Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների երկրորդ հաշվետու ցուցահանդեսը
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների տարեվերջյան հաշվետու ցուցահանդեսները լինելով ուսումնական պրոցեսի մաս, ստեղծագործական լիարժեք մոտեցումներ են պահանջում, որի ընթացքում ուսանողն առավել պատասխանատվությամբ է վերաբերվում ձեռք բերած գիտելիքին, փորձին ու հմտությանը և դրանց իրացմանը: Վերջին երկու շաբաթներին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը երկրորդ նմանաբնույթ ցուցահանդեսն է կազմակերպում իր հարկի ներքո. նախորդը՝ դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների աշխատանքներն էին, իսկ այս վերջինը՝ 2-րդ և 3-րդ կուրսեցիների: Երկու ցուցահանդեսներն էլ ներկայացված էին պատշաճ մակարդակով, մատուցված խնամքով ու բարձր ճաշակով, կատարված էր պրոֆեսիոնալ աշխատանք. առաջադրանքին՝ մասնագիտացումներին համահունչ ստեղծագործական մոտեցումով: Այս մասին, ինչպես նախորդ ցուցահանդեսին, այս անգամ էլ գոհունակությամբ արտահայտվեց ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը:
Ցուցահանդեսի աշխատանքների որակի, պրոֆեսիոնալիզմի մասին էր գեղանկարչության ամբիոնի վարիչ Փարավոն Միրզոյանի խոսքը: Իր հիացական վերաբերմունքն արտահայտելով ուսանողների ստեղծագործական եսի ձևավորման հաջող ընթացքի մասին՝ նա խրախուսեց յուրաքանչյուր գործի անհատականությունը, ասաց, որ շատ աշխատանքներ արժանի են միջազգային ուսանողական ցուցահանդեսներում ներկայացվելու: Նման հաջողության պարագայում, մեծ է դերակատարումը ակադեմիայի դասախոսների և իհարկե ակնհայտ՝ բուհի լուրջ վերաբերմունքը կրթության հանդեպ: Նա ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա, թե նման աշխատանքների հանրայնացումը, լոկալ տեսադաշտից դրանք դուրս հանելը, իրազեկել-ներկայացնելը տարբեր բուհերի ուսանողներին, հանրության ավելի լայն շրջաններին, որքան ավելի կխթանի ստեղծագործական ակտիվությունը, միաժամանակ կծանոթացնի ուսուցման այն մակարդակին, այն որակներին, ինչին հասել են ակադեմիայի դասախոսներն ու ուսանողները:
Գծանկարի և գունանկարի ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանը վերստին ընդգծեց տարիներ առաջ ներդրած ծրագրի արդյունավետությունը, թե ինչ հաջողություն է արձանագրում տվյալ բաժնի ուսանողը՝ իր մասնգիտական ասպարեզում կիրառելով գունանկար և գծանկար առարկաներից ստացած գիտելիքը: Խոսելով կոմպոզիցիայի կանոնների մասին, նա նշեց, որ վերածննդից սկսած դրանք գույնի, ֆոնի, հավասարակշռության, հարմոնիայի առումով գրեթե փոփոխության չեն ենթարկվել, և դասախոսներն էլ ջանք չեն խնայում այդ գիտելիքները՝ սկսած վաղ շրջանից մինչև ժամանակակից, մոդեռն արվեստի ուղղություններ, փոխանցելու ուսանողներին. ինչպես կարելի է ժանրային տրանսֆորմացիա կատարել, ասենք նատյուրմորտը մեկնաբանել նորովի, կամ ինչպես պլակատը և կամ վեբկայքի քովերը ներկայացնել որպես կոմպոզիցիոն աշխատանք: Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս ֆակուլտետի ուսանողների մեծ մասը դպրոցից անմիջապես փոխադրվում է ակադեմիա, առանց Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջում սովորելու և կամ գեղարվեստական այլ ուսում ստանալու։ Փաստորեն, նրա խոսքով, ընդմենը 2-3 տարիների արդյունքում ձևավորված գեղարվեստական այսպիսի մոտեցումը ակադեմիայի դասախոսների հետևողական աշխատանքի արդյունքն է:
Շնորհավորելով ուսանողներին՝ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանն ուրախությամբ արձանագրեց այն փաստը, որ հաճախակի դարձած ուսանողական ցուցահանդեսները ստեղծագործական աճի, զարգացման ստուգատես լինելով, միաժամանակ ունեն ազատ մոտեցում, պարտադրանքային չեն՝ նվիրված այս կամ այն առիթի: Դրանք տրամադրվածության և վերաբերմունքի արտահայտություններ են. միտումներ, որ ողջունելի են:
Մելանյա Բադալյան