ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Առաջին կուրսեցիների սպասումները միշտ ավելի են լինում, և կարևոր է, թե ինչպես է նրանց բուհը ընդունում, ինչ մթնոլորտում է անցնում առաջին հանդիպում ֊ծանոթությունը։ Գեղարվեստի պետական ակադեմիան իր ավանդույթներն ունի առաջին կուրսեցիներին դիմավորելու, շնորհավորանք ֊ ուղերձներ հղելու։
Հանդիպումը ուսանողների հետ կայացավ ակադեմիայի դահլիճում` Ուսանողների աջակցման և շրջանավարտների հետ համագործակցության կենտրոնի ղեկավար Ելենա Բայտալյանի ողջույնի խոսքով։
Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանի ուղերձը ուսանողներին շատ անմիջական էր` ուղեկցվող երկու կարևոր մաղթանք ֊ խորհրդով, որը կներկայացնենք հոդվածի վերջում։
Ակադեմիայի ուսումնական ընթացքի, կառուցվածքի, ուսանողական ընդհանուր մթնոլորտի, միջավայրի մասին տեղեկություններ հաղորդեցին Ելենա Բայտալյանը և Ուսխորհրդի նախագահ Աննա Գևորգյանը։ Ներկայացվեցին ակադեմիայի կայքը, ֆեյսբուքյան երկու պաշտոնական և ռեկտորի հանրային էջերը։
Շեշտվեց ակադեմիայի որդեգրած ` ուսանողի գնահատման և ազնվության քաղաքականության դերը ուսումնական ընթացքի վրա, որի կարևոր մասը ուսանողի հաճախելիությունն է, հետագայում դրա նկատելի ազդեցությունը գնահատականի վրա։
Որակի ապահովման գործընթացներին ուսանողի մասնակցությունը ենթադրում է կենտրոնի կողմից կատարվող հարցումներին, քննարկումներին, հանդիպումներին ակտիվ արձագանք, հաճախում ֆակուլտատիվ և այլ դասընթացների` այսինքն մասը դառնալու ակադեմիայի ընթացիկ բարեփոխումների։ Ուսանողական խորհրդի գործունեությունը ներկայացվեց ըստ ծրագրերի, նպատակների և առաքելության, խոսվեց նաև միջֆակուլտատային հարաբերությունների զարգացման, տարբեր կազմակերպությունների, թանգարանների հետ համագործակցությունների մասին։ Մինչ այդ Ակադեմիայի պրոռեկտոր Եկատերինա Կաշինան բավական հանգամանալի ծանոթացրեց առաջին կուրսեցիներին տրամադրվող ֆինանսական երեք տարբեր աջակցություններին, խոսեց ուսման վարձավճարների, դրանց ժամկետների մասին` ըստ գործող կանոնների։
Կերպարվեստի ֆակուլտետի դեկան Վահե Գասպարյանը տրամադրված տեղեկություններին հավելեց ուսանողների համար ստեղծված ցուցահանդեսային հնարավորությունը` Ակադեմիայում գործող «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի կողմից, որի դռները բաց են թե’ խմբակային, թե’ անհատական ցուցահանդեսների համար, նաև միջազգային ցուցահանդեսներին` ուսանողների մասնակցության հնարավորության մասին խոսեց։ Ուսանողների միջբուհական փոխանակման ծրագրերը կներկայացվեն ավելի ուշ։
Առաջին օրվա հանդիպման ամենից ավելի տպավորիչը, կարծում եմ, ուսանողներին ուղղված ռեկտորի խոսք֊ ուղերձի անմիջականությունը պետք է որ լիներ։
«Հիմա այսպես ձեզ նայում ու մտածում եմ` մենք ինչ ֊ որ տեղ նմանություն ունենք այսօր, թեև շատ տարբեր կարգավիճակներում ենք ։ Դուք առաջին կուրսեցիներ եք և ձեր առաջին ուսումնական տարին է սկսվում։ Ես նորընտիր ռեկտոր եմ և էլի իմ նոր, այս կարգավիճակում առաջին տարին է սկսվում։ Ինչ ֊ որ առումով ես էլ եմ առաջին կուրսեցի, թեև բուն ձեր կարգավիճակում ես 27 տարի առաջ էի այստեղ և պետք է ասեմ, որ 27 տարի անընդմեջ սեպտեմբերի 1 ֊ ին գալիս եմ այստեղ տարբեր կարգավիճակներում։
Դուք այսօր Գեղարվեստի ակադեմիա ոտք եք դրել որպես ուսանողներ. ինչ սիրած, կամ չսիրած հայ արվեստագետներ որ ունեք 20 ֊ րդ դարի, որպես կանոն սովորել կամ դասավանդել են այստեղ`Արա Սարգսյան լինի, Հակոբ Կոջոյան, Վարուժան Վարդանյան լինի, թե Սեյրան Խաթլամաջյան։ Դուք այսօր փաստորեն հայ արվեստի պատմության մասն եք դառնում։ Դուք ունեք իրենցից մեկը լինելու հնարավորություն, որովհետև իրենք էլ մի օր ձեր նման նստած են եղել այսպես։ Ես կուզենայի այս գիտակցությունը ունենայիք, որ ամեն օրը, ամեն ժամը, որ այստեղ անցկացնում եք, ոչ ավել, ոչ պակաս հայ արվեստի պատմության կայացման ժամեր են։
… Անգլիայում, որը ֆուտբոլի հայրենիքն է, հայտնի ստադիոն կա` Ուեմբլի, մուտքին մի ցուցանակ կա` «Տեղ, որտեղ խաղացողները մտնում են, բայց դուրս են գալիս լեգենդները»։ Դուք այսօր ունեք այդ շանսը հայ արվեստի պատմության մեջ մտնելու որպես խաղացող և շանս ունեք դուրս գալու որպես լեգենդներ։ Դա ձեզնից է կախված, նաև մեզնից։
Մի բան միայն իմացեք`այդ խաղը հեշտ չի, բարդ է։ Ակադեմիայում և’ դրական, և’ բացասական, ինչպես կյանքում, երևույթներ կան, և դուք բախվելու եք։
Իմ երկրորդ ցանկությունն է, որ դուք ընդունեք որպես ձերը այն ամենը, ինչ ձեզ հետ տեղի է ունենում, նույնիսկ վատը որպես ձերը ընդունեք։ Եթե ընդունեք որպես ձերը, լեգենդ դառնալու շանս կունենաք։ Եթե մերժեցիք, մտածելով, որ սա իմը չի, սա օտար խնդիր է, եկել ինձ է կպել, չէ։ Մարդու կյանքում ինչ ֊ որ լինում է`իրենն է։ Շատ կուզենայի , որ ընդունեիք դա, գիտակցեիք դա, հիշեք և այդպես մտնեք խաղի մեջ»։
Մելանյա Բադալյան