ՀԳՊԱ-ն ունի երկու մասնաճյուղ՝ Գյումրիում և Դիլիջանում, որոնք ստեղծվել են՝ հաշվի առնելով տարածաշրջանի պահանջները։
Գյումրիի մասնաճյուղ
1988-ի երկրաշարժից հետո Աղետի գոտու բնակչության կենսապայմանների բարելավմանն ու հոգեբանական վերականգնմանն ուղղված ցանկացած գործողություն կարևոր էր, ցանկացած օգնություն՝ անհրաժեշտ ու գնահատելի: Այդ մտահոգությամբ էր, որ 90-ականներին Գեղարվեստի ինստիտուտը, Թատերական ինստիտուտին և Կոնսերվատորիային զուգահեռ, մտադրվեց այնտեղ մասնաճյուղ հիմնադրել: Նպատակը հստակ էր՝ մարդկանց ապահովել աշխատատեղերով, արթնացնել հույսը երիտասարդների մեջ, որ արհեստների և արվեստների նախկին ծաղկուն քաղաքը շարունակելու է ապրել մշակութային կյանքով, որ այսքան տաղանդավոր ժողովուրդ ունեցող քաղաքում արվեստը չի կարող մեռնել, որ մարդիկ հավատ ունենային իրենց ներկայի ու ապագայի հանդեպ:
Մտադրությունը հավուր պատշաճի ընկալվեց Գյումրիում և հաջողությամբ իրականություն դարձավ: Գյումրիի քաղաքապետարանի նախկին շենքը ՀԲԸՄ այդ ժամանակվա նախագահ Լուիզ-Սիմոն Մանուկյանի աջակցությամբ հիմնովին վերանորոգվեց և տրվեց Արվեստի երեք բուհերին: Գեղարվեստի մասնաճյուղն այդպիսով բացվեց 1997-ին: Մեծ նվիրում ու եռանդ ներդրվեց այն կայացնելու համար, ինտիտուտը բոլոր հնարավոր միջոցներն ու ռեսուրսներն ուղղեց այդ նպատակին: Համառ ու հետևողական աշխատանքը տվեց իր արդյունքը՝ չնայած բազում դժվարություններին, անգամ շենքը հետ վերցնելու փորձերին, մասնաճյուղը կայացավ և բոլոր մասնագիտությունների գծով զարգացումներ ապահովեց:
Հիմնադրման օրվանից մինչև 2017-ը մասնաճյուղի տնօրենն էր գեղանկարիչ, պրոֆեսոր Համբարձում Ղուկասյանը։ 2017-2019-ին մասնաճյուղը ղեկավարում էր գեղանկարիչ, պրոֆեսոր Գարիկ Մանուկյանը, ով մինչ այդ գեղանկարչության ամբիոնի վարիչն էր։ Այժմ Գյումրիի մասնաճյուղի տնօրենն է գեղանկարիչ Վահագ Ղուկասյանը։ Ուսումնական մասը վարում է Արաքսյա Անանյանը, իսկ տնտեսական գծով փոխտնօրենը Կարլեն Հարթենյանն է։ Մասնաճյուղում գործում է հինգ ամբիոն՝ գեղանկարչության, քանդակագործության և կիրառական զարդարվեստի, գրաֆիկայի, հագուստի մոդելավորման և արվեստագիտության և հումանիտար գիտությունների: Այստեղ դասավանդում են, հիմնականում ծնունդով գյումրեցի, ճանաչված, փորձառու դասախոս վարպետներ. Զավեն Կոշտոյան, Նվեր Սաֆյան, Ալբերտ Վարդանյան, Վալերի Խաչատրյան, Եսայի Մեյրոյան, ինչպես նաև միջին սերնդի արվեստագետներ և խոստումնալից երիտասարդ կադրեր՝ Գևորգ Սարգսյան, Սամվել Պողոսյան, Մարգարիտ Աթոյան, Վահագն Ղուկասյան, Լուսինե Հարությունյան, Սաթենիկ Մազմանյան։
Մասնաճյուղի դասախոսները, ուսանողներն ու շրջանավարտները մասնակցում են քաղաքի մշակութային միջոցառումներին, ցուցահանդեսներին ու սիմպոզիումներին: 2010-ին Երևանում կազմակերպված «Ռուսկիյ սիլուետ» մրցույթում հագուստի մոդելավորման բաժնի շրջանավարտ Արտակ Վարդանյանն արժանացավ առաջին մրցանակի։
Վերջին տարիներին կապեր հաստատվեցին այլ երկրների արվեստի բուհերի հետ: 2013-ին գեղանկարչության բաժնի դասախոսներն ու ուսանողները ցուցահանդեսի էին հրավիրվել Բեյրութի հայկական Հայկազյան համալսարանում: Հատկապես շահավետ համագործակցություն է ծավալվել Վիեննայի հետ, որտեղ 2008-ին, Մոցարտյան օրերի ընթացքում կազմակերպվեց մասնաճյուղի ուսանողների գեղանկար և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես, որի բացման արարողությանը ներկա էին մասնակից ուսանողներից մի քանիսը։
Գյումրիի մասնաճյուղի ուսանողները մասնակցում են նաև իտալացի մասնագետների՝ որմնանկարների վերականգնման դասընթացներին ու գործնական աշխատանքներին։ Ցուցահանդեսները, մանավանդ՝ բիենալեները, բուհական կյանքին հաղորդում են ռիթմ ու մթնոլորտ, վերջինը հիմք դարձավ Գյումրիի՝ արդեն ավանդական դարձած միջազգային բիենալեների:
Դիլիջանի մասնաճյուղ
Տարիներ առաջ Գեղարվեստի ինստիտուտը ուսումնական ծրագրերի աջակցությամբ համագործակցում էր Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի դեկորատիվ արվեստի ֆակուլտետի հետ: Հայաստանի այս շրջանը հայտնի է արհեստներով, փայտի, երկաթի մշակման, ժանեկագործության ավանդույթներով, ուստի հետանկախության տարիներին միտք ծագեց Դիլիջանում ևս մասնաճյուղ ունենալ: Տեղի երգչախմբային ընկերության կիսաքանդ շենքն ստանալուց անմիջապես հետո սկսվեցին վերանորոգման աշխատանքները, և մասնաճյուղը բացվեց 1999-ին:
Մեծ էր ցանկությունը մասնագիտացումը տանել մետաղամշակման զարգացման ուղղությամբ, կառուցել դարբնոց, զարկ տալ գեղարվեստական դարբնությանը, դեկորատիվ արհեստներին: Սակայն ուսանողների սակավ քանակի պատճառով այդ ծրագիրը չիրականացավ: Փոխարենը հաջողությամբ զարգացում ապրեց գորգագործության բաժինը՝ տարիների ընթացքում բարձրորակ մասնագետներ տալով: Այս հարցում շատ մեծ է փորձառու մանկավարժ, ժամանակակից դեկորատիվ արվեստի և գորգագործության շնորհալի վարպետ, դոցենտ Հասմիկ Ղազարյանի դերը, որ խոնարհ նվիրումով հանուն նպատակի իրականացման գնաց աշխատելու Դիլիջանում: 2004-ին բուհն ունեցավ առաջին շրջանավարտները:
Մասնաճյուղում գործում է միայն դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնը՝ գորգագործության և հագուստի մոդելավորման՝ իրար հերթափոխող բաժիններով։ Մասնաճյուղը ղեկավարում է գեղանկարիչ, Դիլիջանի երկրագործական թանգարանի տնօրեն, դոցենտ Ղազար Ղազարյանը, հիմնական մասնագիտական առարկաները՝ գեղարվեստական գործվածք, զարդարվեստ, գեղանկարչություն, գծանկար, կոմպոզիցիա, աշխատանք նյութի վրա, գունատեսություն, բիոնիկա, արվեստի պատմություն, դասավանդում են Հասմիկ Ղազարյանը, Ղազար Ղազարյանը, Մհեր Ղազարյանը, Անուշ Գրիգորյանը, Մերի Գրիգորյանը։ Մասնաճյուղի ուսանողներն ու շրջանավարտները հաճախ են մասնակցում դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսներին, որոնցից հիշարժան են 2011-ին Հայաստանի նկարիչների միությունում և Վանիկ Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարանում կազմակերպած «Վերադարձ ակունքներին», և 2015-ին Արա Աբրահամյանի անվան Ռուսական արվեստի թանգարանում բացված «Կորուսյալ հայրենիք. Լուռ վկաներ» ցուցահանդեսները։