«Ստեղծարար միտքը» ՀԳՊԱ-ում
2019-ի մարտի 4-ից Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում մեկնարկել է ուսանողների համար նախատեսված դասախոսությունների շարք, որն ուղղված է ուսանողների շրջանում ձեռնարկատիրական կարողությունների և հմտությունների զարգացմանը, նոր բիզնեսի ստեղծմանը և ինկուբացիային, ինչպես նաև գիտելիքների ակտիվ փոխանակմանը։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան 2018-ից ներգրավված է Բրիտանական խորհրդի «Ստեղծարար միտք» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող և Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կողմից իրականացվող նախագծում, որի նպատակն է Հայաստանի տարբեր բուհերում զարգացնել ձեռներեցության գաղափարը և կարճատև դասընթացների միջոցով խթանել ուսանողների ձեռնարկատիրական կարողությունների և հմտությունների զարգացումը։
Առաջին փուլով ՀԳՊԱ-ի դասախոսները մասնակցել են ինտենսիվ թրեյնինգների՝ ոլորտում ժամանակակից գիտելիքների, մեթոդաբանության ու մոտեցումների կիրառմամբ և արդյունքում մշակել են ակադեմիայի ուսանողների համար նախատեսված դասընթացների ծրագիր՝ 18 ժամ ընդհանուր տևողությամբ։ Դասընթացներին գրանցված ՀԳՊԱ-ի 70 ուսանողներից կազմվել է 4 խումբ, որից երկուսն արդեն ավարտել են ծրագիրը և ստացել մասնակցության սերտիֆիկատ։ Ծրագիրը յուրացրած ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու 2019-ի աշնանը կազմակերպվող բիզնես-գաղափարների մրցույթին։