Վերհանվեցին հագուստի մոդելավորման ՄԿԾ-ի շահակիցների կարիքները
Փետրվարի 13-ին և 14-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում անցկացված հանդիպումների ընթացքում ուսանողների, շրջանավարտների և դասախոսների հետ քննարկվեցին Հագուստի մոդելավորման կրթական ծրագրում առկա խնդիրները ու հնարավոր լուծումները: Քննարկումները հիմնականում ծավալվեցին կրթական ծրագրի ուսումնառության վերջնարդյունքների, դասընթացների, դասավանդման և գնահատման մեթոդների և ռեսուրսների շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև ընդունելության պահանջներին և ավարտական աշխատանքների որակի բարձրացմանը:
Հանդիպումների ընթացքում հագուստի մոդելավորման կրթական ծրագրի ուսանողները և շրջանավարտները, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմը անդրադարձավ ոլորտում առկա խնդիրներին և աշխատաշուկայի այսօրվա պահանջներին: Անդրադառնալով այն հարցին, որ բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրով հստակեցված չեն ուսումնառության վերջնարդյունքները՝ շահակիցները նշեցին աշխատաշուկա մուտք գործելու դժվարությունները: Արդյունքում արձանագրվեց, որ փոփոխությունների անհրաժեշտության կա թե՛ ուսումնառության վերջնարդյունքների սահմանման, թե՛ դասավանդման և ուսումնառության, թե՛ գնահատման մեթոդների հստակեցման և մշակման:
Ուսանողներն ու շրջանավարտները հատուկ ընդգծեցին պորտֆոլիո կազմելու և ճիշտ ներկայացնելու հմտությունների պակասը, ինչպես նաև մի շարք դասընթացների միջև շաղկապվածության բացակայության խնդիրը, ինչի արդյունքում ուսանողների մոտ չեն ձևավորվում տվյալ ՄԿԾ-ով նախանշված արդյունքները: Նրանք անդրադարձ կատարեցին նաև սահմանափակ գրադարանային ռեսուրսներին: Դասախոսական կազմը շեշտադրումներ կատարեց դասընթացների ցանկի վերանայման, նյութական ռեսուրսների համալրման և ընդունելության պահանջների փոփոխության, ինչպես նաև պրակտիկաների նպատակային կազմակերպման ուղղությամբ:
ՄԿԾ-ի վերանայման աշխատանքային խմբի կողմից արձանագրված նշումները հիմք են հագուստի մոդելավորման բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում հիմնարար փոփոխություններ կատարելու և վերանայելու համար:
Հագուստի մոդելավորման բակալավրի և մագիստրոսի վերանայված ՄԿԾ-երի նկարագրերը կներկայացվեն բոլոր շահակիցներին նախնական տարբերակների մշակումից հետո: