Դիլիջանյան պրակտիկայի արդյունքները
Դիլիջանում անցկացվող ամառային պրակտիկան՝ մանավանդ առաջին կուրսեցիների համար, աշխատանքային փորձառության լավ սկիզբ է և ուսուցողական առումով կարևոր նշանակություն ունի: Այս տարի նրանք այս շրջանն անց կացրին հունիսի կեսերից, որի արդյունքները կամ հաշվետու ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 30-ին՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Ներկայացված աշխատանքները՝ դիլիջանյան տպավորությունների, հիմնականում բնապատկերներ, դրվատանքի արժանացան:
ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, յուրաքանչյուրի անհատական նախասիրություններին, արդեն նշմարվող ոճին անդրադառնալով, նաև որոշ խորհուրդներ տվեց. «Թեև ձեր հիմնական առաջադրանքը էդյուտն է եղել, բայց լավ կլիներ դրանց մեջ տեղ գտներ ընդհանրացնող, ամփոփիչ, ծավալուն աշխատանք և պարտադիր չէր, որ դա լիներ հենց պլեներում արված գործ»: Կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանը՝ ուսանողներին շնորհավորելով հանրային առաջին ցուցադրության առիթով, նրանց մաղթեց հետագա հաջողություններ ազատ ստեղծագործական աշխատանքի մեջ:
Պրակտիկան ղեկավարող ավագ դասախոս Մեխակ Էլբակյանը դրվատանքի խոսքեր ասաց դիլիջանյան աշխատանքային ընթացքի մասին: Ուսանողների ցուցաբերած կազմակերպվածությունը, աշխատասիրությունը, ձգտումը համարելով արդեն իսկ անհրաժեշտ նախադրյալներ գիտելիք ու հմտություն ձեռք բերելու և հետագա հաջողությունների համար, նա ասաց. «Բնությունից պետք չէ կտրվել։ Նկարչի համար կարևոր է, բնությունից նա շատ բան ունի սովորելու, ու դրա գիտակցումն է կարևոր»:
Մելանյա Բադալյան