Քննարկում բարձրագույն կրթության ներառականության վերաբերյալ
Բարձրագույն կրթության ոլորտում ներառականության զարգացման նպատակով հոկտեմբերի 5-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում կազմակերպվել էր կլոր սեղան քննարկում: ՀԳՊԱ դասախոսական կազմը խոսեց ակադեմիայում ներառական կրթության ոլորտում առկա խնդիրների մասին:
Քննարկվեց «Ներառականությունը լսարանում. դասավանդում և գնահատում» թեման: Դասախոսներն առանձնացրեցին այն խոցելի խմբերը, որոնք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեն, ինչպես նաև քննարկեցին նմանատիպ ուսանողների համար բարձրագույն կրթությունն առավել մատչելի դարձնելու ուղիներն ու հնարավորությունները: ՀԳՊԱ անձնակազմն առաջարկեց իրականացնել ինստիտուցիոնալ փոփոխություններ, ներառյալ՝ պատասխանատվության վերաբաշխում, դասախոսական և վարչական անձնակազմի համար վերապատրաստումների իրականացում, ինչպես նաև բյուջեի վերաբաշխում:
Անդրադառնալով փաստաթղթային հենքին՝ ասենք, որ ՀԳՊԱ-ն 2017-2021թթ. Ռազմավարական ծրագրում կարևորել է բարձրագույն կրթության ոլորտում ներառականության զարգացումը և այդ ուղղությամբ պլանավորել համապատասխան միջոցառումներ: Ավելին, ՀԳՊԱ-ն մշակել է ներառական բարձրագույն կրթության վերաբերյալ քաղաքականություն, որը կնպաստի Ակադեմիայում ներառականության մշակույթի ձևավորմանը և տարածմանը:
Հարկ է նաև նշել, որ պետական մակարդակով մշակվում են ներառականության ազգային ուղենիշեր և դասավանդման և ուսումնառության ներառական մոտեցումների ուղենիշեր, որոնց աշխատանքային խմբում են նաև ՀԳՊԱ աշխատակիցները: