«Կարպետի կերպարանափոխումները»
Հնի ու նորի համադրություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի գարնան առաջին ցուցահանդեսային նյութը հայ մշակույթի ավանդական ճյուղերից մեկի՝ գորգագործության ու կարպետագործության զարգացումներն ու նոր մեկնաբանություններն են։ Դեկորատիվ և կիրառական արվեստի այս ուղղությունը արդեն 20 տարի ուսուցանվում է ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղում։ «Կարպետի կերպարանափոխումները» ցուցահանդեսի խորագիրը նշում է դրա հիմնական մոտիվացիան և նպատակը, այն է՝ դարերի ավանդություն ունեցող այս արվեստում ձևավորված զարդանախշերի և գունային համադրությունների նորացումները մոտեցնել ժամանակակից մարդու ճաշակին ու ընկալումներին։ Իհարկե ավանդույթների պահպանումը ենթագիտակցական մակարդակներում արդեն իսկ աշխատում է։ Եվ իսկապես, ցուցադրված գործերում տեսնում ենք զարդանախշային նոր մշակումներ, նոր պատկերաձևեր, գծային կոմբինացիաներ, ավելի մեղմ գույների համադրումներ, ինչը հաճելի և թարմ է ավանդական մեր գորգին, կարպետին սովոր աչքի համար։
Քսան տարիների ընթացքում, ինչպես նշեց Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն Ղազար Ղազարյանը, 210 ուսանող ստացել է մասնագիտական այսպիսի կրթություն, որտեղ մեծ է ավանդը ինչպես տնօրենի, այնպես էլ մանկավարժ, ոլորտի լավագույն գիտակ Հասմիկ Ղազարյանի դերը։
Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը բարձր գնահատեց մասնաճյուղի երկար տարիների գործունեությունը՝ դրվատանքով խոսելով ցուցահանդեսի աշխատանքների մասին։ Ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանն, իր հերթին, ասաց, որ արդեն քանի տարի ավանդույթ է դարձել նման ցուցահանդեսների բացումը պատկերասրահում։ «Ավանդույթների պահպանումը շատ կարևոր է մեզ համար, սակայն կարևոր է նաև զարգացնել և հարստացնել այն, ինչ ունենք»,- նշեց նա: Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Քնարիկ Ավետիսյանը նկատեց, որ ներկայացված աշխատանքները հենց դրա վկայությունն են։ Նրա խոսքով, ցուցահանդեսի ուղերձն է պահպանել ազգային մշակույթի առանձնահատկությունները և նորամուծության տարրեր ներբերել, հնի ու նորի համադրության գեղարվեստական ձևերով փոփոխել և դրանով իսկ հարստացնել անցյալի մեր մշակույթը։ Ավետիսյանը կարևորեց Հասմիկ Ղազարյանի մանկավարժական որակները՝ տարիների մասնագիտական փորձի և գիտելիքների բարեխիղճ փոխանցումը ուսանողներին։ Նա հիշեց ճարտարապետների տանը տեղի ունեցած ներկայանալի ցուցահանդեսը, որտեղ Ղազարյանի սաները տեղում ներկայացնում էին աշխատանքային պրոցեսը։ Հասմիկ Ղազարյանի մասնագիտական որակներին՝ որպես հմուտ գորգագործի, գոբելենի հիմնադրի, տաղանդավոր նկարչուհու անդրադառնալով՝ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանն, այնուամենայնիվ, մանկավարժի նրա տաղանդը առավել ընդգծեց։ «Անհատական ցուցահանդես բացելու բավարար քանակությամբ աշխատանքներ նա ունի անշուշտ, սակայն նրա հիմնական նպատակը ուսանողներին առաջ մղելն է, նրանց մեջ լավագույն որակները զարգացնելը»,- ասաց նա։ Ցուցահանդեսի մասնակից հեղինակները ինչպես ներկայում սովորող, նաև ակադեմիան ավարտածներ են, որոնց հետ կապը պահպանում է մանկավարժը։
Ինքը՝ Հասմիկ Ղազարյանն այսպես է մտածում. «Պահպանեք գեղարվեստական գործվածքը և այն կպահպանի ձեզ։ Գեղարվեստական գործվածքը տեքստիլային այն ծանր դիզայնն է, որ միշտ եղել է հայ ժողովրդի մոտ, նրա կենցաղում։ Մենք ունեցել ենք լավ աշխատանքներ և շարունակում ենք այդ ավանդույթները, վերաիմաստավորում եղածը։ Այստեղ կտեսնեք ազգային օրնամենտներով, սակայն նորովի մատուցված գործեր, ինչը թարմություն է բերում և հետաքրքիր կարող է դիտվել»:
Մելանյա Բադալյան