Նեֆերտիտին ժամանակակից գեղեցկուհի է դարձել
Կահիրեի «Զամալեկ» գեղարվեստական պատկերասրահում բացվել է եգիպտացի ներկայիս ամենահարգված նկարիչներից մեկի՝ Հոսամ Դիրարի ցուցահանդեսը։ Այն նվիրված է հանրահայտ եգիպտական թագուհի Նեֆերտիտիին։ Վերջինիս նկարիչը ներկայացնում է ժամանակակից գեղեցկուհիների կերպարներում. հարսանեկան զգեստով, ծաղկեփնջով, երեկոյան հանդերձանքով և նորաձև պսակներով։
«Նեֆերտիտի» անունը թարգմանվում է որպես «գեղեցկուհին եկավ» կամ «գեղեցկությունը եկավ»։ Սակայն «գեղեցկությունն» այստեղ նշանակում է ոչ միայն ֆիզիկական գրավչություն, այլև բարություն ու կատարելություն ընդհանրապես։ Ինչպես նշում է Դիրարը, իր աշխատանքներով նա հորդորում է կանանց դուրս գալ ստվերից և պաշտպանել սեփական իրավունքներն ու ազատությունները։ Պատկերելով Նեֆերտիտիին ժամանակակից հագուստով ու թագավորական գլխապսակով՝ նկարիչը հիշեցնում է, թե ինչպիսի իշխանությամբ է օժտված եղել կինը Հին Եգիպտոսում։ Նա կոչ է անում երկրի իշխանություններին՝ պայքարել կանանց դիսկրիմինացիայի դեմ։
Նշենք, որ Հոսամ Հասան Դիրարը ծնվել է Կահիրեում։ Նա գեղանկարիչ է, որը կտավներից բացի աշխատում է նաև վիդեոյի, ձայնի և մոնտաժի հետ։ Նրա աշխատանքները նվիրված են մշակութային ինքնատիպությանը, գենդերային դերերին, ինչպես նաև սոցիալ-տնտեսական և քաղաքական գաղափարներին։