Ինտերիերի դիզայն մասնագիտությամբ ՀԳՊԱ բակալավրիատ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար», «Գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:
1. «Գծանկար»
Առաջադրանք
Նատյուրմորտ. դիմորդի գիտելիքները և ունակությունները գծանկարում ստուգելու նպատակով տրվում է առաջադրանք՝ բարդ երկրաչափական մարմինների և կենցաղային առարկաների համադրությամբ A2 չափի թղթի վրա նկարել նատյուրմորտ՝ պահպանելով տեղադրման, կոնստրուկտիվ կառուցման և հեռանկարի կանոնները, ստանալ առարկաների արտաքին իրական ձևերը, լույսի ու ստվերի միջոցով լուծել ծավալային և տարածական խնդիրները:
Անհրաժեշտ նյութերը. կոշտ և փափուկ մատիտներ, A2 չափի թուղթ, 50×70 չափի պլանշետ, ռետին, սրիչ:
Կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները
a) նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսի մեջ (0-4 միավոր);
b) դրված առարկաների հարմոնիկ կապը միմյանց հետ կոնստրուկտիվ կառուցում, արտաքին ձևերի պահպանում և ներդաշնակություն, համաչափությունների խնդրի լուծում (0-6 միավոր);
c) լույս, ստվեր, ծավալ, հեռանկարչական խնդիրների լուծում (0-6 միավոր);
d) գծանկարչական տեխնիկա, կատարման որակ (0-4 միավոր):
2. «Գունանկար»
Առաջադրանք
Նատյուրմորտ. դիմորդի գիտելիքներն ու ունակությունները պարզելու նպատակով տրվում է նատյուրմորտ, բարդ երկրաչափական մարմինների, կենցաղային առարկաների համադրությամբ: A2 չափսի թղթի վրա ջրային ներկերով անհրաժեշտ է նկարել նատյուրմորտ՝ լուծելով թղթի մակերեսի մեջ տեղավորելու, հեռանկարի և իրերի համաչափությունները կառուցելու, ծավալները տաք և սառը գույներով և գունային ներդաշնակությունը իրական կազմակերպելու խնդիրները (ըստ միջավայրի):
Անհրաժեշտ նյութերը. A2 չափսի թուղթ, 50×70 չափի պլանշետ, ջրային ներկեր (ակրիլ, տեմպերա, գուաշ, ջրաներկ), մատիտ, ջրի բաժակ, վրձիններ:
Կատարման ժամաքանակը. Ընդհանուր տևողությունը 6 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները
a) նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսի մեջ (0-4 միավոր);
b) առարկաների համաչափությունը, արխիտեկտոնիկ կապը միջավայրի հետ, հեռանկարի խնդրի լուծումը (0-4 միավոր);
c) առարկաների, նյութի և ծավալի լուծումները (0-6 միավոր);
d) առարկաների գունային ներդաշնակությունը (0-6 միավոր):
3. «Կոմպոզիցիա»
Առաջադրանք 1. գծագրություն
Գծագրության գիտելիքները բացահայտելու նպատակով դիմորդին առաջադրվում է գծագրել գլան, կանոնավոր պրիզմա, բուրգ, կոն, որի մեջ բացված է «Y» կամ «Z» կոորդինատային առանցքին զուգահեռ, այլ կանոնավոր մարմնի հատումով գոյացած անցք: Տրվում են երկու պրոյեկցիաները, որոնցից մեկը թերի է: Պահանջվում է լրացնել թերի պրոյեկցիան, գծագրել երրորդը` ցույց տալով չերևացող գծերը և կառուցել ակնառու պատկերը (աքսոնոմետրիա):
Անհրաժեշտ նյութերը. A2 չափի գծագրական թուղթ, 50×70 չափի պլանշետ, գծագրական պիտույքներ, երկու եռանկյուն քանոն (45 և 60/30 աստիճան անկյուններով), կարկին, ջրային ներկեր (գունավոր մատիտներ և/կամ ֆլոմաստերներ), վրձին:
Գնահատման չափանիշները
a) տրված պրոյեկցիաների լրացում (չնշված տարրերի գծագրում ըստ նշված չափերի) (0-2 միավոր);
b) երրորդ պրոյեկցիայի գծագրում (0-3 միավոր);
c) ակնառու պատկերի (աքսոնոմետրիայի) կառուցում (0-3 միավոր);
d) գծագրական տեխնիկան (կատարման որակը) (0-2 միավոր):
Առաջադրանք 2. գունային և ծավալատարածական կոմպոզիցիա (ստեղծագործական աշխատանք)
Գունային և ծավալատարածական կոմպոզիցիա կազմելու ունակությունը բացահայտելու նպատակով դիմորդին առաջադրվում է երկրաչափական մարմիններ (օգտագործելով ոչ պակաս, քան 6 երկրաչափական մարմին), այդ մարմինների համադրության, կրկնության կամ դրանց չափերի մեծացման կամ փոքրացման միջոցով կատարել ծավալատարածական գունային կոմպոզիցիա:
Անհրաժեշտ նյութերը. A2 չափի գծագրական թուղթ, 50×70 չափի պլանշետ, գծագրական պիտույքներ, երկու եռանկյուն քանոն (45 և 60/30 աստիճան անկյուններով), կարկին, ջրային ներկեր (գունավոր մատիտներ և/կամ ֆլոմաստերներ), վրձին:
Գնահատման չափանիշները
a) ստեղծագործության տեղադրումը թղթի վրա (0-2 միավոր);
b) ստեղծագործության մեջ երկրաչափական մարմինների բազմազանությամբ արտահայտված դիմորդի երևակայությունը (0-2 միավոր);
c) կատարված հորինվածքի գույների ներդաշնակությունը (0-3 միավոր);
d) աշխատանքի կատարողական հմտությունները և որակը (0-3 միավոր):
Առաջադրանքների կատարման ժամաքանակը. ընդհանուր տևողությունը 8 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):