Մեկնարկել են ՀԳՊԱ-ի դասախոսների վերապատրաստումները
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմն անցնում է եռափուլ վերապատրաստում լրամշակված բոլոր կրթական ծրագրերի ուղղությամբ: Առաջին քննարկումներն անց են կացվել «Արդյունաբերական դիզայն» և «Արվեստաբանություն» կրթական ծրագրերի դասախոսների հետ:
Կրթական ծրագրերի մշակումների բաժինը ՀԳՊԱ-ի ամբիոնների և աշխատանքային խմբերի հետ կազմակերպել է վերապատասրատումների շարք դասախոսական կազմի համար, որի ընթացքում ներկայացվում են կրթական ծրագրերի լրամշակումները, այդ թվում՝ ուսումնառության վերջնարդյունքները, դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդները, ինչպես նաև մոդուլների նկարագրերը, որոնք մշակելու են դասախոսները:
Արդյունքում լրամշակված կրթական ծրագրերի փաթեթները կներկայացվեն ՀԳՊԱ-ի գիտական խորհրդին հաստատման: Առաջարկված փոփոխություններով կրթական ծրագրերի մեկնարկը նախատեսվում է սույն տարվա սեպտեմբերին: