
ՀԳՊԱ-ն մասնակցում է «Կրթություն և կարիերա EXPO 2019» ցուցահանդեսին
Ապրիլի 17-ին «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում (Հ. Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտի տարածք) մեկնարկեց միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO 2019» ցուցահանդեսը, որին մասնակցում են ութսունից ավելի կրթօջախներ՝ բուհեր, քոլեջներ, ուսուցման կենտրոններ, այդ թվում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան:
Կրթական այս ցուցահանդեսը, որ տևելու է մինչև ապրիլի 19-ը, նպատակ է հետապնդում բոլոր հետաքրքրվողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության վերաբերյալ, նպաստել բուհերի և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, ինչպես նաև տեղեկացնել աշխատաշուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին: Ամենամյա ցուցահանդեսի ընթացքում բուհերը հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց կրթական ծրագրերը: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան «Կրթություն և կարիերա EXPO 2019»-ի ընթացքում բոլոր հետաքրքրվողներին տրամադրում է ՀԳՊԱ-ի մասին անհրաժեշտ տեղեկատվություն: Բացի այդ, բուհի լավագույն ուսանողները ներկաներին են ցուցադրում իրենց մասնագիտական հմտությունները:
Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ «Կրթություն և կարիերա EXPO 2019» ցուցահանդեսը կարևոր է առկա հնարավորությունները ներկայացնելու և համագործակցության ուղիներ նախանշելու տեսանկյուններից: «Կառավարությունը ֆինանսական կրթությանը, ձեռնարկատիրական գործունեությանը մեծ կարևորություն է տալիս: Արձանագրելով այս տարվա ձեռքբերումները և նախանշելով հաջորդ տարվա անելիքները՝ մենք ցուցահանդեսի հետ այդ ուղղություններին ավելի մեծ ուշադրություն կդարձնենք և կխրախուսենք, որ մեր ուսումնական հաստատություններն առաջիկա մեկ տարվա ընթացքում փորձեն այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»,- մասնավորապես ասաց Հարությունյանը։
Այլ կրթական հաստատությունների և կազմակերպությունների տաղավարների թվում կրթության և գիտության նախարարը մոտեցավ նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի տաղավարին: Այստեղ Արայիկ Հարությունյանին ներկայացվեցին ՀԳՊԱ-ի կրթական ծրագրերը, որից հետո նախարարը Գրաֆիկայի ամբիոնի ուսանողների հետ մասնակցեց գրաֆիկական մեկ գործի տպագրության աշխատանքներին: Ինչպես ուսանողները, այնպես էլ նախարարը, արդյունքից գոհ մնացին: