2000-ին, Արամ Իսաբեկյանի՝ երկար տարիների հետևողական աշխատանքից և բավական դժվարություններ հաղթահարելուց հետո, վերջապես, ՀՀ կառավարության որոշմամբ Գեղարվեստի ինստիտուտը վերանվանվում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա (2017-ի փետրվարից՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա): Թեև կառուցվածքային և բովանդակային առումով նոր կարգավիճակը էական փոփոխություններ չէր ենթադրում, այդուհանդերձ, այն բուհի կյանքում շրջադարձային նշանակություն ուներ` խորհրդանշական իմաստով և հեղինակության տեսակետից: Ակադեմիան պարտավորեցնող հաստատություն է:
Երբ իտալական Վերածննդի նկարիչները Մեդիչիների պալատի նեոպլատոնական ինտելեկտուալ մթնոլորտում, Լեոնարդո դա Վինչիի մասնակցությամբ ստեղծեցին առաջին գեղարվեստի ակադեմիան` նրանց ձգտումը և նպատակը արվեստագետներին արհեստավորներից մեկընդմիշտ զանազանելն էր: Նրանք գտնում էին, որ նկարչությունը ոչ միայն տեխնիկական գիտելիք ու հմտություն է, այլ նախ և առաջ` գիտություն, գիտնականների աշխատանքին հավասար մտավոր ու ստեղծարար գործունեություն: Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիայի նախադեպով են հետագայում հիմնվել արևմտաեվրոպական և ռուսական ակադեմիաները: Ի դեպ, Արա Սարգսյանը ժամանակին Մոսկվա էր ներկայացրել Երևանում հենց ակադեմիա բացելու առաջարկ, ինչպես Թբիլիսիում է, և, ինչպես տեղեկանում ենք Սարյանին գրած նամակից, տարակուսում էր, թե ինչու Բարձրագույն դպրոցների կոմիտեն «համաձայնել է թույլ տալ միայն ինստիտուտ բացելու, այն էլ քանդակի, նկարչության, գրաֆիկայի ֆակուլտետներով»:
Այսպիսով` Գեղարվեստի ինստիտուտի հիմնադիրների ցանկությունը իրականություն դարձավ, և այդ պատասխանատու գիտակցությամբ էլ նորընծա Ակադեմիան դիմավորեց հազարամյակի նոր մարտահրավերները` ընդգրկվելով զարգացման հաջորդ փուլի` կրթական համակարգի բարելավման և եվրոպական չափանիշների հետ համապատասխանեցման՝ Բոլոնյան գործընթացի մեջ:
2004-2005 ուսումնական տարվանից Ակադեմիան և նրա մասնաճյուղերն անցել են ուսուցման եռաստիճան համակարգի. բակալավրիատ (4 տարվա ուսուցման ծրագրով), մագիստրատուրա (2 տարվա ուսուցման ծրագրով) և ասպիրանտուրա (3 տարվա ուսուցման ծրագրով)։ Զգալի աշխատանքներ են տարվել կրթական ծրագրերի արդիականացման ուղղությամբ, մշակվել են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական նոր պլաններ, որոնք ուղղված են ուսանողների վերլուծական կարողությունների զարգացմանը և ինքնուրույն աշխատանքի ձգտման խթանմանը։ Ուսումնառության շրջանակները զարգացնելուն ու ընդլայնելուն նպաստեց եվրոպական կրեդիտային համակարգի ներդրումը, որը եվրոպական բուհերում պրոֆեսիոնալ կրթություն ստանալու նոր հեռանկարներ է ստեղծում։ Ըստ այդմ` Ակադեմիայում իրականացվեցին կառուցվածքային փոփոխություններ և ստեղծվեցին մասնագիտական նոր ստորաբաժանումներ:
Բոլոնիայի գործընթացին ինտեգրվելու առաջնահերթ քայլերից մեկը միջազգային համագործակցությունն է: Այս նպատակով 2006-ին ստեղծվում է Միջազգային կապերի բաժինը, որի վարիչ է նշանակվում Մարինե Պատվականյանը: 2000-ականների սկզբին Ակադեմիայի արտասահմանյան կապերը սահմանափակվում էին մի քանի օտարերկրյա ուսանողների գոյությամբ, որոնք հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունից էին: Ինչպես բոլոր նորամուծությունների դեպքում է, այստեղ էլ սկզբնական շրջանում շատ դժվար էր արմատական փոփոխություններ անել: Ուսումնասիրվում է դաշտը, հնարավորությունները, կազմվում է թիրախավորված ռազմավարություն, և համագործակցության առաջին քայլերն ուղղվում են դեպի Ֆրանսիա: Փարիզում և երկրի բոլոր 22 մարզերում գտնվող արվեստի բուհերի հետ փորձ է արվում կապեր հաստատել։ Արամ Իսաբեկյանը և Մարինե Պատվականյանը երեք անգամ շրջայցի են մեկնում Ֆրանսիա և Իտալիա, որի արդյունքում համագործակցության եզրերն սկսում են շոշափելի դառնալ. 2008-ից արդեն կոնկրետ պայմանագրեր են կնքվում:
Առաջինն արձագանքում է Ռեյմսի Արվեստի և դիզայնի դպրոցը, որի ռեկտոր Քլեր Պեյոն Ակադեմիայի հրավերով գալիս է Հայաստան: Ապա կազմակերպվում են երկուստեք աշխատաժողովներ՝ ուսանողների մասնակցությամբ: Հաջորդ համագործակցությունը կայացավ Լիմոժ-Օբյուսոն քաղաքի Արվեստի ազգային բարձրագույն դպրոցի հետ, որը հիմնականում խեցեգործական ուղղություն ուներ: Երկուստեք այցերի արդյունքում ծրագրվեց ծավալուն նախագիծ, որին մասնակցում էին Կլերմոն-Ֆեռանի ճարտարապետական ազգային դպրոցը և Երևանի Ճարտարապետա-շինարարական համալսարանը: Նախագծի թեման քաղաք-գյուղ անցման գեղագիտական և քաղաքաշինական ներդաշնակ համակցման խնդիրնէր, որի համար որպես մոդել ընտրվել էր Հրազդանի կիրճով Երևանին կապվող Դավիթաշեն թաղամասը: 2009-ին Ակադեմիան հյուրընկալեց ֆրանսիական բուհի 9 ուսանողներից կազմված խմբին, որին ուղեկցում էին ռեկտոր Բընուա Բավուազիեն և դասախոսներ Դոմինիկ Թիբոն ու Էմանուել Մարտենը: Նախագծիաշխատանքներն ավարտվեցին ցուցահանդեսով, որին ներկա էր նաև Կլերմոն-Ֆեռանի պատվիրակությունը: Նույն կազմը շարունակեց աշխատանքը Երևանի Ճարտարապետա-շինարարական համալսարանում:
Այս փոխադարձ այցերը մեծ կարևորություն ունեցան միմյանց ճանաչելու, երկու տարբեր մշակույթների, աշխատանքային հարաբերությունների, մտածելակերպերի ու մոտեցումների բացահայտման համար,- նշում է Մարինե Պատվականյանը,- սկզբում շատ դժվար էր, անջրպետը բացահայտէր. մեր արվեստագետներին խորթ էր իրենց մտածողությունը, նույնն էլ նրանց դեպքում էր՝ կարծրատիպային պատկերացումները հաղթահարելու իմաստով: Սակայն այժմ բավական բան է փոխվել, մարդիկ հաճախ են ճամփորդում, մերձեցումն ակնհայտ է»։
Նմանատիպ ուսանելի փորձառություն դարձավ գերմանացի և հայաստանցի արվեստագետ ուսանողների միջև կայացած առաջին համագործակցությունը, որն իրականացավ Վիսբադենի Կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Գուիդո Լուդեսի նախաձեռնությամբ: Վերջինս այդ համալսարանի առաջին և միակ հայ ուսանողուհի Նատալյա Էթարյանի շնորհիվ 2007-ին այցելում է Հայաստան և նրա միջնորդությամբ ծանոթանում Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Կարեն Աղամյանի հետ: Մշակվում է համատեղ ծրագիր, որը բացի ուսուցողական նպատակներից ուներ նաև հաղորդակցական հարաբերությունները խթանող բնույթ: 2008-2009 ուսումնական տարվա սկզբին ծրագիրը մեկնարկեց Հայաստանում կազմակերպված մեկ շաբաթյա միասնական աշխատանքով, որն ավարտվեց ցուցահանդեսով: Գերմանացի ուսանողներին ուղեկցում էր ռեկտոր Քլեմենս Քլոքները և ֆակուլտետի դեկան Գրեգոր Քրիսցիանը: Ապա նույն տարվա ձմեռային կիսամյակի ընթացքում երկու երկրների ուսանողները շարունակեցին աշխատանքը հաղորդակցական ժամանակակից հնարավորությունների օգնությամբ, իսկ նախագծի ավարտին արդեն հայկական խումբը մեկնեց Վիսբադեն: Ծրագրի ընթացքում մասնակիցները երկուստեք ծանոթացան միմյանց ստեղծագործական մոտեցումներին, մեթոդներին, գեղարվեստական մտածողությանը, մշակութային ավանդույթներին և մտածելակերպին: Երկու կողմի համար էլ այս թիմային աշխատանքը շատ կարևոր էր:
Գերմանացի ուսանողները ցուցահանդեսին Հայաստանն այնպես ներկայացրին, որ ապշեցինք»,- ասում էԱրամ Իսաբեկյանը:
Միջբուհական այս երկխոսության արդյունքները հրատարակվեցին գեղեցիկ կատալոգի տեսքով՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության տրամադրած ֆինանսական միջոցներով:
Թեև մի փոքր դժվարությամբ, բայց համագործակցության էջ բացվեց նաև արվեստի մեկ այլ հայտնի երկրի՝ Իտալիայի հետ: 2012-ին Ֆլորենցիայում երկու ակադեմիաների ռեկտորների և միջազգային կապերի տնօրենների հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ, որոնց մեկնարկը 2013-ի գարնանը իտալական ակադեմիայի հրավերով և դասախոս Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ մագիստրատուրայի բաժնի արվեստաբան ուսանողների տասնօրյա ճամփորդությունն էր, որի ընթացքում նրանք գործնական դասընթացներ անցկացրեցին Ֆլորենցիայի և Սիենայի թանգարաններում:
Թբիլիսիի Ապոլոն Քութաթելաձեի անվան Գեղարվեստի ակադեմիայի հետ վաղուց էին կապեր հաստատվել: Հայաստանում գեղարվեստի բարձրագույն դպրոցի բացակայության պայմաններում, հայ ապագա արվեստագետները օտար երկրի բուհերում էին կրթություն ստանում, այդ թվում՝ Պետերբուրգի և Թբիլիսիի ակադեմիաներում, և հատկապես խորհրդային տարիներին այս երկու բուհերը հարազատ օջախներ են դարձել մեր շատ անվանի արվեստագետների համար: Ուստի հայ և վրացական գեղարվեստի ակադեմիաների միջև կայուն համագործակցության հաստատումը լավագույն առիթ էր դասախոսների, երիտասարդ արվեստագետների և ուսանողների միջև բազմակողմանի շփումների, երկու հարևան ժողովուդների բարեկամության դարավոր ավանդույթների վերականգման համար։ Բացի այդ՝ սա նաև ռեալ իրականության ողջամիտ թելադրանքն էր՝ աշխարհաքաղաքական նոր իրողություններում երկու նորաստեղծ հարևան պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման ընդհանուր ձգտման մեջ մշակութային կապերի կարևորության գիտակցությամբ: Այսպիսով, ՀՀ Մշակույթի նախարարության հետ փոխհամաձայնությամբ՝ առաջին քայլը կատարվեց վրացիների կողմից, որոնց ուսանողական խումբը՝ ռեկտոր տիկին Թինատին Կլդիաշվիլու և դեկանների ուղեկցությամբ, 2013-ի մայիսին ցուցահանդես կազմակերպեց Ալբեր և Թով Բոյաջյան ցուցասրահում:
Մեկ տարի անց, Արամ Իսաբեկյանի և Ակադեմիայի մի քանի դասախոսների հետ մեր ուսանողները մեկնեցին փոխադարձ այցելության, որի ընթացքում կայացավ հայ-վրացական «Հանդիպում» գեղանկարչական համատեղ սիմպոզիում-ցուցահանդեսը, որին ներկա էին հայ համայնքի անդամները, Վրաստանի Մշակույթի նախարարության ներկայացուցիչները, արվեստագետ-դասախոսները: Երկու բուհերի ղեկավարները պայմանավորվեցին շարունակական դարձնել հանդիպումները:
Միջբուհական համագործակցության ևս մեկ գեղեցիկ էջ բացվեց Արամ Իսաբեկյանի և Կարեն Աղամյանի՝ 2010-ին Ճապոնիա կատարած այցով, որ հատուկ համընկեցվել էր այդ երկրի համար ամենագեղեցիկ ու խորհրդանշական՝ սակուրայի ծաղկման շրջանի հետ: Հրավերի նախաձեռնողներն էին ճապոնական հեղինակավոր Սոկա համալսարանը և համաշխարհային ճանաչում ունեցող, Սոկա Գակկա բուդդայական նոր ուղղության հիմնադիր-նախագահ Դայսակու Իկեդան, ով աշխարհի մի շարք երկրներում մշակութային, կրթական, գիտահետազոտական ինստիտուտներ է հիմնադրել՝ խրախուսելով ամբողջ աշխարհում մշակութային փոխանակությունը և կայուն զարգացումը։ Սոկա համալսարանի 2000 հոգանոց դահլիճում, ուր պատերին տեղադրված հայերեն գրություններով ստեղծվել էր հայկական մթնոլորտ, շատ տպավորիչ ընդունելություն էր կազմակերպվել: Դայսակու Իկեդան իր ելույթի մեջ ծավալուն անդրադարձ է կատարել հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, հայտնի արվեստագետներին՝ մեջբերումներ անելով Էդուարդ Իսաբեկյանից և ուրիշներից, թարգմանաբար ներկայացվել են Թումանյանի, Չարենցի գործերից, հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները և Էրեբունի-Երևան երգը: Այնուհետև, հանդիսավոր պայմաններում Արամ Իսաբեկյանին և ԿարենԱղամյանին շնորհվել են Սոկա համալսարանի պատվավոր դոկտորի կոչումներ: Փոխադարձաբար՝ Արամ Իսաբեկյանը Գեղարվեստի ակադեմիայի կողմից պատվավոր դոկտորի կոչմում է շնորհել Դայսակու Իկեդային: Հանդիպմանն արձագանքել են ճապոնական ամենատարբեր պարբերականներ, բազմաթիվ թերթերի, ամսագրերի էջերին ոչ միայն անդրադարձներ են կատարվել հիշյալ հանդիպման մասին և Արամ Իսաբեկյանի հետ հարցազրույցներ ներկայացվել, այլ նաև՝ հայ ժողովրդի, Հայաստանի մասին ընդարձակ հրապարակումներ են տպագրվել: Իսկ ավելի ուշ, Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահում բացվել է հարգարժան պրոֆեսոր Դայսակու Իկեդայի լուսանկարների ցուցահանդեսը: Սոկա համալսարանի հետ ներկայում շարունակվում է ակտիվ համագործակցությունը՝ փոխադարձ նամակագրությամբ, գրքերի, պարբերաթերթերի առաքմամբ:
2015-ի մայիսին Բուդապեշտում, արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանի ջանքերով, հեղինակավոր Պազմանի Պետեր կաթոլիկ համալսարանի հետ համագործակցության հռչակագիր է կնքվել՝ Հունգարիայի հոգևոր քաղաք Էսֆերգոմում ժամանակին գոյություն ունեցած հայկական մեծ թաղամասի մշակութային շերտի պեղումների վերաբերյալ, որ պետք է կատարեր հայ-հունգարական միացյալ արշավախումբը: Որպես բարի կամքի դրսևորում՝ հունգարական կողմն առաջարկել էր բացառիկ կերպով ուսանող ընդգրկել Հայաստանից, և 2015-իամռանը արվեստաբանական երկրորդ կուրսի ուսանողուհի Լուսինե Համբարձումյանը մասնակցեց պեղումներին: Կողմերը նաև պայմանավորվել էին համագործակցության շարունակականության շուրջ՝ հրավիրյալ դասախոսների և ուսանողների փոխանակման համատեքստում:
Բուհերի միջազգայնացման կարևորագույն պայմաններից մեկը ուսանողների շարժունության ապահովումն է, որ 2009-ից սկսած՝ Ակադեմիան իրականացնում է կրթական բարեփոխումների շրջանակներում: Այն ենթադրում է տարբեր երկրների բուհերի միջև ուսանողների փոխանակություն՝ մեկ կամ ավելի կիսամյակ տևողությամբ դասընթացներին հետևելու համար: Այս նպատակով հատկապես կարևոր էր Ակադեմիայում կրեդիտային համակարգի ներդրումը և գնահատման նոր ձևի կիրառումը: Ակադեմիայի ուսանողները համապատասխան կրեդիտների փոխանակման պայմանագրով մեկնում են եվրոպական և ռուսական բուհեր՝ ուսանելու կամ թեկնածուական թեզի համար հետազոտական աշխատանք կատարելու, գիտաժողովներին մասնակցելու կամ գործնական դասընթացների համար (մասնավորապես՝ Ռեյմսի դիզայնի և արվեստի բարձրագույն դպրոց, Մարսելի գեղարվեստի բարձրագույն դպրոց, Լիոնի գեղարվեստի ազգային դպրոց, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա, Սանկտ-Պետերբուրգի Շտիգլիցի անվան պետական գեղարվետա-արդյունաբերական ակադեմիա, Մոսկվայի Բուրգանովի Արվեստի ակադեմիա):
Կապեր են հաստատվել Ֆրանսիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Չեխիայի, Իտալիայի, Սլովակիայի, Լատվիայի, Էստոնիայի և ԱՊՀ երկրների Գեղարվեստի բուհերի հետ: Համագործակցության ծավալման գործում թերևս ամենամեծ խնդիրը բյուջեն էր. Ակադեմիան ի վիճակի չէր բավարար չափով բյուջե ապահովել միջազգային կապերի բաժնի համար, ինչը ենթադրում է համապատասխան բարեփոխումների, վերապատրաստումների, անհրաժեշտ սարքավորումների, գործուղումների և հրավերների իրականացման համար ֆինանսավորում, ուսանողական ճամփորդությունների գոնե մասնակի ծախսածածկում և այլն:
Այս առումով որոշ չափով տեղաշարժեր նկատվեցին, երբ 2008-ից Ակադեմիան ընդգրկվեց կրթական ոլորտի բարելավման՝ Տեմպուսի ծրագրին մասնակցող բուհերի կազմում: Սա շատ կարևոր ձեռքբերում էր, որովհետև հնարավորություն էր տալիս ֆինանսական, նյութատեխնիկական և ինֆորմացիոն օգնություն ստանալ ոչ միայն միջազգային կապերի հաստատման, այլև ընդհանրապես բուհի ամբողջ համակարգի բարելավման աշխատանքներն իրականացնելու համար: Տեմպուսի հետ իրականացրած առաջին եռամյա ծրագիրը՝ QATMI-ն, վերաբերում էր հենց բուհի միջազգայնացման գործընթացին (2008-2011): Ծրագրին մասնակցում էր յոթ երկիր, որոնցից երեքը եվրոպական էին, մնացյալը՝ նախկին ԽՍՀՄ հանրապետություններ, իսկ ղեկավար երկիրը Գերմանիան էր: Այս ծրագրի շրջանակներում 2010-ին ստեղծվեց հասարակայնության հետ կապերի բաժինը և միջազգային համագործակցության համար անչափ կարևոր՝ Ակադեմիայի պաշտոնական կայքը (yafa.am, 2018-ից՝ safa.am), որը գրանցված է եվրոպական բուհական կայքերի համացանցում:
Տեմպուսի հետ իրականացրած հաջորդ ծրագիրը HESDESPI-ն էր, որին մասնակցում էին Երևանի Ճարտարապետա-շինարարական համալսարանը և Իտալիայի, Պորտուգալիայի, Ուկրաինայի և Վրաստանի չորս համալսարաններ: Ծրագրի արդյունքում Ակադեմիայի արվեստի պատմության և տեսության և գեղանկարի ամբիոնների ուսումնական ծրագրերում ներմուծվեց երկու նոր առարկա՝ «Արվեստի կառավարում» և «Նոր տեխնոլոգիաները արվեստում»:
Միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն ապահովելու գործում կարևոր է ներքին հնարավորությունների ու ռեսուրսների, կատարված աշխատանքի շարունակական գնահատումը, որի համար Տեմպուսի DIUSAS ծրագրի շրջանակներում 2011-ին Ակադեմիայում բացվել է Որակի ապահովման կենտրոնը, որի ղեկավարն է Նունե Մինասյանը: Կենտրոնի նպատակն է սատարել բուհի ինքնագնահատման և ինքնավերլուծության, ինչպես նաև ներքին որակի ապահովման գործընթացները, ապահովել հավաստիություն արտաքին գնահատման՝ ինստիտուցիոնալ և միջազգային կրթական ծրագրերի հավատարմագրման համար։ Ինքնավերլուծության արդյունքում բացահայտվում են ոչ միայն Ակադեմիայի գործունեության խնդիրներն ու վերանայման արժանի տարրերը, այլ նաև դրական, ուժեղ կողմերն ու հնարավորությունները, ինչը շատ կարևոր է ոչ միայն բուհի վարկանիշի, այլև մրցունակության առումով։
Բոլոնիայի գործընթացին ինտեգրման կարևոր ցուցիչներից մեկն էլ արտադրության, ձեռնարկությունների հետ բուհի կապն է, որ ազդեցություն է ունենում կրթության որակի բարձրացման վրա և վերջնարդյունքում արտահայտվում է դիպլոմային աշխատանքների մեջ: Ակադեմիայի համապատասխան ամբիոններն ու ֆակուլտետները պայմանավորվածություններ են ձեռք բերել տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների հետ, ինչպես, օրինակ՝ Կերամիկայի գործարանը, Կենդանաբանական այգին և այլն, որոնց համաձայն ուսանողներին հնարավորություն է տրվում այդ հիմնարկներում անցկացնելու տարեկան պրակտիկաները: Սա թույլ է տալիս ուսանողներին առավել գործնական կերպով իրականացնել դիպլոմային աշխատանքները և առավել շատ նախագծեր կիրառելի դարձնել: Մյուս կողմից՝ հնարավոր է դառնում դիպլոմային աշխատանքներում կատարել հիմնարկ-ձեռնարկություններից արդեն որպես պատվեր իջած նախագծեր, ինչպես նաև՝ բացահայտել հասարակության մեջ տվյալ մասնագետների պահանջարկը: Երբ հետազոտությունը կատարվում է որոշակի պահանջի սահմաններում, ուսանողը ճանաչում է միջավայրը, պատվիրատուի առաջարկն ու ճաշակը, ընդ որում՝ ճաշակ թելադրողը կարող է հենց ինքը լինել: Այս մեթոդն իրոք արդարացվում է կյանքում՝ Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներն իսկապես պահանջված են, նրանց մեջ կան արտերկրում աշխատանքի հրավիրվածներ, Հայաստանից դրսի երկրների պատվիրատուների համար աշխատող մասնագետներ:
Մասնագիտական հիմնարկ-ձեռնարկությունների հետ հարաբերություններն օպտիմալացնելու, ինչպես նաև շրջանավարտներին առավելագույնս աշխատատեղերով ապահովելու նպատակով 2012-ին Տեմպուսի HEN-GEAR ծրագրով Ակադեմիայում բացվեց Ուսանողների և շրջանավարտների աջակցման կենտրոնը, որը ձևավորել է որոշակի համակարգ՝ շրջանավարտների և գործատուների միջև անմիջական կապի հաստատման համար. ստեղծվել է առցանց աշխատանքի հարթակ, որտեղ գրանցվում են մեր շրջանավարտները, և գործատուների ցուցակ, որոնք մատույց ունեն այդ հարթակին և կարող են փնտրել ու գտնել իրենց պահանջներին համապատասխան մասնագետին:
Ուսուցման որակի բարձրացման և եվրոպական կրթական համակարգի հետ համապատասխանեցման գլխավոր նախապայմանը մասնագիտական կրթական առարկաների փոփոխությունն ու բարելավումն է, որն ընդլայնում է ուսանողների, դասախոսների փոխանակման և բուհի միջազգայնացման հնարավորությունները: Այս ուղղությամբ առաջին աշխատանքները, Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագրով, տարվել են 2012-ին՝ Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետի Համակարգչային գեղարվեստական նախագծման, դեկորատիվ-կրառական արվեստի և հագուստի մոդելավորման բաժիններում: Ըստ այդմ՝ նախ ուսումնասիրվել են եվրոպական նմանատիպ բուհերի ծրագրերը, կատարվել են համեմատական վերլուծություններ, ապա արված առաջարկությունների հիման վրա սահմանվել են ուսումնառության վերջնարդյունքները և իրականացվել են անհրաժեշտ փոփոխությունները: Բացի այդ, կահավորվել ու նոր սարքավորումներով հագեցվել են դեկորատիվ-կիրառական արվեստի և հագուստի մոդելավորման լաբորատորիաները։
Կարևոր առաջընջաց է գրանցվել խեցեգործության բաժնում. հաջողությամբ է ավարտվել լաբորատորիան հիմնովին արդիականացնելու գործընթացը, ձեռք են բերվել ճապոնական արտադրության լավագույն սարքեր՝ մեծ ու փոքր վառարաններ, գոնչարներ, վալց, բրուտագործական սարքեր, խառնիչներ: Բացի այդ վերանորոգվել է լաբորատորիան, որի արդյունքում ուսանողներն ունեն առանձին թրծարան և չորանոցներ՝ օդափոխության անհրաժեշտ միջոցներով:
Իրականացված փոփոխությունների արդյունքում, հագուստի մոդելավորման բաժինը կցվել է Համակարգչային գեղարվեստական նախագծման և դեկորատիվ արվեստի ամբիոնին:
Դիզայնի բաժնում նույնպես, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, կատարվել է բենչմարքինգ և համեմատական վերլուծություն եվրոպական նմանատիպ բաժինների հետ։ Ըստ այդմ՝ վերանայվել և թարմացվել են առարկայական ծրագրերը և սահմանվել են ուսումնական վերջնարդյունքները, ուսուցումը կենտրոնացվել է երեք մասնագիտացումների գծով՝ ինդուստրիալ դիզայն, կահույքի դիզայն և էքստերիեր-ինտերիեր դիզայն: Ըստ ուսումնական պահանջների՝ կարգի է բերվել մանրակերտի լաբորատորիան:
Հաջորդը գեղանկարի բաժինն էր, որտեղ 2013-ին առարկայական ծրագրերը որոշ փոփոխություններ կրեցին՝ արդեն Ակադեմիայի ռեսուրսներով: Հիմնովին փոփոխության ենթարկվեցին նաև արվեստի պատմության և տեսության ամբիոնի առարկայական ծրագրերը: Այժմ դրանք կազմված են հստակ համակարգված սկզբունքով: Բակալավրիատինը եռակարգ է և երկփուլ՝ ընդգրկելով մասնագիտական, մասնագիտական օժանդակ և հումանիտար-հանրակրթական առարկաներ, որոնց թվում՝ բոլորովին նոր դասընթացներ, ինչպես «Ազատ մասնագիտական դասընթացը», «Աշխարհայացքների պատմությունը», «Ստեղծագործության վերլուծությունը»: Մագիստրոսականի երեք կիսամյակների ծրագրերի հիմքում ընկած է հետազոտական ուղղվածության և հմտությունների ձեռքբերման համախմբված, աստիճանական խորացումը՝ արվեստաբանության ոլորտի խնդիրները և ներկա վիճակը, դիսցիպլինար գիտելիք և հմտություն, մասնագիտական և հետազոտական գործիքներ սկզբունքով: Այստեղ ներմուծված նոր առարկաներից են «Ժամանակակից արվեստաբանության խնդիրները», «Պատմա-մշակութային հուշարձանների պահպանության խնդիրները», «Արվեստի ժամանակակից տեսություններ», «Աղբյուրագիտություն», «Հայագիտության ներածություն», «Ժամանակակից քաղաքաշինության սկզբունքները», և այլն:
Երկար ընդմիջումից հետո, արվեստի պատմության և տեսության բաժնի առաջին տարիների՝ Էրմիտաժում կայացող պրակտիկայի ավանդույթը վերականգնվեց. 2009-ին արվեստաբան ուսանողները կրկին մեկնեցին Սանկտ Պետերբուրգ՝ հնագիտության և հին աշխարհի արվեստի պատմության դասախոս Սիմոն Հմայակյանի ուղեկցությամբ, որտեղ բացի Էրմիտաժից՝ այցելեցին այլ թանգարաններ, ինչպես՝ Պետերգոֆ, Կունստ Կամերա, Կրոնշտադտ և այլն: Նրանք մասնակցել են նաև Էրեբունու, Արգիշտիխինիլիի (Արմավիր), Թերաքարի, Կարմիր բլուրի, Ներքին Նավերի և Շենգավիթի պեղումներին, ճանաչողական պրակտիկա են անցկացրել՝ այցելելով Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի պատմա-ճարտարապետական հուշարձաններ և հնավայրեր: Յուրաքանչյուր տարի արվեստաբանական բարձր կուրսերի ուսանողները պրակտիկ դասընթացներ են անցկացնում նաև մայրաքաղաքի թանգարաններում ու մշակութային այլ օջախներում, այցելություններ կատարում արվեստագետների արվեստանոցներ, ցուցահանդեսներ, պատմական հուշարձաններ։
Բոլոնիայի կրթական ռեֆորմի սկզբունքներում հատկապես կարևորվում է բուհում կատարվող գիտահետազոտական աշխատանքը և վերջինի անմիջական կապը ուսումնական գործընթացի հետ: Ըստ այդմ՝ վերջին տարիներին Գեղարվեստի ակադեմիայում փորձ է արվում ստեղծել նոր հնարավորություններ՝ դասախոսների, ասպիրանտների և ուսանողների հետազոտական աշխատանքի պայմանները բարելավելու, գիտական գործունեությունը միջազգայնացնելու ուղղությամբ։ Տեսական ամբիոնների դասախոսներն ընդգրկված են գիտահետազոտական զանազան ծրագրերում, մասնակցում են գիտաժողովների և կրթական համատեղ այլ գործընթացների՝ ինչպես միջազգային, այնպես էլ հանրապետական շրջանակներում: Բուհի գիտական հետազոտությունների լայն ու ընդգրկուն ոլորտը ներառում է արվեստի տեսության, պատմության և քննադատության, հնագիտության, ազգագրության, պատմագիտության, գրականագիտության, գեղագիտության հարցեր, որոնց ուսումնասիրությանն են նվիրված վերջին տասնամյակում հրատարակած մի շարք արժեքավոր դասագրքեր ու մենագրություններ:
2013-ից նոր ձևաչափով, «Գեղարվեստի Ակադամիայի տարեգիրք. Արվեստագիտական և հումանիտար հետազոտություններ» նոր անվանումով ու գիտական որակի գնահատման նոր չափանիշներով է սկսել հրատարակվել Ակադեմիայի գիտական հոդվածների ժողովածուն, որտեղ բացի Ակադեմիայի դասախոսների և ասպիրանտների հոդվածներից տպագրվում են հետազոտական տարբեր այլ հաստատությունների ու շրջանակների մասնագետների աշխատություններ, արվեստագիտական և հայագիտական կարևոր թարգմանություններ: Բացի այդ, Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի որոշմամբ՝ յուրաքանչյուր համարում ընդգրկվում են տարվա երեք լավագույն մագիստրոսական թեզերի հոդվածային տարբերակները՝ այդպիսով խրախուսելով երիտասարդների ներգրավումը գիտահետազոտական, ստեղծագործական աշխատանքի մեջ։
Ակադեմիայում պարբերաբար կազմակերպվում են զեկուցումներ, սեմինարներ, հանդիպումներ մեծանուն արվեստագետների հետ, անցկացվում են վարպետաց դասեր, որոնց մասնակցում են նաև արտերկրից հրավիրված հայագետներ ու մշակույթի գործիչներ։ Հիշարժան են հատկապես հանդիպումները տաղանդավոր արվեստագետներ Ժանսեմի, Նիկողոս Նիկողոսյանի, Արտո Չաքմաքչյանի հետ, անվանի հայագետներ՝ Երուսաղեմի Եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր, պատվավոր պրոֆեսոր Մայքլ Սթոունի, Բոլոնիայի համալսարանի հայագիտության պատվավոր պրոֆեսոր Գաբրիելլա Ուլուհոջյանի, ֆրանսահայ պատմաբան պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանի, Հայ թվանշային գրադարանի տնօրեն Մերուժան Կարապետյանի, Հայաստանում ժամանակավոր պրակտիկա անցկացնող արվեստաբան արգենտինահայ Պատրիսիո Դեր Քրիքորյանի հետ:
Այսուհանդերձ, Բոլոնիայի գործընթացին միանալն իր հետ բերեց հաճախ անհաղթահարելի դժվարություններ՝ կապված կրեդիտային համակարգին անցման, եվրոպական կրթական համակարգի էությանը մբռնման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման և կադրային ռեսուրսների հետ: Այս խնդիրները քիչ թե շատ ընդհանուր էին Հայաստանի բոլոր բուհերի համար, ուստի նախ՝ պետական, ապա՝ բուհական մակարդակով հարց դրվեց բուհական ռեֆորմների իրականացման բովանդակային փոփոխության վերաբերյալ: Եթե սկզբնական շրջանում այդ բարեփոխումները որոշակի ուղղվածություն ունեին, և աշխատանքները տարվում էին այդ ուղղությամբ, ապա վերջին տարիներին խոսքը գնաց ընդհանրապես բուհական համակարգի և որակական չափանիշների համապատասխանության մասին: Ահա այս առումով էր, որ բուհական համակարգում խնդիրներ առաջացան, որոնք կապված էին հիմնականում կադրերի հետ:
Մեր կադրերը գերակշիռ մեծամասնությամբ խորհրդային դպրոցն անցած մարդիկ են և նոր պահանջներին շատ դժվար են համակերպվում, այդ ամենը խորթ է նրանց համար,- ասում է Ակադեմիայի ուսումնա-գիտական գծով այժմյան պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը:- Այդ իսկ պատճառով, շատ փոփոխություններ սկզբնական փուլում ձևական բնույթ էին կրում, որովհետև խորքային ըմբռնում չկար, թե դա ինչ է և ինչ պետք է արվի»:
Հարկավոր էր ներգրավել այնպիսի կադրերի, որոնք ունեն միջազգային փորձ և այդ հարցում աշխատանքային փորձառություն, որոնք հասկանում են, թե այդ գործընթացի էությունն ինչ է, ինչ խնդիրներ կան և ինչպես պետք է գործել, այլ խոսքով՝մասնագետներ, որոնք կկարողանան ոչ միայն իրավապես և ֆորմալ ձևով, այլև փաստացի և խորքային կերպով իրականացնել այդ ռեֆորմները:
Այդ նպատակով Արամ Իսաբեկյանը որպես ուսումնագիտական գծով պրոռեկտոր 2012-ին աշխատանքի հրավիրեց Սուսաննա Կարախանյանին, որ մագիստրոսական և դոկտորական կրթությունն ստացել է Եվրոպայում՝ մասնագիտանալով հենց կրթության կառավարման ոլորտում, ղեկավարել է ՀՀ Որակի ապահովման ազգային կենտրոնի քաղաքականության և ստանդարտների մշակման բաժինը և որպես հավատարմագրման այսօրվա ստանդարտների հիմնական հեղինակներից մեկը՝ եղել է այդ հանձնաժողովի նախագահը: Այժմ նա ղեկավարում է Աբու-Դաբիի ADEC բարձրագույն կրթության սեկտորի Որակի ապահովման կենտրոնը՝ շարունակելով աշխատակցել Գեղարվեստի ակադեմիային որպես դրամաշնորհային ծրագրերի և որակի ապահովման գծով խորհրդական:
Պահանջված աշխատանքներն արդյունավետ և թիրախավորված իրականացնելու համար Սուսաննա Կարախանյանը նախ ձևավորեց թիմ, որի կազմում ընդգրկվեցին Որակի ապահովման ազգային կենտրոնի աշխատակիցներ՝ քաղաքականության և ստանդարտների իրականացման բաժնի պետ Մկրտիչ Այվազյանը, որ զբաղեցրեց ուսումնական մասի վարիչի պաշտոնը, ինչպես նաև Ռուզաննա Մինասյանը և Ելենա Բայթալյանը, որոնք միջազգային ծրագրերի փաստաթղթավորման և իրականացման մեծ փորձ ունեն: Ապա ուսումնասիրվեցին բուհի առկա հնարավորություններն ու կարիքները, որի արդյունքում հասկանալի դարձավ, որ գոյություն ունեցող ռեսուրսները բավարար չեն հիմնարար բարեփոխումներ իրականացնելու համար, քանի որ աշխատավարձերից բացի նաև բավական ֆինասական միջոցներ են հարկավոր՝ միջազգային փորձն ուսումնասիրելու, գործուղումների մեկնելու, կոնֆերանսներ և աշխատաժողովներ կազմակերպելու, սարքավորումներ ձեռք բերելու համար: Ըստ Ակադեմիայի կարիքների և Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղղությունների՝ մշակվեց ռազմավարական պլան և գրվեցին դրամաշնորհային ծրագրեր: Մինչ այդ՝ բուհում ներդրվեց ուսանողների գնահատման նոր համակարգը, որը համահունչ է միջազգային համընդհանուր չափանիշներին և ապահովում է ուսանողների կողմից ուսումնառության արդյունքների գնահատումն ըստ գիտելիքների, հմտությունների և կարողությունների։ Գնահատման նոր համակարգը նաև տրամադրում է հստակ ուղենիշներ դասախոսների, ինչպես նաև ուսանողների համար, քանի որ այն ներկայացնում է գնահատման հստակ մոտեցումները, մեթոդաբանությունը, սկզբունքները և չափորոշիչները։ Միաժամանակ, մշակվեցին մի քանի ուղեցույցեր, որոնցից ամենակարևորը բակալավրատի ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պատրաստման և պաշտպանման կարգի ուղեցույցն է:
Բացի Համաշխարհային բանկի դրամաշնորհից, որի օգնությամբ հնարավոր եղավ հիմնավոր բարեփոխումներ իրականացնել դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետում, 2013-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Տեմպուս դրամաշնորհային կազմակերպությանը ներկայացված հինգ ծրագրերն ընդունվել են, և 2014-ի հունվարից կմեկնարկեն: Այդ ծրագրերին մասնակցում են Հայաստանի մի շարք բուհեր, կրթության և գիտության պետական հաստատություններ, ԱՊՀ տարածքի մի քանի համալսարաններ և Եվրոպական տարբեր երկրների համալսարաններ:
2015-ից Գեղարվեստի ակադեմիան ընդգրկվել է Տեմպուս ծրագրին փոխարինած Էրազմուս փլաս (ERASMUS+) ծրագրի դրամաշնորհային նախաձեռնություններում՝ միջբուհական համագործակցության նախագիծ ներկայացնելով Ֆլորենցիայի և Թբիլիսիի գեղարվեստի ադեմիաների հետ, որում ընդգրկված են եվրոպական այլ երկրներ:
Սուսաննա Կարախանյանի ներդրած բարեփոխումների քաղաքականությունը հաջողությամբ շարունակվում է 2014-ին նրան պրոռեկտորի պաշտոնում փոխարինած Մկրտիչ Այվազյանի վերահսկողությամբ: Վերջինիս մոտեցմամբ՝ կադրային խնդիրները լուծելու համար հարկավոր է նախ փոփոխություններ անել աշխատանքի ոճի, հարաբերությունների, մշակույթի մեջ, որի ընթացքում մարդիկ իրենք կփոխվեն և կփոխեն գործընթացները:
Բացի այդ՝ շատ կարևոր է ներգրավել երիտասարդներին, որոնք կաշխատեն կողք-կողքի տարեցների հետ, մի կողմից՝ փորձն ու գիտելիքը, մյուս կողմից՝ սովորելու ձգտումը և աշխատասիրությունը համատեղելով՝ կկարողանանք ինչ որ բաների հասնել»,- եզրակացնում է նա:
Ուսման որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների, տարբեր երկրների արվեստի բուհերի հետ կնքված պայմանագրերի, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի արդի տեղեկատվական միջոցների հնարավորությունները համատեղելով՝ Ակադեմիան, որպես արվեստի ժամանակակից բուհ, այսօր դարձել է անհամեմատ ավելի գրավիչ. վերջին տասնամյակում մագիստրոսական և ասպիրանտական ծրագրով սովորելու են գալիս ոչ միայն հանրապետության այլ բուհերից, այլ նաև արտասահմանյան երկրներից։ Արտասահմանցի ուսանողների թիվը և երկրների աշխարհագրական սահմաններն ընդարձակվել են՝ ընդգրկելով Ռուսաստանը, Ուկրաինան, Բելոռուսը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Հունաստանը, ԱՄՆ:
Անշուշտ, Գեղարվեստի պետական ակադեմիայի՝ 73 տարիների ընթացքում մշակված ու մշտապես կատարելագործվող՝ դասավանդման մեթոդների և գեղարվեստական ավանդույթների լավագույն գնահատականը բուհի ուսանողների ու շրջանավարտների ստեղծագործական հաջողություններն են, ակտիվ մասնակցությունը մեր երկրի մշակութային, հասարակական կյանքին, միջազգային արվեստային անցուդարձերին: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հավատարիմ մնալով իր գերակա առաքելությանը՝ շարունակում է բարձր որակավորման մասնագետներ պատրաստել արվեստի պատմության և տեսության, կերպարվեստի, դիզայնի, դեկորատիվ կիրառական արվեստի բնագավառների համար: Ստեղծագործական և կրթական գործընթացը համապատասխանեցնելով հասարակական կյանքի և մշակույթի զարգացման արդի պահանջներին՝ այն արդարացիորեն հայտ է ներկայացնում տարածաշրջանում դառնալու ոչ միայն ուսումնական, այլ նաև գիտահետազոտականևմշակութային զարգացման արդիական կենտրոն:
Ժամանակակից հայ արվեստագետների՝ հանրապետությունում և արտերկրում կազմակերպած ցուցահանդեսները, մասնակցությունը միջազգային մրցույթներին և հաջողությունները վկայում են արդիական մտածողությամբ օժտված, միաժամանակ ավանդական ձևերին հետևող, պրոֆեսիոնալ բարձր մակարդակի հասած գեղարվեստական ազգային ինքնատիպ դպրոցի մասին։ Բազմակողմանի, համակարգված ու խոր գիտելիքներով զինված՝ Ակադեմիայի ուսանողները մասնակցում են բազմաթիվ ցուցահանդեսների ու մրցույթների՝արժանանալով գնահատանքի, պարգևների և մրցանակների: Վարպետ-դասախոսների նվիրվածության, բարձր պրոֆեսիոնալիզմի, ուսուցման կազմակերպման նոր մոտեցումներին երդրման շնորհիվ Ակադեմիայի շրջանավարտները դառնում են ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկայի պահանջները բավարարող, մրցունակ և ինքնատիպ արվեստագետներ։