Դեյվիդ Քուին. «Չենք փորձում նրանց կրակի տալ, այլ փորձում ենք կրակ վառել նրանց մեջ»
Անիմացիոն արվեստի իռլանդական ուսուցման փորձի փոխանակում
Դուբլինի Արվեստի դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի ֆիլմի, արվեստի և ստեղծագործական տեխնոլոգիաների ֆակուլտետի դասախոս Դեյվիդ Քուինի երկօրյա դասախոսությունները ՀԳՊԱ-ում նորություն էին. առաջին անգամ հնարավորություն եղավ անմիջականորեն ծանոթանալու այս ասպարեզի իռլանդական ուսումնական փորձին։ Այն նաև ուսանելի էր կիրառվող մեթոդների և մոտեցումների փոխանակման համար ու նաև հնարավորություն՝ դասախոսների և ուսանողների հետագա երկկողմանի համագործակցության:
Մինչ այդ Դեյվիդ Քուինը հանդիպում ունեցավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի հետ, եղավ մտքերի, կարծիքների փոխանակում. ռեկտորը ընդհանուր ներկայացրեց ակադեմիան, հյուրին նվիրեց իր նորընծա գեղանկար աշխատանքների ալբոմը, հրավիրեց Նկարիչների միության ցուցասրահում այդ օրերին ընթացող իր անհատական ցուցահանդեսին:
Դեյվիդ Քուինի այցը իրականացվել է ՀԳՊԱ-ի միջազգային կրեդիտային շարժունակության ծրագրի շրջանակներում: Նրա հանդիպումը համակարգչային գրաֆիկայի ամբիոնի դասախոսների հետ, ապա մեկ օր անց՝ ուսանողների հետ, իսկապես հետաքրքիր և արդյունավետ էր: Իռլանդացի մասնագետը ներկայացրեց տեղի ուսուցման հիմնական մեթոդները, սկզբունքները, փիլիսոփայությունը: Ուսանողներին հատկացված ուշադրությունը ժամանակային առումով մասնավորապես նպատակ ունի նրանց մեջ զարգացնելու մտածելու կարողությունը, առաջացնելու վստահություն, հասկացնել տալու սովորելու նպատակը, խորքային ուսումնասիրություններ կատարելու: Եթե առաջին երկու տարին նրանք ստանում են դասախոսների աջակցությունը, ապա երրորդ կուրսից հիմնականում գործում են անկախ. «Չենք փորձում նրանց կրակի տալ, այլ փորձում ենք կրակ վառել նրանց մեջ»: Շատ է կարևորվում անընդհատ նկարելու պրոցեսը: «Մենք սովորեցնում ենք ոչ թե ինչպես նկարել, այլ այն գործիքակազմը, որ կարող են օգտագործել իրենց նկարչության անհատական ձեռագիրը կերտելու համար։ Եվ սա պետք է կատարել դիտարկումների, անդադար նկարելու միջոցով: Այդ տետրերը կարող են շատ խառնիճաղանջ լինել, բայց մենք խրախուսում ենք, որ ուսանողները ռիսկի գնան, ինչու չէ նաև սխալներ գործեն, և հենց այս ճանապարհով առաջընթաց ունենան»:
Դասախոսության ընթացքում ցուցադրվեց անիմացիոն երկու ֆիլմ, լուսանկարների ուղեկցությամբ ներկայացվեցին դասընթացներում կիրառվող մեթոդները՝ աշխատանքային, էքսպերիմենտալ վիճակների, խոսվեց անիմացիոն արվեստում նկարչության դերի, ուսանողների դիտողականության զարգացման մասին, սա նաև կյանքային տարբեր իրադրությունների ժամանակ հետագայում կերպարաստեղծման մեջ կիրառելու նպատակով և առհասարակ մարմնի, շարժման լեզվի տիրապետման տեխնիկական տարբեր միջոցների, նորարարությունների ներդրման և դրանց ռիսկերի մասին:
ՀԳՊԱ դասախոսների տարաբնույթ հարցերը՝ հանդիպման ավարտին հնչած, դասախոսության նկատմամբ հետաքրքրության վկայություն էր, վերաբերող գնահատման չափանիշներին, անիմացիոն արվեստում նկարչության դերին, կերպարաստեղծման պրոցեսում նաև այլ ատրիբուտների ուսումնասիրությանն ու հնարավորություններին, գրաֆիկ-դիզայնում նկարչության դասավանդմանը, թվային տեխնոլոգիաների դերին և թղթի, ձեռքի աշխատանքի հետ դրա հարաբերակցությանը: Վերջինի հետ կապված հետաքրքրական դիտարկումներ արվեցին: Քուինը պատմեց, որ նորակառույց շենքի մեկ ամբողջական հարկաբաժին հատկացված է իրենց՝ կահավորված տեխնիկայի վերջին ճիչով, և ավելացրեց՝ ֆակուլտետի դեկանն ասել է, որ չի ուզում տեսնել թղթի և ոչ մի կտոր, և որ ամեն տեսակի գործունեություն պիտի թվային տարբերակով լինի:
Այլ է իր մոտեցումը. «Այն, ինչ անում էին քարե դարում, երբ փայտե կտոր էին վառում և պատի վրա նկարում, ինձ համար սա է ճիշտը: Ես հակված եմ կարծելու, որ ամենալավ, արդյունավետ և էժան միջոցը փորձեր անելու, սխալներ գործելու և դրա վրա սովորելու, դեռևս մնում է թղթի վրա արված նկարչությունը»: Նա նաև նշեց, որ արդեն վաղուց Միացյալ Թագավորությունում նկարչությունը որպես առանձին առարկա չի դասավանդվում, և կա վտանգը դրա տարածման, մինչդեռ թղթի և ձեռքի կերտած հնարավորությունը անսահմանափակ է, և կարևորությունն է առկա: Անշուշտ, համոզված ներկա ժամանակներում թվային տեխնոլոգիաների գերանհրաժեշտության մեջ, նա միևնույն է՝ համարում է, որ «Շոշափելի իրեր կերտելը շարունակում է մնալ անհրաժեշտություն, քանի որ շատ մարդկային զբաղմունք է»: Հետաքրքրական ևս մի դեպք պատմեց Դեյվիդը, երբ մի ցուցահանդեսի առիթով երկու շենքերի միջով անցնելիս ասել է, թե լավ կլիներ այս տեղում գեղեցիկ մի արձան դրվեր, սակայն ֆակուլտետի ղեկավարը հակադարձել է, թե իրենք նման արձաններ այլևս չեն կանգնեցնում, որ դա կարելի է փոխարինել թվային տարբերակով: Այդուհանդերձ, նա խորհուրդ տվեց հնարավորինս շատ զբաղվել թղթով:
Անդրադարձ եղավ նաև ուսանողներին աշխատանքով ապահովելու, աշխատանքային զբաղվածության խնդիրներին։ Իռլանդիայում ներկայում գործող բավարար քանակի անիմացիոն ստուդիաները շրջանավարտին տալիս են այդ հնարավորությունը, սակայն իր ամբիցիաներն այս առումով ավելին են. նա ձգտում է շրջանավարտներին հասցնել այն մակարդակի, որ հենց իրենք ստեղծեն աշխատատեղեր, իրենք դառնան աշխատատեղեր կերտողներ: Իսկ առհասարակ իրենց ուսանողները 3-րդ կուրսից արդեն պատրաստ են աշխատաշուկայի համար, շատերը զբաղվածություն ունեն խոշոր ստուդիաներում, շաբաթական 500-600 եվրո աշխատավարձով, ըստ որում օգտագործելով իրենց մտային պոտենցյալի և ժամանակի ընդամենը 25 տոկոսը: Շրջանավարտներից երեքը ներկայացված են եղել «Օսկար» համբավավոր մրցանակի:
Էլ ավելի հետաքրքրական էր Դեյվիդ Քուինի հանդիպումն ուսանողների հետ, որտեղ նա ներկայացրեց կերպարվեստ առարկայի (իրենց մոտ՝ արվեստ ընդհանուր ձևով) դասավանդման մեթոդներն ու մետեցումները լուսապատկերների միջոցով: Ապա և ուսանողների հետ շատ անմիջական շփման անցավ «Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել մեր մասնագիտությունը 2029 -ին և ինչպիսի՞ կյանք կցանկանայիք ունենալ 2029-ին մասնագիտության պրիզմայով» գրավոր հարցադրման միջոցով: Ուսանողների 4 խմբի՝ 15-20 րոպե տևողությամբ քննարկումների արդյունքում թղթին հանձնված կարծիքները բարձրաձայն ընթերցվեցին, և ինչպես նախապես Դեյվիդն էր ասել՝ ամենախենթ, ամենաաբսուրդ գաղափարն անգամ ունի հավասար գոյության իրավունք: Իսկ ուսանողները հանդես բերեցին ակտիվություն և բավական հետաքրքրական մոտեցումներ, որոնք ակնհայտորեն դուր էին գալիս հարցադրողին: Եվ, առհասարակ, նրա դասավանդման ընթացքից ակնհայտ էր իր վերաբերմունքը թե՛ ուսանողին, թե՛ իր մասնագիտությանը՝ ուշադրությունը յուրաքանչյուրի հանդեպ, անկեղծ հետաքրքրությունը, ազատ, մտերմիկ պահվածքը, մարդկային ջերմությունը:
Դեյվիդ Քուինի այս հարցադրման նպատակը յուրաքանչյուր ուսանողի անկախ վերաբերմունքի բացահայտմանն էր ուղղված: Իր եզրափակիչ խոսքում նա ասաց, որ հաճախ որոշումներ կայացնողները հին բոսերն են լինում, որ հաշվի չեն առնվում ուսանողի կարծիքը և շատ կուզենար, որ ուսանողները լինեն թելադրող՝ վարչակազմին դիմելու, թե ինչ ուղղություն կուզենային ներառել իրենց ուսուցման պրոցեսում: Նկատելով մասնագիտական կատարելագործման անհրաժեշտությունը, նա միաժամանակ խորհուրդ տվեց հոգ տանել մտավոր և ֆիզիկական առողջությանը, սակայն դրանից զատ «չմոռանալ հոգ տանել շրջակա միջավայրի մասին, այն աշխարհի, որտեղ մենք բնակություն ենք հաստատել, քանի որ էկոլոգիան շատ կարևոր է ամենքիս համար»: Շարունակելով Դեյդիդ Քուինի միտքը՝ ՀԳՊԱ-ի պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանն ուսանողներին առաջարկեց հաջորդ շաբաթվա մեջ կարծիքների և առաջարկների փոխանակման հանդիպում կազմակերպել:
Մելանյա Բադալյան