«Հայկական տառարվեստ»
Ուսանողական ցուցահանդես Ազգային գրադարանում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տառարվեստի առարկան ուսուցանվում է արդեն մի քանի տարի։ Ուսանողների առաջընթացն ակնհայտ է, նրանց մասնակցությունը տարբեր, այդ թվում՝ միջազգային մրցույթների, հաջողություններ է արձանագրել: Այս տարի Խարկովում կայացած տառարվեստի ուսանողական միջազգային մրցույթին ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի բաժնի մասնակից ուսանողները շահեցին միանգամից երեք գլխավոր մրցանակները:
Մեր ակադեմիայի և Ազգային գրադարանի համատեղ կազմակերպմամբ նոր «Հայկական տառարվեստ» ցուցահանդեսը՝ ներկայացված գրադարանի նախասրահում, ընդգրկում էր ուսանողական այդ աշխատանքները, նրանց ղեկավար՝ դասախոս Էդիկ Ղաբուզյանի գործերից, ինչպես նաև հանրահայտ բանաստեղծների ալբոմներ, նաև վերջին հարյուր տարիների՝ տառատեսակների քիչ թե շատ տարբերությամբ գրքեր: Ցուցադրությունը ներկայացնող խոսքում Էդիկ Ղաբուզյանը նշեց, որ այդ շրջանում երկու, երեք տառատեսակների առկայությունը գրեթե ոչինչ չէր փոխում: Այս ուղղությունը որոշակի զարգացում ապրեց համակարգչայնացումից հետո, մասնավորապես երբ տպագրական գործը զարգացնելու միտումով ստեղծվեցին հատուկ տառատեսակներ: Նա անդրադարձավ ՀԳՊԱ-ում առարկայի ուսումնասիրությանը, ուսանողների կողմից մշակվող նոր տառատեսակներին, և այն հաջողություններին, որ վերջիններս ունեցել են միջազգային տարբեր մրցույթներում: Իսկ «Գրանշան» միջազգային մրցույթում «Հայկական տառատեսակ» անվանակարգում ժյուրիի հատուկ վերաբերմունքը և ազատ ոճի տառատեսակում մեր ուսանողների երկրորդ մրցանակին արժանանալը առավել է գովելի՝ աշխարհի տարբեր երկրների պրոֆեսիոնալ մասնակիցների մրցակցության պարագայում:
Ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը տառարվեստի մշակույթի զարգացման և տարածման մեջ ակադեմիայի ներդրումը գնահատելով, նկատեց, որ այն կարևոր է ոչ միայն տպագրարվեստի և գրքարվեստի մեջ, այլև դիզայնում, և որ շնորհիվ Էդիկ Ղաբուզյանի, այս ուղղությունը ակադեմիայում մեծ առաջընթաց է ապրում:
Գիրը, տառը որպես բովանդակություն, որպես իմաստ, ոչ իբրև զուտ ձև, գրի ինքնության, անհատականացման մասին էր Ազգային գրադարանի տնօրեն, արձակագիր Հրաչյա Սարիբեկյանի խոսքը, որն այսպիսի ձևակերպում ունեցավ. «Յուրաքանչյուր ազգի գիր ազգի ինքնության դրոշմը ունի: Մարդը դառնում է տառաճանաչ, սկսում է գրել և իր ձեռագրով իր անհատականության, ինքնության դրոշմն է դնում թղթի վրա առաջին անգամ: Երբ տպագիր գիրքը դուրս մղեց ձեռագիր գրքին, թվում էր, թե այդ անհատականության դրոշմը պիտի վերանար: Բայց փառք Աստծո, գեղարվեստը եկավ լրացնելու այդ բացը: Եվ տառարվեստի միջոցով արվեստը կրկին վերադարձվեց տառին: Տառը միայն ձև չէ, տառատեսակների մշակումը լուրջ ուսումնասիրություն է և լուրջ բովանդակություն ունի իր խորքում»:
Մելանյա Բադալյան