հետագա տարիներին հասունություն է ձեռք բերվում, ինչը դրսևորվում է արվեստի համար ամենակարևորում՝ անհատականություն, ինքնուրույն մտածողություն, սեփական ձեռագրի հայտ, որոնումներ: «Դուք կարևոր խնդիր եք լուծել. մինիմալիստական այս լուծումներով ասելիքը շատ ավելին է, քան կլիներ գույնով: Քանդակային, ծավալատարածական այսպիսի մոտեցումներով այս ամենը կարող է յուրաքանչյուր ինտերիերում որպես դիզայն- էլեմենտ հանդիսանա, ցուցադրվի քաղաքում: Այս պրիզմայից պետք է հանրաճանաչ դարձնել»:
Նա առաջարկեց դիզայնի և խեցեգործության ամբիոններին համատեղ փորձնական պրոյեկտների իրականացման. ինչպես՝ ուսանող-դիզայների՝ որևէ ինտերիերի կամ էքստերիերի աշխատանքում խեցեգործական բաժնի ուսանողի էսքիզային նախագիծ:
Մելանյա Բադալյան