Կրթական ծրագրերի վերանայումն ուղեկցվում է փորձի փոխանակմամբ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիզայն և Համակարգչային գրաֆիկա մասնագիտության կրթական ծրագրերը վերանայող աշխատանքային խմբերը ամփոփեցին կատարված աշխատանքները` ներկայացնելով մինչ օրս ձեռք բերած արդյունքներն ու փոխանակելով մշակումների գործընթացի հիմնական մարտահրավերները և գաղափարները։Կազմակերպված հանդիպման կարևորությունը առանձնացրեցին ՀԳՊԱ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտորը, համապատասխան ամբիոնների վարիչները, ուսումնամեթոդական մասն ու մասնակիցները։
Նրանք ընդգծեցին, որ նման հանդիպումները թույլ են տալիս հասկանալ աշխատանքային խմբերի կողմից իրականացվող գործողությունները և գնահատել կրթական ծրագրերի վերանայման և հատկապես ուսումնական պլանների կազմման և համապատասխանեցման գործընթացներում համագործակցությունների հնարավորությունները։ Նման նախաձեռնությունը հնարավորություն է տալիս դեռևս մշակման նախնական փուլերում ստեղծել նախադրյալներ հարակից մասնագիտության կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների կողմից համատեղ նախագծերի պլանավորման և իրականացման համար։
Հանդիպման մասնակից աշխատանքային երկու խմբերն անդրադարձան Արդյունաբերական դիզայն և Համակարգչային գրաֆիկա կրթական ծրագրերով արդեն իսկ մշակված և առաջարկվող մոդուլներին/դասընթացներին, որոնք թույլ են տալու ուսանողին ձեռք բերել ակնկալվող ուսումնառության վերջնարդյունքները։ Աշխատանքային խմբերը հավաստեցին, որ ուսումնառության վերջնարդյունքները մշակելիս և ուսումնական պլանները կազմելիս հաշվի են առել շուկայի արդի պահանջներն ու ժամանակակից մոտեցումները, ինչը հնարավորություն կընձեռի ուսանողներին ուսումնառության տարիներից լիովին ներգրավված լինել աշխատանքային գործընթացում` ստանալով համապարփակ գիտելիք, կարողություններ և հմտություններ մասնագիտության վերաբերյալ, ինչպես նաև լաբորատոր պայմաններում պլանավորել և իրականացնել պարզից մինչև բարդ և հետազոտական բնույթի նախագծեր։ Այս նպատակով երկու խմբերը կարևորեցին կրթական ծրագրերի համագործակցությունը համատեղ նախագծեր իրականացնելու, ինչպես նաև աշխատաշուկայի ներկայացուցիչների հետ տեղում իրական նախագծերի վրա աշխատելու անհրաժեշտությունը։ Վերանայվող կրթական ծրագրերի փաթեթները լավագույնս կծառայեն վերոնշյալ նպատակին։
Նման հանդիպումներ և քննարկումներ կկազմակերպվեն հետագայում ևս` հնարավորություն տալով կրթական ծրագրերի վերանայման գործընթացի տարբեր փուլերում փոխանակել փորձ ու գաղափարներ։