«Համակարգչային գրաֆիկա» լրամշակված բակալավրի կրթական ծրագիրը ներկայացվեց գործատուներին
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հանդիպում էր կազմակերպել գրաֆիկական դիզայն ոլորտի մասնագիտական կազմակերպությունների հետ՝ ներկայացնելու «Համակարգչային գրաֆիկա» լրամշակված բակալավրի կրթական ծրագրով սահմանված ակնկալվող ուսումնառության վերջնարդյունքները:
Պոտենցիալ գործատու կազմակերպություններին ներկայացվեցին կրթական ծրագրի առաքելությունը, նպատակն ու խնդիրները: Հատկապես կարևորվեցին կրթական ծրագրով նախանշված ուսումնառության վերջնարդյունքները, որի շուրջ ծավալվեցին հիմնական քննարկումները: Մասնակից գործակալությունների ներկայացուցիչները իրենց գոհունակությունը հայտնեցին նախնական մշակումների վերաբերյալ՝ անդրադառնալով շուկայի արդի պահանջներին ու շեշտադրելով սովորողների մոտ մի շարք թիրախային ու կոնցեպտուալ հմտությունների զարգացման անհրաժեշտությունները: Քննարկման ընթացքում գործատուները առանձնացրեցին այն թերացումներն ու բացթողումները, որոնք այսօր նկատելի են շրջանավարտներից մեծ մասի շրջանում և հաստատեցին, որ նման ակնկալվող վերջնարդյունքներին հասնելու դեպքում կձևավորվի աշխատաշուկայի համար պահանջնվող մասնագետների զանգվածը:
Հանդիպմանը կարևորվեց նաև հետագա քննարկումների անհրաժեշտությունն ու գործատուների ավելի լայն ներգրավվածությունը կրթական ծրագրի մշակումների գործընթացում, ինչը կապահովի համագործակցության շրջանակի ընդլայնումը:
Նշենք, որ ՀԳՊԱ-ն ակտիվորեն շարունակում է մշակել ու վերանայել առաջարկվող բոլոր կրթական ծրագրերը՝ անդրադառնալով ոլորտում առկա մարտահրավերներին ու ապահովելով դրանց համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին: