Առաջին կուրսեցիները ծանոթանում են «INCLUSION» ծրագրի մանրամասներին
Սեպտեմբերի 12-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի անձնակազմը «INCLUSION» ծրագրի շրջանակներում հանդիպել է «Գրաֆիկա» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել ծրագրի մանրամասները, խնդիրները, ինչպես նաև ուսանողներին ծանոթացնել ՀԳՊԱ ներառականության քաղաքականությանը:
Հանդիպման ընթացքում ուսանողները մասնակցել են հարցման, որը հնարավորություն կտա վեր հանել ներառական բարձրագույն մասնագիտական կրթություն հետ կապված վերջիններիս առկա խնդիրները: «INCLUSION» ծրագրի աշխատանքային խումբը ներկայացրել է այն հիմնական ստորաբաժանումները, որոնք օժանդակելու են ուսանողներին ուսման ընթացքում, տեղեկատվություն է տրամադրել ֆինանսական աջակցության վերաբերյալ: Ակադեմիայում գործող «ESPAQ» համայնքի համակարգողը ներկայացրել է ուսանողական համայնքի նպատակները, գործառույթները, ինչպես նաև համայնքին անդամակցելու կարգը:
Նշենք, որ ՀԳՊԱ-ն շարունակելու է հանդիպումներ կազմակերպել բոլոր կրթական ծրագրերի առաջին կուրսի ուսանողների հետ՝ վերջիններիս շրջանում տարածելով ներառական բարձրագույն կրթության կարևորությունը: