ՀԳՊԱ-ի ուսանողները ներկայացրեցին բեմական հագուստի սեփական տարբերակները
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում դարձյալ հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքներն են ներկայացվում. այս անգամ՝ միանգամայն այլ առաջադրանքով և մոտեցումներով: Հեղինակները 3-րդ կուրսի երեք բաժինների ուսանողներն են, ցուցադրվում է բեմական հագուստ առարկայից ստացված վերջին առաջադրանքը:
Մտահղացումը հետաքրքրական է, կատարումը և մատուցումը՝ նույնպես: Թեմատիկ ընտրությունը՝ հեքիաթի, առասպելի, ֆենթզի ժանրի շրջանակներում, ուսանողներին հնարավորություն է տվել բավական ազատ և համարձակ գործելու, ի հայտ բերելով երևակայական տարբեր դրսևորումներ՝ թե՛ կերպարների ընտրության, թե՛ մատուցման ձևերի մեջ: Զգեստավորելով կերպարներն ըստ իրենց պատկերացումների, նրանք օգտագործել են ամենատարբեր նյութեր և առարկաներ՝ մետաղաձողեր, խողովակներ, պլաստմասե, ցելոֆանե, կամ ցանցանման և այլ իրեր, հիմնականում բացառելով գործվածքը:
Ինչպես տեղեկացրեց համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը, նախապես, մինչ աշխատանքներն սկսելն ուսանողները տարբեր ուսումնասիրություններ են կատարել, այցելել են Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններ, ծանոթացել թատերական կերպարների, բեմական հագուստի ստեղծման պրոֆեսիոնալ առանձնահատկություններին, մոտեցումներին: Գործնական այս շփումները լրացրել են ակադեմիայում ստացած գիտելիքները, օգնել՝ ստեղծելու բեմական հագուստի սեփական տարբերակները, որի արդյունքում ցուցասրահում ներկայացված են բավական հետաքրքրական կերպարներ՝ բեմական անակնկալ դեկորներով, դիմակներով, այլևայլ տարրերով լրացված, որոնցում դրսևորված են ուսանողների ստեղծագործական երևակայությունն ու ազատությունը: Կատարված աշխատանքի համար նրանց դրվատանքի խոսքեր ուղղեցին ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը և աշխատանքների ղեկավար Անուշ Մայիլյանը:
Մելանյա Բադալյան