Էդիկ Վարդանյան. Կապտադեղին աշխարհի նկարիչը
Ապրիլի 15-ին լրանում է Վարպետի 75-ամյակը
Կյանքը հեշտանում, նաև ցանկալի ու նաև քաղցր է դառնում, երբ շուրջը բարի մարդիկ շատ են լինում, երբ կա ստեղծագործ, ազատ միտք, երբ բաց, անկաշկանդ, անկեղծ խոսքեր ավելի հաճախ են ասվում: Սա, այս կերպն է, որ ապրեցնում է մեզ, մարդուն մղում լավ գործերի, բարի արարքների: Ով գիտի, ճանաչում է գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Վարդանյանին, վստահաբար ունեցել է նման զգացողություն, նա եթե անգամ չխոսի, աչքերի անկյունի ժպիտը, տաք, ամուր ձեռքսեղմումը բավարար է՝ զգալու այն էներգիան, որ իր ներսից արտահոսում է արտաքին աշխարհ: Նրա նկարչությունը այդ նույն էներգիայի արտացոլումն է կտավին, նրա մարդկային կերպարի մեկ այլ երեսը, կողմը:
Նկարչի վարպետությունը գույնին, գծին կյանք ու զգացում հաղորդելն է: Թղթին հանձնած ամենաակադեմիական գրագիտությամբ պատկերն անգամ անարժեք է, եթե շունչ չունի: Էդիկ Վարդանյանի գույները, նաև թափառող ալեգորիկ պատկերները կտավին կենդանանում են, դրանց լռության դռները նա այնպես է բացում, որ բառերը դառնում են ավելորդ: Այստեղ չկա պայման, բացատրության անհրաժեշտություն, կտավը կյանքի մեկ այլ շարունակություն է՝ նկարչի ներաշխարհային հարստությամբ ցողված. Նա ուղղակի կա, ապրում է…
Մտովի վերհիշենք Էդիկ Վարդանյանի արվեստային աշխարհը: Շատ բան պետք չէ զգալու, որ նկարիչը վրձինը ներկապնակին տանելուց առաջ թաթախում է ներքին ապրումներին, հույզերին, երազներին, շաղախում մտքերի հետ: Նրա արվեստը, իհարկե, էմոցիոնալ է, և իհարկե՝ հաղորդական, մարդկային ու սրտամոտ:
Ծննդյան 70-ամյակը նշվեց Նկարիչների միության սրահում, հունիսին, շքեղ մի ցուցահանդեսով, գույնի տոնականության մեջ: Նախապես ապրիլին ծրագրված ցուցահանդեսն իր կամքով հետաձգվեց. 2016 թվականն էր: Ապրիլյան քառօրյան նոր էր ավարտվել, մեր տղաները գնացին ու չվերադարձան: «Ինչպե՞ս ցուցահանդես բացեմ, երբ դրացու, բարեկամի, հայրենակցի տանը վիշտ կա»,- ասում էր: Խիղճը, այլոց հանդեպ կարեկցանքը, ուրիշի ցավը զգալը, այս բարոյականությունն է մարդուն մարդ պահում: Նա իրեն այդ օրերին թույլ չտվեց բացել անգամ մի համեստ ցուցահանդես:
Հինգ տարի անց է հիմա այդ օրվանից, նոր իրավիճակ է երկրում՝ ծանր, դառը, անորոշ: Վեց ամիս առաջ ծանրագույն հարված կրեց մեր երկիրը՝ առանց այն էլ քայքայված, անարդարությունից ծվատված-մաշված, պարտված պատերազմից հետո լրիվ փուլ եկավ: Կորցրեցինք հայրենիքի մի մասը, որտեղ հազարավոր մեր տղաների արյունն էր քամվել երեսուն տարի, անդարձ կորցրեցիք երիտասարդ մի ողջ սերունդ, տղաները գնացին ու չվերադարձան… Կրկնակի հաշմանդամներ ու վիրավորներ՝ խնամքի կարոտ, գերիների անհայտ ճակատագիր: Մենք կորցրեցինք, նվաստացանք, փոքրացանք, միայն թե Եռաբլուրը չափսերը երկարեց, տարածեց… ՀԳՊԱ-ն նույնպես կորուստներ ունեցավ: Ուսանողներ գնացին ու չվերադարձան:
Էդիկ Վարդանյանը այն դասախոսներից, այն ուսուցիչներից է, որ ուսանողին սովորեցնում է ճիշտ ապրել, կյանքի արժեքային սանդղակում ճիշտ ընտրություն կատարել: Ոչ մի ակադեմիա և ուսուցիչ նրան նկարիչ չի կարող դարձնել, եթե նրա աշխարհընկալման, պատկերացումների մեջ երևույթների ինդիվիդուալ ընկալում չկա, եթե չկան իրականության վերացարկման ունակություն և երևակայություն: Եթե կան ստեղծագործելու այս սերմերը, լավ դպրոցը, լավ ուսուցիչը ուղղակի նվեր է նրան: Այսպիսի ուսուցիչ է Էդիկ Վարդանյանը, որ ուսանողին տալիս է պատկերային մտածողության ընկալում՝ բնության մեջ, քաղաքային կյանքում տեսածը չարտապատկերել, այլ անցկացնել իր ներքին լաբորատորիայով, և որքան հարուստ է այն, որքան իմացական, այնքան շահում է ստեղծագործությունը:
Այդպիսին իր նկարչությունն է, գույնը կտավին այնպես է քսում, որ դառնում է բանաստեղծություն, երաժշտական հնչյուն. տների կապույտ կտուրներն ու դեղին խոտհարքները միանում են երկնքին, նրա պատկերները լողում են, սավառնում՝ տեղ-տեղ հիշեցնելով Մարկ Շագալի թռչող ուրվականանման կերպարներին: Կտավներում՝ որպես գործողության կրող, հաճախ հայտնվում է նկարչի կերպարը՝ տարբեր իրավիճակներում: Երկրային ծագման թռչող իրերը, կանացի մարմինները սոսկ եթերայնության տպավորության համար չեն. Կարելի է մտածել, թե դրանք մտաէակներ են՝ նկարչի ես-ից պոկված, բայց ոչ՝ ինքնանպատակ, և ոչ որպես գեղեցկացնելու միջոց: Ինձ այնպես է թվում, թե նկարիչը այս միջոցով ներքևն ու վերևը ամբողջացնում է, հողն ու երկինքը, բարձրն ու ցածրը, ամեն բան տեսնում ամբողջականության հարմոնիայի մեջ: Սա, կարծում եմ, նրա նկարչության մետաֆիզիկական տարրն է. ու չնայած կտավների վառ, ակտիվ պալիտրային՝ հանդարտություն-հավասարակշռությունն է իշխում:
Էդիկ Վարդանյանը ամուր թելերով կապված է իր հողին, երկրին, հողի մարդուն: Նա շատ մոտ է զգում երկրի հոգին, կորցրած երկրի կարոտն է նկարում՝ Արաքսից այն կողմ մնացած մեր հայրենիքի. դա արտահայտում է Մեծարենցյան լազուր, արցունքի պես մաքուր տողերի թափանցիկությամբ: Նկարչի բարի աչքերը տեսան հայրենիքի այս նոր աղետը, հոգին հայրենազրկման ցավը զգաց, հայության շփոթն ու քաոսը, ժպիտի գույները փոխվեցին, տխրեցին, նա դժվար, ծանր է ապրում այն, ինչ կատարվեց մեզ հետ:
Վարպետի ծննդյան 75-ամյակի մեր շնորհավորանքները նրա կտավների գույնի են՝ բաց, թափանցիկ, հագեցած, շողարձակող, ապրեցնող՝ որ նորից ու նորից վրձնի իր երկրի երկնքի խաղաղ կապույտն ու ցորյանի արտերի ոսկին…
Մելանյա Բադալյան
Լուսանկարները և նկարների վերարտադրությունը՝ Մեսրոպ Մեսրոպյանի