«Խորհրդավոր ընթրիքը» աշխարհի վերջի մասին տեղեկություննե՞ր է պարունակում
Վատիկանի գիտնականները ճշգրտել են աշխարհի վերջի ժամկետը։ Նրանց հաջողվել է վերծանել Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» ֆրեսկոյում պարունակվող գաղտնագիրը։
«Մոնա Լիզայից» հետո «Խորհրդավոր ընթրիքը» (1495-1498) իտալացի հանճարեղ նկարչի ու գիտնականի ամենահայտնի գործն է։ Իսկ վերարտադրությունների քանակով այն նույնիսկ գերազանցում է «Ջոկոնդային»։ Այնուամենայնիվ, Նոր Կտակարանի կարևորագույն իրադարձություններից մեկը ներկայացնող այս ֆրեսկոյում նկարչի կողմից գաղտնագրված հաղորդագրությունը մինչև օրս վրիպել էր ուսումնասիրողների ուշադրությունից։ Այն հաջողվել է բացահայտել Սաբրինա Սֆորցա Գալիցիային։ Իտալուհին երկար տարիներ ուսումնասիրել է դա Վինչիի ժառանգությունը Կալիֆորնիայի համալսարանում, իսկ այժմ աշխատում է Վատիկանի արխիվներում։
Խորհրդավոր ընթրիքը մանրամասն նկարագրված է Աստվածաշնչում։ Լեոնարդոն պատկերել է այն պահը, երբ Հիսուսը հայտնում է, թե առաքյալներից մեկը դավաճանելու է իրեն։ Ինչպես պնդում է գիտնականը, դա Վինչիի գաղտնագիրը Հիսուսի մեջքի հետևում գտնվող կենտրոնական կիսալուսնաձև վերևամասով պատուհանի մեջ է։ «Այո, դա Լեոնարդո Վինչիի գաղտնագիրը գոյություն ունի,- ասում է գիտնականը։- Սակայն դա Դեն Բրաունի «հայտնաբերածը» չէ։ Պետք չէ մոռանալ, որ մեծ գիտնական և խոր հավատի տեր մարդ լինելով՝ Լեոնարդո դա Վինչին, այնուամենայնիվ, ապրում էր բարդ ժամանակներում, և ստիպված էր գաղտնագրել իր հաղորդագրությունները՝ հնարավոր հետապնդումներից խուսափելու համար»։
Սֆորցա Գալիցիան նշում է, որ կարողացել է համադրել մաթեմատիկական և աստղագուշակական խորհրդանիշները։ Այսպիսով նա պնդում է, որ բացահայտել է դա Վինչիի գաղտնագիրը՝ հիմնվելով ֆրեսկոյում առկա աստղագուշակական բաղադրիչների և լատինական այբուբենի 24 տառերի վրա, որոնք տվյալ դեպքում օրվա 24 ժամն են խորհրդանշում։ Գիտնականը հայտարարում է, որ Ապոկալիպսիսի ճշգրիտ օրը 4006-ի նոյեմբերի 1-ն է։ «Աշխարհը կործանվելու է «մեծ ջրհեղեղից», որն սկսվելու է նույն տարվա մարտի 21-ին։ Սակայն համայն մարդկության համար այս իրադարձությունը վերածննդի հնարավորություն է բերելու, որից հետո «նոր երկիր և երկինք է սկսվելու»,- գիտնականի խոսքերն է մեջբերում բրիտանական «Express» պարբերականը։