ՀԳՊԱ ուսանողուհիները պարգևատրվել են դատախազության հուշամեդալներով
«Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական մրցույթում «Լավագույն պաստառ» անվանակարգում հաղթող ճանաչվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը «Հայաստանի Հանրապետության Դատախազություն» հուշամեդալով պարգևատրել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Համակարգչային գրաֆիկա մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ոսկեհատ Թադևոսյանին, Համակարգչային գրաֆիկա մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Գրիգորյանին և Համակարգչային գրաֆիկա մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Սոֆոյանին։ Վերջիններս գրավել են համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերը։
Նշենք, որ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի երիտասարդական մրցույթի կազմակերպիչն էր ՌԴ Գլխավոր Դատախազությունը։ Մրցույթն անցկացվում էր 2013-ին վեց պետությունների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Տաջիկստան) կողմից ստեղծված Կոռուպցիայի Հակազդման Միջպետական Խոդհրդի գործունեության շրջանակներում՝ նպատակ հետապնդելով կազմակերպել կառուցողական միջազգային համագործակցություն և համատեղ արդյունավետ միջոցառումներ՝ այդ նեգատիվ սոցիալական երևույթի դեմ պայքարելու գործում։
Մրցույթի համակազմակերպիչներն էին ՀՀ Գլխավոր դատախազությունը, Բելառուսի Գլխավոր դատախազությունը, Ղրղզստանի Գլխավոր դատախազությունը, Ղազախստանի Հանրապետության պետական ծառայության և կոռուպցիայի հակազդեցության գործակալությունը, Տաջիկստանի Ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը։ Մրցակիցներին՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի 14-35-ամյա քաղաքացիներին, առաջարկվել էր ներկայացնել հակակոռուպցիոն սոցիալական գովազդ՝ տեսահոլովակների և պաստառների տեսքով։