ՀԳՊԱ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններում պետական ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի վերաբերյալ դիտարկումներ դասավանդող կազմի կողմից
ՀԳՊԱ Որակի ապահովման կենտրոնը հավաքագրել է տարբեր կարծիքներ բոլոր կրթական ծրագրերի դասավանդող կազմի այն ներկայացուցիչներից, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել գործընթացին: Կարծիքների հավաքագրումն իրականացվել է 2020 թ. պետական ավարտական առցանց քննությունների արդյունավետությունը գնահատելու նպատակով: Ստորև ներկայացնում ենք հավաքագրված տեղեկությունը մի քանի ուղղությամբ՝ ըստ մասնագիտությունների:
Նախապատրաստական աշխատանք
«Դիզայն». Ավարտող ուսանողներն իրենց ղեկավարների հետ հեռավար աշխատել են ամիսներ շարունակ: Ղեկավարները տեղյակ են եղել նախագծի կատարման ողջ գործընթացից: Մինչև համաճարակը, ամբիոնն արդեն իսկ որոշել էր, որ մագիստրատուրայի պետական ավարտական քննությունը անցկացնելու է առանց պլանշետներ տպագրելու: Ամբիոնը նախապես պլանավորել էր աշխատանքները ներկայացնել PowerPoint համակարգչային ներկայացման ծրագրի միջոցով:
Նախապատրաստական շրջանի հեռավար կազմակերպումը առավել ցայտուն կերպով ցույց տվեց ուսանողների իրական հնարավորությունները, ուսումնական չորս տարիներին ձեռք բերված գիտելիքների, հմտությունների ու տեխնիկական-կատարողական կարողությունների իրական մակարդակը: Արդյունքում հստակ երևացին կրթական ծրագրի թույլ և ուժեղ կողմերը, ծրագրային փոփոխություններ իրականացնելու հրատապությունն ու այն ուղղությունները, որոնք առաջնահերթ պետք է ենթարկվեն փոփոխության:
Նախապատրաստական փուլի թույլ կողմերից կարող ենք նշել հետևյալը՝ ուսանողների մի մասի հետ քննարկումները անցկացվում էին հեռախոսազանգերի միջոցով ինտերնետային վատ կապի պատճառով: Ոչ միշտ էր հաջողվում օգտվել համացանցային հարթակներից:
«Համակարգչային գրաֆիկա». Նախապատրաստական փուլում ղեկավարի և ուսանողի միջև մարդկային իրական շփման բացակայությունը գնահատվում է հիմնականում բացասական: Ելնելով մասնագիտության առանձնահատկություններից՝ հարկ է նշել, որ կան մասնագիտական նրբություններ, որոնք առցանց հնարավոր չէ հաղորդել ուսանողին: Դասախոսներից մեկը նշում է՝ վերջնական արդյունքը պետք է տպագրվեր, քանի որ լավ աշխատանքները հետագայում ցուցադրվում են որպես օրինակ ուսանողների համար /դիդակտիկ նյութ/, ինչը հայտնի պատճառներով տեղի չի ունեցել: Դասախոսներից մեկ ուրիշը նշել է՝ դրական կողմ այստեղ կարող է համարվել, որ ուսանողներն ազատվել են հավելյալ տպագրական ծախսերից:
«Հագուստի մոդելավորում». Նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ տեղեկություն չի տրամադրվել:
«Դեկորատիվ կիրառական արվեստ». Նախքան դիպլոմային պաշտպանության օրը, ամբիոնը Zoom ծրագրով անցկացրել է շրջանավարտների ընթացիկ դիտումներ, որից հետո ամբիոնի կողմից իրականացվել են քննարկումներ: Հարկ է նշել, որ ամբիոնը երկու անգամ իրականացրել է փորձնական պաշտպանություն, որպեսզի ուսանողները ծանոթ լինեն պաշտպանության հիմնական մոտեցումներին, ինչպես նաև առցանց նոր ձևաչափին։
«Գեղանկարչություն». Նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ տեղեկություն չի տրամադրվել:
«Քանդակագործություն». Նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ տեղեկություն չի տրամադրվել:
«Գրաֆիկա». Նախապատրաստական աշխատանքներն անցան սահուն և արդյունավետ։ Առցանց տարբերակում առավելություն է ղեկավար-ուսանող մոբիլ կապը և 24-ժամյա հասանելիությունը։ Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս թե՛ լիիրավ հետևել ուսանողի աշխատանքային գործընթացին, թե՛ անհրաժեշտության դեպքում ուղղել կամ շտկել թերությունները՝ օգտագործելով wacom cintiq + screen sharing ֆունկցիան: Գրաֆիկայի բաժնի ուսանողների համար ուղղակիորեն անհնարին էր իրականացնել գեղարվեստական տպագրություն տնային կամ մեկուսացման պայմաններում առանց լաբորատոր սարքերի և նյութերի: Հետևաբար, այն դիպլոմային աշխատանքները, որոնցում առկա էր գեղարվեստական տպագրություն, զգալիորեն տուժեցին՝ մնալով անավարտ կամ իրականացնելով այլընտրանքային տեխնիկաներով։
«Կերպարվեստի պատմություն և տեսություն». Դասախոսները նշում են, որ զգալի տարբերություն չկար՝ երկու դեպքում էլ՝ թե անմիջական շփման ժամանակ, թե առցանց դասերին հանձնարարվում էր գրականություն, ուսանողը գրում էր հատված առ հատված, ուղարկում էր դասախոսին, ստուգվում էր և հետ ուղարկվում։ Դիտողությունները նշվում էին տեղում և մանրամասն բացատրվում հեռախոսով։
Նախապատրաստական փուլում մեծ խնդրի են առնչվում ընդդիմախոսները, երբ ուսանողների թիվը մեծ է։ Օրինակ, դասախոսը նշում է, որ ուներ զգալի թվով ուսանողներ «Գեղանկարչություն» և «Քանդակագործություն» կրթական ծրագրերից։ Նրանք ուղարկում էին աշխատանքի լուսանկարը։ Հաշվի առնելով բուհի առանձնահատկությունը, նշվում է, որ դժվար է լուսանկարով դատել գույնի, տոնի, ստվերային մշակումների մասին։ Այսինքն կարծիքը դառնում է մոտավոր և ոչ ճշգրիտ ու ոչ պրոֆեսիոնալ։
Պաշտպանություն
«Դիզայն». Ամբիոնի կողմից հստակորեն ներկայացվել են պաշտպամության բուն գործընթացի ուժեղ և թույլ կողմերը:
Ուժեղ կողմեր.
- Ներկայացման համար ընտրված նման մոտեցումը առավել հասկանալի ձևով էր փոխանցում ավարտական աշխատանքի վերաբերյալ կարևոր տեղեկությունը, քան նախկինում:
- Առավել տեսանելի էին ուսանողների կողմից մշակված ծավալատարածական լուծումները, գծագրերն ու հանգույցները:
- Մեծ առավելություն էր նաև հետազոտական մասը շնորհանդեսներում ներառելու առումով, քանի որ նմանօրինակ տեղեկությունը անչափ կարևոր է թեմաներն ամբողջովին ընկալելու համար:
Թուլ կողմեր.
- Ինտերնետ կապի վատ որակի պատճառով պրեզենտացիաներում/շնորհանդեսներում առկա բանավոր խոսքը և վիզուալ պատկերները հաճախ լիարժեք լսելի և տեսանելի չէին:
- 7-8 րոպե տևողությամբ պրեզենտացիաները/շնորհանդեսները շատ հաճախ արագ թերթվում էին, որի արդյունքում բաց էր թողնվում թեման ունկնդրին առավել հասկանալի դարձնելու համար աշխատանքի վերաբերյալ կարևոր հետազոտական և անհրաժեշտ տեղեկությունը:
- Գույները մոնիտորով, առավել ևս պրոյեկտորով էկրանի վրա վերարտադրելուց աղավաղվում են:
«Համակարգչային գրաֆիկա». Ամբիոնի ներկայացուցիչները հստակորեն ներկայացրել են գործընթացի հիմնական ուժեղ և թույլ կողմերը .
Ուժեղ կողմեր.
- Գործընթացն ավելի կազմակերպված էր անցնում՝ չկար աղմուկ, պայմաններն ավելի հանգիստ էին:
- Ժամանակի տևողությունը կրճատվում է և այն օգտագործվում է ավելի արդյունավետ:
- Ուսանողն ազատվում է հավելյալ տպագրական ծախսերից:
- Ուսանողը սովորում է առցանց գործ ներկայացնել, որը նպաստում է հետագայում առցանց հարցազրույց տալուն, ինչպես նաև ֆրիլանս աշխատանք կատարելիս, պատվիրատուի հետ ճիշտ շփվելուն:
Թույլ կողմեր.
- Բոլոր առումներով՝ թե՛ նախապատրաստական փուլում ղեկավար-ուսանող աշխատանքը, թե՛ պաշտպանության ընթացքում մարդկային իրական շփման բացակայությունը բացասական է գնահատվել:
- Գնահատելիս ընդհանրապես արդյունավետ և շահեկան չէր էկրանային տարբերակը, քանի որ գույները՝ տպագրածի, էկրանի և մոնիտորի, խիստ տարբերվում են:
- Տուժում էր աշխատանքի որակը առցանց ցուցադրելիս: Անորակ և որակով աշխատանքները դիտվում են համարժեք, հատկապես գունային լուծումները: Նախկին ներկայացման ձևաչափը նպատակահարմար չէ առցանց ներկայացման համար /240սմX120սմ տարբերակը/:
- Ուսանողներն իրենց ընկերների աշխատանքը չէին տեսնում, ինչը ևս բացասական է:
- Գույները մոնիտորով, առավել ևս պրոյեկտորով էկրանի վրա վերարտադրելուց աղավաղվում են:
«Հագուստի մոդելավորում». Ամբիոնի ներկայացուցիչները ներկայացրել են գործընթացի ուժող և թույլ կողմերը, սակայն առանձնացրել են հիմնականում թույլ կողմերը:
Ուժեղ կողմեր.
- Ժամանակի և ծախսերի կրճատում:
Թույլ կողմեր.
- Տեխնիկայի խափանումներ, ձայնային թերություններ: Zoom-ի մեջ շատ մասնակից կար: Մասնակիցների մի մասը ժամանակին չէին անջատում իրենց խոսափողերը, իրար էին խառնվում մասնակիցների արձագանքները:
- Մարդկային անմիջական շփման բացակայություն:
- Ուսանողի կատարած աշխատանքի ոչ լիարժեք ներկայացում:
- Չկար անհատական մոտեցում և նյութի՝պատրաստի հագուստի դիտում:
- Հարց ու պատասխանի հնարավորությունը սահմանափակ էր:
- Ուսանողի կատարած աշխատանքի ողջ ծավալը չէր երևում /մագիստրատուրա/:
- Հանձնաժողովը մեկ օրում քննեց 50-ից ավել ուսանողի: Ուսանողներին կարող էին բաժանել երկու խմբի գործընթացը առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
- Գույները մոնիտորով, առավել ևս պրոյեկտորով էկրանի վրա վերարտադրելուց աղավաղվում են:
«Դեկորատիվ կիրառական արվեստ». Ամբիոնը նշում է.
Ուժեղ կողմեր.
- Պաշտպանությունն անցավ առանց խոչընդոտների, բոլոր ուսանողները քաջ ծանոթ էին, թե ինչպես պետք է ներկայացնեին իրենց նյութը։
Թույլ կողմեր.
- Սակայն պաշտպանությունն անցավ միայն էսքիզների հիման վրա՝ չէին իրականացվել և չցուցադրվեցին նյութով կատարված աշխատանքները:
- Հասկանալի է նաև, որ առցանց հարթակը չի կարող փոխարինել ուսանողի և իր աշխատանքի ֆիզիկական ներկայությանը:
«Գեղանկարչություն». Ամբիոնը ներկայացրել է միայն պաշտպանության գործընթացի հիմնական թույլ կողմերը.
- Ավարտական աշխատանքների ֆիզիկական բացակայություն և վերջիններս միայն հեռավար կամ զուգահեռաբար լուսանկարներով տեսնելու հնարավորություն։
- Պաշտպանությունը լինելով բաց գործընթաց, որին կարող էին ներկա գտնվել այլ ուսանողներ, դասախոսներ, հյուրեր և այլն, առցանց պայմաններում հնարավոր չէր և սահմանափակվեց միայն գործընթացին անմիջականորեն ներգրավված անձանց մասնակցությամբ։
«Քանդակագործություն». Ամբիոնի ներկայացուցիչների կողմից պաշտպանության գործընթացի վերաբերյալ տեղեկություն չի տրամադրվել: Ներկայացնում ենք ընդդիմախոսի կարծիքը՝
Քանդակի դեպքում խնդիրն ավելի վատ է։ Անգամ եթե ուսանողը նկարել էր աշխատանքը բոլոր կողմերից, դժվար է ճիշտ և ստույգ տպավորություն կազմել քանդակի մասին, քանի որ այն ծավալային է և պետք է դիտվի բոլոր կողմերից։
«Գրաֆիկա». Ամբիոնի ներկայացուցիչները նշում են.
Ուժեղ կողմեր.
- Շատ լավ էր կազմակերպված ավարտական աշխատանքների հեռավար պաշտպանության ընթացքը, այն է՝ ուսանողի, ղեկավարի ելույթ, գրախոսի կարծիքի ընթերցում, դիպլոմային աշխատանքների թվային տարբերակների ցուցադրում, մատուցվող նյութի ճիշտ հերթագայում:
- Չկային ընթացքը խափանող ակնհայտ տեխնիկական խնդիրներ:
- Ուսանողներին հնարավորություն տրվեց ամբողջությամբ ներկայացնել իրենց աշխատանքները, զուգահեռաբար գործերը ցուցադրվում էին մեծ էկրանին։
Թույլ կողմեր.
- Թերևս տուժեց դիպլոմային պաշտպանության էսթետիկ կողմը, երբ հանձնաժողովը ստիպված էր դիտել գրաֆիկական աշխատանքերն էկրանին, այլ ոչ բնօրինակները։
- Բնօրինակի և էկրանի արտապատկերի ազդեցության միջև առկա է մեծ տարբերություն, որը չի կարող անմասն մնալ հանձնաժողովի կայացրած որոշումների մեջ։
- Բացի այդ, որոշակիորեն թերանում էր ուսանողի և հանձնաժողովի միջև՝ պաշտպանության համար բավականին կարևոր նշանակություն ունեցող երկխոսությունը:
«Կերպարվեստի պատմություն և տեսություն». Նշում են՝
Ուժեղ կողմեր.
- Դասխոսներն ու ուսանողները հիմնականում հաղթահարել են հոգեբանական ու տեխնիկական դժվարությունները։
Թույլ կողմեր.
- Նկատվում էր որոշ կաշկանդվածություն՝ կապված անսովոր պայմանների հետ։ Դրա պատճառը թերևս այն էր, որ լսարանում ավարտական աշխատանքը ներկայացնող շրջանավարտը անմիջական շփման մեջ գտնվելով հանձնաժողովի անդամների, իր դասախոսների, ղեկավարի, ընդդիմախոսի ու կուրսեցիների հետ՝ իրեն սովորական ու հարազատ միջավայրում է զգում, ավելի վստահ է ներկայացնում կատարած աշխատանքը և ավելի շուտ է կողմնորոշվում տված հարցերին ամբողջական պատասխան տալու համար։
- Այս կրթական ծրագրի պետական ավարտական առցանց քննության ժամանակ խնդիրներն ու թերացումները հիմնականում կրում էին տեխնիկական բնույթ, այն է՝ ձայնի, պատկերի խափանում, կապի ընդհատում, ինչը նկատելիորեն բարդացնում էր երկխոսությունը:
- Կային հարթակի գործիքների կիրառման որոշակի խնդիրներ:
- Ուսանողը հնարավոր է իր ելույթը ամբողջովին կարդա, ստեղծելով տպավորություն, թե մտածելով շարադրում-պատմում է:
- Ուսանողը հնարավոր է շփոթվելու ժամանակ վերագրի այն տեխնիկական խոտանի՝ կապը վատն է, ձայնը չի միանում և այլն:
- Հանձնաժողովի կողմից տրվող հարցը չէր դառնում քննարկման առարկա, ինչպես անմիջական շփման ժամանակ:
- Սթրեսային միջավայր է ուսանողի համար՝ մենակ է, հեռու ղեկավարից, չկան ընկերներ:
- Մի շարք կարկառուն արվեստաբաններ, ինչպիսիք են՝ Վիգեն Ղազարյանը, Հրավարդ Հակոբյանը, չէին մասնակցում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությանը:
Բոլոր ՄԿԾ-երի համար ընդհանուր դիտարկում՝
Հանդիսավոր պաշտպանությունը մեծ իրադարձություն է յուրաքանչյուր շրջանավարտի կյանքում, ինչից զրկվեցին այս տարվա շրջանավարտները:
Որակի ապահովման կենտրոնի ղեկավար՝ Նունե Մինասյան
Որակի ապահովման կենտրոնի մասնագետ՝ Մարիամ Հովհաննիսյան