
Տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նիստը
Փետրվարի 27-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ինը հարց: Դրանք էին՝
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի քննարկում և հաստատում,
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն,
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրություն,
- «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի 2018 թվականի գործունեության ՀԳՊԱ ռեկտորի հաշվետվության լսում և գնահատում
(զեկուցող՝ Արամ Իսաբեկյան), - «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի վարչական կառուցվածքի քննարկում և հաստատում,
- 2019 ֆինանսական տարվա ՀԳՊԱ եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատում (զեկուցող՝ Արամ Իսաբեկյան),
- ՀԳՊԱ ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձի ընտրություն (զեկուցող՝ Արամ Իսաբեկյան),
- «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի Գյումրիի մասնաճյուղի կանոնադրության քննարկում և հաստատում,
- «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման, լուծարման և օտարման կարգի քննարկում և հաստատում:
Ըստ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի՝ նիստը սկզբում նախագահեց խորհրդի ամենատարեց անդամը՝ ՀԳՊԱ-ի արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը:
Հոգաբարձուների խորհրդի կողմից նիստի օրակարգը հաստատելուց հետո (բացառությամբ հինգերորդ, ութերորդ և իներորդ կետերի, այդ հարցերի հաստատումը կկազմակերպվի էլեկտրոնային տարբերակով) Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի և գծանկարի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը խորհրդի նախագահի պաշտոնում առաջարկեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի թեկնածությունը: Վերջինս միաձայն ընտրվեց ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Այնուհետև հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնում առաջադրվեց ՀԳՊԱ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը: Նա ևս ընտրվեց միաձայն:
Օրակարգային չորրորդ հարցի շրջանակում ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ներկայացրեց «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, որը հոգաբարձուների խորհրդի միաձայն հավանությանն արժանացավ: Նիստի ընթացքում հաստատվեցին նաև 2019 ֆինանսական տարվա ՀԳՊԱ-ի եկամուտների և ծախսերի նախահաշիվը և ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձի ընտրությունը: