
«ԻՏԱԼԵՐԵՆԻ ՇԱԲԱԹ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Սույն թվականի հոկտեմբերի 16-ին «ԻՏԱԼԵՐԵՆԻ ՇԱԲԱԹ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ամենամյա միջոցառման շրջանակում մեր բուհում ներկայացվեց «ԳԻՐՔԸ, ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԸ, ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱԳՈՒՍՏԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ» խորագրով ցուցադրությունը։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Իտալիայի դեսպանատան երեք ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսանողներ ու շրջանավարտներ։
Բուհի պրոռեկտորի ողջույնի խոսքից հետո ուսանողները հյուրերին ներկայացրեցին ցուցադրության նմուշները, որոնց շարքում կային գրաֆիկայի, գեղանկարչության և հագուստի մոդելավորման բաժինների ուսանողների կողմից կատարված աշխատանքներ՝ նկարազարդումներ, մանրանկարներ, հագուստի մոդելավորման ոլորտի տարրեր և այլն։
Ցուցադրված էին նաև Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության կողմից հրատարակված հնագույն գրքեր, ինչպիսիք են՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» 1801թ․ տպագրությունը, «Գեղունի» հանդեսի 1927թ․ տպագրությունը, «Հայկական մատենագրություն» ալբոմի 1966թ․ տպագրությունը, Ջաննի Ռոդարիի գրքի հայերեն թարգմանության նկարազարդումները՝ իրականացված նկարիչ Գրիգոր Աղասյանի կողմից, նույն հեղինակի կողմից արված ճեպանկարների շարքը՝ արված Հռոմում իտալական հանրահայտ «Քաղցր կյանք» ֆիլմի նկարահանումների ժամանակ։
Ցուցադրության շարքում էին նաև Շաբոյանի՝ 2015թ․ Վենետիկում հրատարակված «Վենետիկը՝ հայ նկարիչների աչքերով» և 2019թ․ «Զարե Պրինտ» տպարանի կողմից հրատարակված հայ բանաստեղծների՝ Վենետիկին նվիրված «Վենետիկը մունջ անուրջ․․․» բանաստեղծությունների հավաքածուն։
Ներկայացված հավաքածուի ցուցադրությունից հետո ներկաները շրջայց կատարեցին նախ՝ Գրաֆիկայի բաժնի արվեստանոցում, որտեղ ուսանողները գունավորում էին միջնադարյան շրջանի գրադարանում ձեռագրեր կրկնօրինակող վանականի պատկերով նկարազարդման գծանկարը։
Այնուհետև շրջայցը շարուանկվեց գրաֆիկայի բաժնի տպարան-լաբորատորիայում, որտեղ նույն բաժնի ուսանողները ցուցադրեցին լինոտիպային և օֆորտ մեթոդներով տպագրության գործընթացը։ Վերջինիս ընթացքում ներկայացվեցին 15-16-րդ դարերի իտալացի հանրահայտ տպագրիչ-հրատարակիչների՝ Ալդո Մանուցիոյի և Ուգո Դա Կարպիի ներդրումը հայ տպագրության մեջ։