
Հայ-շվեյցարական համատեղ ծրագրի առաջին փուլը
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը օրերս հյուրընկալել էր Բազելի Դիզայնի դպրոցի մի խումբ ուսանողների և նրանց ղեկավար Միշա Լեյներին: Նրանք մեր ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողների հետ իրականացրել են Հայաստան-Շվեյցարիա թեմայով պաստառի դիզայն աշխատանքային նախագծի առաջին փուլը:
Հայաստանյան մեկշաբաթյա այցելության ընթացքում շվեցարացի ուսանողները հայ ուսանողների հետ ձևավորել էին համատեղ ութ աշխատանքային խմբեր, կարճ ժամանակաընթացքում հասցրել էին ծանոթանալ հայ իրականությանն ու մշակույթին և ստացած տպավորությունները ներկայացնել պլակատի լեզվով: Նախագիծն իրականացնելու գործում նրանց թերևս օգնել էին ուսանողական բաց ու անմիջական շփումները, և իհարկե այցելության ընտրած վայրերը՝ Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ, Փարաջանովի տուն-թանգարան, Հայաստանի պատմամշակութային վայրեր՝ Գառնիի հեթանոսական տաճար, Գեղարդի վանք: Ուսանողական փոխանակման այս ծրագիրը հայ ուսանողների հետ համատեղ շարունակվելու է Շվեյցարիայում, որտեղ իրականցվելու են Շվեյցարիա-Հայաստան թեմայով նույնաբնույթ աշխատանքներ: Այս անգամ, սակայն, շեշտադրումները դրվելու են շվեյցարական տպավորությունների վրա, իսկ աշխատանքները ցուցադրվելու են Բազելի Դիզայնի դպրոցում:
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացված աշխատանքները տարբեր մշակույթներ կրող հեղինակների և հայ ուսանողների համատեղ մտահղացումներ էին: Բազելի Դիզայնի դպրոցը ներկայացնում էր բազմամշակութային հետաքրքիր պալիտրա՝ շվեդականի, ամերիկյանի, հնդկականի, կորեականի, որը հայկականի հետ ստեղծել էր այնպիսի միասնական մթնոլորտ, որտեղ մշակույթների տարբերություններ առանձնապես նկատելի չէին:
Ողջունելով մասնակիցներին՝ ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը ներկայացրեց ծրագրի բնույթն ու նպատակը, դրա փուլերը: Նա նաև առաջարկեց մշակութային համագործակցության այս դրական փորձը Շվեյցարիայում շարունակվելուց հետո, հնարավորություն ստեղծել կազմակերպելու աշխատանքների համատեղ ցուցահանդես Երևանում: Դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը նկատեց, որ զարմանալիորեն արդյունավետ աշխատանք է կատարվել, և որ առաջին այս հաջող փորձը հետագա համագործակցության հիմք կլինի: «Կարճ ժամանակահատվածում ուսանողները ծանոթացան Հայաստանի, հայ մշակույթի հետ և ստեղծեցին այնպիսի աշխատանքներ, որ հարազատ են և աչք են շոյում»,- մասնավորապես ասաց նա: Նմանապես համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանն ասաց, որ ստանալով առաջարկ շվեյցարական կողմից, սպասել են այս օրվան և կարճ ընթացքում կատարվել է շատ գոհացնող աշխատանք: Միշա Լեյները, գնահատելով Հայաստանն ու հայ մշակույթը ճանաչելու այս հնարավորությունը և կատարված աշխատանքը, ասաց, որ կանի առավելագույնը հայ մասնակիցների՝ Շվեյցարիայում գտնվելու ժամանակը դարձնելու նույնքան արդյունավետ, ինչպես այստեղ էր, և որ այն չլինի վերջինը:
Աշխատանքային համատեղ ծրագրի, փորձի փոխանակման մասին գոհունակությամբ արտահայտվեցին հայկական կողմի համակարգող Նառա Մենդելյանը, կազմակերպիչ Շողակաթ Մլքե-Գալստյանը: Միջազգային ծրագրեր իրականացնելու իր փորձից վերջինս եկել է այն եզրակացության, որ հաջողության հասնելու համար հարկավոր է վերցնել հնարավորինս առավելագույն նշաձող:
Շնորհակալությամբ բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին և աջակիցներին՝ Մկրտիչ Այվազյանը առաջարկեց միջոցառման երաժշտական բավական տպավորիչ ավարտ, մասնակցությամբ «Տիեզերք» դուետի, որը իսկապես հաճելի տրամադրություն, ռիթմ և մթնոլորտ ստեղծեց սրահում:
Մելանյա Բադալյան
Նախագծի մասնակիցներ
Համակարգողներ | |
Շողակաթ Մլքե-Գալստյան | |
Մկրտիչ Այվազյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Դասախոսներ | |
Միշա Լեյներ | Բազելի Դիզայնի դպրոց |
Նարինե Գրիգորյան | Բազելի Դիզայնի դպրոց |
Նառա Մենդելյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Կատերինա Խաչատրյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Ուսանողներ | |
Էվելինա Հալեն | Բազելի Դիզայնի դպրոց |
Լարա Հադդադին | Բազելի Դիզայնի դպրոց |
Զուբին Լակրա | Բազելի Դիզայնի դպրոց |
Ջինյու Լի | Բազելի Դիզայնի դպրոց |
Քեյթլին Քարթեր | Բազելի Դիզայնի դպրոց |
Սունգ Հվա Մուն | Բազելի Դիզայնի դպրոց |
Ջիհյուն Լի | Բազելի Դիզայնի դպրոց |
Ջիհուն Ան | Բազելի Դիզայնի դպրոց |
Շեյն ՄքԼեյն | Բազելի Դիզայնի դպրոց |
Ինեսա Պողոսյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Արման Հարությունյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Հակոբ Մելքոնյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Ալբերտ Բաղդասարյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Սիրանուշ Զուրաբյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Գայանե Այվազյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Լուսինե Սաղաթելյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Գևորգ Օրդակյան | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |